Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ կանոններով «ԳԱԼԱ»-ն եթերազրկում են

Ապրիլ 16,2008 00:00

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տիգրան Սահակյան) մերժեց «ՉԱՊ» ընկերության բողոքը, անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 29-ի որոշումը:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը պահանջում է, որ «ՉԱՊ»-ը հանի իր հեռարձակող ալեհավաքը Գյումրիի հին հեռուստաաշտարակի տանիքից: Գյումրիի քաղաքային իշխանությունները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնքան անողոք են գտնվել հեռուստաընկերության նկատմամբ, որ մերժել են նույնիսկ աշտարակը վարձով տրամադրել ընկերությանը: Գյումրիի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը երեկ վճռից հետո լրագրողներին փորձեց համոզել, որ այստեղ խոսքի ազատության նկատմամբ որեւէ քաղաքական հետապնդում չկա, քանի որ իրենք առաջնորդվում են օրենքի տեսանկյունից: Ըստ նրա, իրենց քաղաքում ապօրինի սարքավորումներ են տեղադրված, մինչդեռ «ԳԱԼԱ»-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում հակադարձեց, որ նախկինում ընկերությունը հարցի վերաբերյալ դիմել է քաղաքապետարան, որտեղ չեն կարողացել նույնիսկ ճշտել, թե ո՞ւմ սեփականությունն է հեռուստաաշտարակը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ միայն այժմ ծագեց հեռուստաաշտարակի օրինականացման խնդիրը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Այժմ մենք սեփականության իրավունքի վկայական ենք ձեռք բերել, գործող օրենսդրության համաձայն՝ դիմել ենք դատարան»: Պաշտոնյան հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին դիմում սեփականության իրավունքի գրանցման վկայականը ստանալու համար: Ա. Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ «ԳԱԼԱ»-ն այս վճռով չի եթերազրկվի. «Առանց աշտարակի՝ այլ տեխնիկական միջոցներ կան, քաղաքում այլ հեռուստաաշտարակներ եւ բարձրահարկ շենքեր կան, կաթսայատների ծխնելույզներում էլ կարելի է անտենա դնել»: «Առավոտի» դիտարկմանը՝ հնարավո՞ր են փոխզիջումներ քաղաքապետարանի կողմից, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, մենք 21-րդ դարում ենք ապրում, քաղաքակիրթ աշխարհի կանոններով պետք է իրականացնենք մեր գործավարությունը, տնտեսական փոխհարաբերությունները, այդ թվում՝ այս դեպքը, քանի որ սա էլ է բիզնես»: Ըստ նրա, վիճահարույց հարցը կարող է լուծվել քաղաքապետարանի հետ փոխհամաձայնության արդյունքում՝ համապատասխան գումարները վճարելու դեպքում:

Կ. Հարությունյանի գնահատմամբ, վճիռը քաղաքական պատվեր է: Նա հայտնեց, որ դիմելու են նախ՝ Վճռաբեկ, ապա Եվրոպական դատարան. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որքան ուժ ունենք»: Քաղաքային իշխանությունների հետ բանակցելը եւ փոխզիջումների գնալը, ըստ տիկին Հարությունյանի, անհնար է, քանի որ իրենցից տարածքը զբաղեցնելու համար պահանջել են ամսական 200 հազար դրամ, որի հնարավորությունը «ՉԱՊ»-ը չունի, իսկ մյուս հեռուստաընկերություններից պահանջել են ընդամենը 120000 դրամ: Կ. Հարությունյանից տեղեկացանք նաեւ, որ սարքավորումները հանելու դեպքում մի քանի օր «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը չի հեռարձակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել