Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ» ԴԵՄ

Փետրվար 22,2008 00:00

Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն ուղղված նրանց «անձնվեր» ջանքերը ցնցել են ոչ միայն ՀՀՇ-ի ու ՕԵԿ-ի վստահված

անձանց, այլեւ ԵԱՀԿ դիտորդներից ոմանց:

Սկսենք նրանից, որ փետրվարի 19-ին Գյումրիում արձանագրվեց հանրապետության համար ամենախայտառակ փաստը. թիվ 7 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հարձակվեցին եվրոդիտորդների ու նրանց թարգմանչուհու վրա՝ վերջինիս սպառնալով բերանը փակել ու ոչ մի ավելորդ բառ «օտար մարմիններին» չթարգմանել: Ինչպես պատմում են ականատեսները, պատճառն այն էր, որ «անկոչ հյուրերը» ժամանել էին անպատեհ պահի՝ լցոնումներ կատարելու ժամանակ, դա էլ «կատաղեցրել էր» ՀՀԿ-ի երկրպագուներին: Նույն օրը Գյումրիի մեկ այլ ընտրատեղամասում՝ 34/26-ում, որը գտնվում է «Զանգակ» մանկապարտեզում, «չոռնի Անո» մականունով մի կնոջ զայրացրել էր ՕԵԿ վստահված անձ Լաուրա Մարգարյանը, ով հանձնաժողովից պահանջել էր շարժվել օրենքով: Տիկին Մարգարյանը պատմեց, որ վերոհիշյալ տեղամասում քվեաթերթիկները հաշվելու պահին նկատել է, որ ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե անվան դիմաց համապատասխան նշանը դնելով, այլ իր ծննդյան տարեթիվը գրելով, եւ այս քվեաթերթիկը անվավեր չեն ճանաչել: Երբ Լ. Մարգարյանն այս մասին բարձրաձայնել է, «չոռնի Անոն» Աստված է կանչել, թե «ինձ մի քիչ համբերություն տուր, չելնեմ տեղիցս՝ սրան վերացնեմ»: Երեկ Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ՕԵԿ-ի պահանջով իր աշխատանքը սկսեց հենց այս տեղամասի քվեաթերթիկները վերահաշվարկելով: Այդ ընթացքում ՕԵԿ վստահված անձը մեզ բողոքում էր. «Ես այլեւս վստահված անձ չեմ լինի, երեք անչափահաս երեխա ունեմ, հետս մի բան որ լինի՝ ո՞վ նրանց կպահի, անհետ կորած ազատամարտիկի կին եմ եւ շատ եմ վախենում նման կոնֆլիկտներից: Բացի այդ, եթե սա ժողովրդի ընտրությունն է ու ժողովուրդը խոսք չունի, կարծում եմ՝ ամեն ինչ անիմաստ է: Մենք անկախ, ազատ Հայաստանի շղթայված ստրուկներն ենք»,- ասում էր Լաուրա Մարգարյանը, որի իրավացիությունը հաստատվեց քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում: Իմիջիայլոց, ՕԵԿ-ականները 34, 33 եւ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից պահանջել են վերահաշվարկ անել մի քանի տեղամասերում: Նրանք վստահ են, որ Արթուր Բաղդասարյանի քվեաթերթիկների զգալի քանակ գողացել են՝ հօգուտ Սերժ Սարգսյանի, չնայած երեկ ԱԺ ՕԵԿ-ցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ որոշ թաղային հեղինակություններ իրենց վստահված անձանցից երկուսին ահաբեկել ու պարտադրել են բողոքները հետ վերցնել 34 եւ 35 ընտրական հանձնաժողովներից: Այս առիթով ՕԵԿ-ը կդիմի Շիրակի մարզի դատախազություն: ՀՀՇ-ականները եւս վստահ են, որ Լ. Տեր-Պետրոսյանից զգալի ձայներ են գողացել: Նրանք եւս բազմաթիվ բողոքներ են ներկայացրել Շիրակի մարզի բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներ՝ զանգվածային ընտրակաշառքների բաժանման, ընտրատեղամասերի մոտակայքերում ու տեղամասերում առաջացած կուտակումների, ինչպես նաեւ Գյումրիում լցոնման դեպքերի ու բաց քվեարկությունների, իսկ Արթիկում՝ կրկնակի քվեարկության կապակցությամբ:

Առավել արտառոց է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքը՝ ուղղված թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Շահբազյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած դիմում-բողոքներից մեկը մեր ներկայությամբ անմիջապես ուղարկեց Շիրակի մարզի դատախազություն: Բանն այն է, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկի բակում «ռազբորկա» են արել ոչ միայն առաջին նախագահի վստահված անձի, այլեւ տեղի դիտորդներից մեկի հետ: Այս հանձնաժողովին բողոքներ են ուղղվել նաեւ ամենասկանդալային տեղամասից՝ 35/29-ից, որտեղ թե՛ ՕԵԿ-ականների, թե՛ ՀՀՇ-ականների համոզմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Արթուր Բաղդասարյանի ձայներից մոտ երեք հարյուր հատ գողացվել է իշխանական թեկնածուի օգտին: Պարզվում է, այստեղ հանձնաժողովի փաստացի նախագահի դերը կատարել է թաղային հեղինակություն «դեպոյի Սմբոն», նա դեպոյի տնօրենն է եւ որեւէ կապ չի ունեցել հանձնաժողովի հետ, բայց բոլորի աչքի առաջ առաջին նախագահի ու ՕԵԿ առաջնորդի օգտին քվեարկած քվեաթերթիկները «խրձով» վերցրել ու Սերժ Սարգսյանին է «նվիրել»: Տեղեկացնենք, որ այս տեղամասը ամենավերջինը ներկայացրեց քվեարկության արդյունքները հանձնաժողովին: ՕԵԿ վստահված անձանցից մեկն էլ, ում անունը չենք հրապարակում նրա պետական աշխատող լինելու պատճառով, վկայում էր, որ այդպիսի մի «նախագահ» էլ կարգվել էր Սլաբոդկա թաղամասի 6-րդ դպրոցում տեղակայված տեղամասում, խոսքը Գյումրվա «հերոս» Սպարտակ Ղուկասյանի՝ քաղաքապետի՝ բանտից նոր ազատված որդու մասին է: Զրուցակցիս պատմելով՝ վերջինս անընդմեջ հրահանգել է հանձնաժողովի նախագահ Քյուրքչյանին՝ Ս. Սարգսյանի օգտին տեղը-տեղին քանակ ապահովելու եւ խայտառակ չանելու պահանջով: Ավելին, բանտից իրեն վաղաժամկետ ազատելու շնորհակալությունը նա հայտնել է «քանի ես ստեղ եմ՝ հաղթանակը Սերժինը պիտի լինի» արտահայտությամբ ու յուրատեսակ ծառայություններով: Դրանցից առաջինն այն էր, որ քաղաքապետի որդին քվեարկել է հենց այդ տեղամասում, որտեղ իր անունը չի եղել, ապա կլիենտներ է բերել ու այստեղ քվեարկել տվել: Այս տեղամասը մարդկային կուտակումների պատճառով փակվել է 20.08-ին՝ օրենքի խախտմամբ, փակվելուց հետո էլ «քաջ» Սպարտակը ներսում է մնացել ու դիրիժորություն արել, Քյուրքչյանն ու հանձնաժողովի քարտուղարը նրա հետ գլուխ չեն դրել, իսկ վստահված անձինք վախեցել են արձանագրություն գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել