Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ն ԱՆՀՆԱՐ Է ԹԱՔՑՆԵԼ»

Հունիս 20,2008 00:00

\"\"Ասում է Դավիթ Շահնազարյանը

«Այն, ինչ իշխանությունները ձեռնարկել են Ազատության հրապարակում՝ ոչ միայն շանտաժ է եւ սադրանք, այլեւ՝ բոլոր միջազգային նորմերի կոպիտ խախտում: Արդեն փորձում են երեխաներով պաշտպանել իրենց ողորմելի էությունը: Խստորեն դատապարտում եմ եւ կզարմանամ, եթե միջազգային հանրությունը դրան չարձագանքի: Դա իշխանության կողմից ստոր քայլ է»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետության գրեթե բոլոր մարզերում ոստիկանները սկսել են «զրույցի հրավիրել» շարժման ներկայացուցիչներին, ակտիվիստներին: «Մեր քաղաքացիներին մեկ անգամ եւս հիշեցնում եմ, որ կա մեկ օրինական ձեւ՝ դա ծանուցագիրն է: Դուք իրավունք ունեք արհամարհել եւ բանի տեղ չդնել նման բանավոր հրավերները: Հանրահավաքը վաղը կկայանա, դա մեր սահմանադրական իրավունքն է, եւ հանցավոր ռեժիմը չէ, որ դա պիտի որոշի»,- քաղաքացիներին կոչ արեց պարոն Շահնազարյանը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ հանրահավաքների ողջ ընթացքում որեւէ տերեւ անգամ չի պոկվել, մինչդեռ իշխանությունները «անընդհատ խախտել են Քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածները, միջազգային պարտավորության բոլոր կետերը»: Բանախոսը ակնարկում է նաեւ, որ ոստիկանության կողմից էլ է նկատվում հարցին ձեւական մոտենալու պահվածք, քանի որ «ոստիկանները հստակ սկսել են հասկանալ, որ իրենք դառնում են գործիք եւ կուժն ու կուլան իրենց գլխին է կոտրվելու. ոստիկանները, իհարկե, պատասխանատու են, բայց առաջին պատասխանատուն հրաման տվողն է»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ այդուհանդերձ, որեւէ երաշխիք չկա, որ «անօրինական հանրահավաք» պատրվակով ոստիկանները չեն փորձի գործողություններ կատարել, հանրահավաքի կազմակերպիչները դա նկատի ունեցե՞լ են եւ պատրա՞ստ են դիմակայելու, պարոն Շահնազարյանն ասաց. «Չկա անօրինական հանրահավաք: Մեր ցույցերը միշտ եղել են եւ կլինեն խաղաղ: Ոստիկանությունը կարող է, իհարկե, Սերժ Սարգսյանի հրահանգով որոշակի պրովոկացիաների դիմել, տեսնենք: Մեր քաղաքացիները բավական հասուն են, որպեսզի չտրվեն պրովոկացիաների: Ես կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի առիթով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովին՝ բանախոսը տարակուսեց, թե «որեւէ մեկը կարող է լուրջ ընդունել նման հանձնաժողովը»: Դ. Շահնազարյանը պնդեց ընդդիմության պահանջը՝ անկախ հանձնաժողովի կողմից միջազգային հետաքննություն անցկացնելու մասին. «Սպանությունների կազմակերպիչներն իրենք իրավունք չունեն նշանակելու քննություն եւ ինչ-որ հանձնաժողով»: Բանախոսը հատուկ ընդգծեց մարտի 1-ի դեպքերի առիթով հանրային հետաքննությունը եւ դրա կարեւորությունը: «Դատախազության եւ Սերժ Սարգսյանի ողջ պահվածքն ու գործունեությունն ուղղված են այդ հանցագործությունները թաքցնելուն»,- կասկած չունի բանախոսը:

Ինչ մնում է միջազգային հանրությանը՝ ի դեմս եվրոպացի պաշտոնյաների, ապա. «Ես չեմ բացառում, որ ԵԽԽՎ ղեկավարությունում կան մարդիկ, որոնք հաճույքով թույլ կտան իրենց խաբել, բայց, այնուամենայնիվ, այդ պատասխանատվությունը կիսում է նույն ԵԽ-ն, եւ այսօր քաղբանտարկյալները ոչ միայն Սերժ Սարգսյանի եւ ՀՀ իշխանությունների կողմից կալանավորված մեր ընկերներն են, այլեւ ԵԽ քաղբանտարկյալներն են»,- կարծում է պարոն Շահնազարյանը: Նրա համոզմամբ, ԵԽԽՎ-ն «ավելի ճիշտ կաներ, եթե գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանն անմիջապես զրկեր ձայնի իրավունքից, հետո նոր երեք ամիս ժամանակ տար: Մենք դեմ ենք տնտեսական պատժամիջոցներին, բայց կողմ ենք քաղաքական պատժամիջոցներին, որովհետեւ դրանք ուղղված են իշխանություններին եւ կոնկրետ անձանց»: Եթե ամառային նստաշրջանում երկարաձգվի Հայաստանին տրամադրված ուղղվելու ժամկետը, Դ. Շահնազարյանի կարծիքով՝ «քաղբանտարկյալներին բանտարկողը կլինի ԵԽ-ն եւ ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել