Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

Ապրիլ 26,2008 00:00

Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը երեկ տարածել է հաղորդագրություն, որում նշված է, թե ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշում է կայացրել Գագիկ Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին. «Նշված ակնհայտ ապօրինի որոշումը կայացրել է այն նույն դատավորը, որը 27.02.2008թ., առավոտյան ժ. 05.30-ի սահմաններում, անօրինական որոշում էր կայացրել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին»: Ջհանգիրյանը հրաժարվել է մասնակցել միջնորդության քննությանը. այդ մասին նրա գրավոր դիմումում մասնավորապես ասված է, թե դատավոր Դանիելյանը փետրվարի 27-ին քննության առնելով նախաքննական մարմնի միջնորդությունը եւ «անտեսելով այն, որ իմ գործողություններում իսպառ բացակայել են մեղսագրված հանցակազմերի որեւէ հատկանիշ, որ ես ապօրինի անազատության մեջ եմ գտնվում, ինչպես նաեւ այն, որ բացակայում են իմ նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար օրենքով նախատեսված հիմքերը, այնուամենայնիվ թույլ է տվել օրենքի աղաղակող ոտնահարում եւ ակնհայտ անմեղ անձի նկատմամբ ընտրել է կալանքը որպես խափանման միջոց, ինչն արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է: Ակնհայտ է, որ որոշում կայացնելուց դատավորը առաջնորդվել է ոչ թե օրենքով եւ իրավագիտակցությամբ, այլ դրանց հետ չկապված մեզ համար հասկանալի բոլորովին այլ նկատառումներով: Վստահ եմ, որ այս անգամ եւս դատարանը չի լինելու անկախ եւ անկողմնակալ»: Ապրիլի 22-ին Գագիկ Ջհանգիրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագրերը՝ Գ. Ջհանգիրյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու եւ արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել