Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Փետրվար 22,2008 00:00

Ճշտումները շարունակվում են

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած տեղեկատվության (Լ. Տեր-Պետրոսյանի վստահված երկու անձինք՝ Արսեն Խանամիրյանը եւ Գարիկ Ղազարյանը 19.02.08թ. առեւանգվել են, տեղափոխվել «Հարսնաքար», ծեծի ենթարկվել եւ շուրջ 1 ժամ պահվել «Հարսնաքարի» նկուղում) կապակցությամբ պարզվել է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից վերոշարադրյալի վերաբերյալ իրավապահ մարմիններին ներկայացված հաղորդումն ու բացատրություններն իրենց բովանդակությամբ էապես տարբերվում են ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությունից: Ավելին՝ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձինք ոստիկանությանը հայտնել են, որ Գարիկ Ղազարյան անուն-ազգանունով վստահված անձ Լ. Տեր-Պետրոսյանը չունի: Այսպես՝ 2008թ. փետրվարի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Ավանի բաժանմունք հեռախոսազանգ է ստացվել ոմն Ռոբերտ Սանոյանից, ով՝ ներկայանալով որպես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի լիազոր ներկայացուցիչ, հայտնել է, որ Ավանի վարչական տարածքում գտնվող թիվ 1/04 ընտրական տեղամասից անհայտ անձինք սեւ գույնի «Ջիփ» ավտոմեքենայով առեւանգել են նշված տեղամասում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Արսեն Խանամիրյանին եւ Գարիկ Ղազարյանին: Ահազանգը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի հրավերով բաժանմունք է ներկայացել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հակոբ Սարգսյանը եւ հայտնել, որ Արսեն Խանամիրյանին թիվ 1/04 ընտրական տեղամասից անհայտ անձանց կողմից առեւանգելու մասին իրենց հայտնել է նրա եղբայրը՝ Արմեն Խանամիրյանը, սակայն որոշ ժամանակ անց Արսեն Խանամիրյանը զանգահարել է եւ հայտնել, որ գտնվում է ընտրական տեղամասում»:

Դիտորդի դեմ

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն ասաց, որ երեկ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի հայցադիմումը Վարդան Սամսոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա («Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»):

Համաձայն ներկայացված հայցադիմումի՝ Վարդան Սամսոնյանը հանդիսանում է «Ազատական եւ ժողովրդավարական» կազմակերպության դիտորդ:

Տեղատեսության չեն գնա

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հիմնականում լսվում էին ինքնակամ կառույցներին, քաղաքացիների սեփականության իրավունքներին առնչվող բողոքներ:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քննության էր դրել, մասնավորապես, Դավիթ Անհաղթի 19/39 շենքի բնակիչ Գայանե Մարկոսյանի վերաքննիչ բողոքը: Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանից խնդրեց բեկանել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 21-ին կայացրած վճիռը: Խնդիրն առնչվում է ինքնակամ կառույցի՝ 7,6 քմ խորդանոցի հետ, որը բողոքաբերը կառուցել է մինչ 1996 թվականը: Հետագայում հայցով դատարան է դիմել հարեւանը, պատճառաբանելով, թե շենքը բազմաբնակարան է եւ խորդանոցի համար անհրաժեշտ էր շենքի բնակիչների համաձայնությունը:

Երեկ տիկ. Մարկոսյանի ներկայացուցիչը առարկեց այս փաստարկի դեմ, դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ բազմաբնակարան շենքերի մասին իրավական փաստաթուղթն ընդունվել է ավելի ուշ: Առաջին ատյանի վճռով որոշվել էր, որպեսզի Գ. Մարկոսյանը քանդի խորդանոցը, քանի որ վերելակից եւ աղբատարից օգտվելու համար դժվարություններ են ստեղծվում: Սակայն, երբ կողմի ներկայացուցիչը հայտնեց դատարանին, թե տեղատեսության միջնորդություն է արվել առաջին ատյանի դատարանում, նախագահող Տ. Սահակյանը հարցրեց. «Ինչ է, դատավորները ա՞ղբ պիտի թափեն, թե՞ վերելակի կողքով անցնեն»: Իսկ պատասխանողի ներկայացուցիչը հակառակ ապացույց չուներ:

Քրեական նոր գործ

ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 7 քրեական գործին ավելացավ եւս մեկը:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի է ենթարկել, մարմնական վնասվածք պատճառել եւ նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 36/34 ընտրական տեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հարություն Ուռուտյանը: Վերջինս ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել