Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ չորրորդ

ԼԵՆԻՆ ՊԱՊԻՆ ԷԼ

Եվ ես Վահրամին ասացի՝ «հերիք ա Մոցարտի պատճառով իրար նեղացնենք» եւ ժպտալով ավելացրի՝ «քիչ էր մնացել՝ կռիվ անեինք», եւ Վահրամը ժպտաց ու ասաց՝ «կռվից շատ կվախնաս» եւ ավելացրեց՝ «էդ եմիշգլուխներն էնքան սարսափելի չեն՝ ինչքան քեզի կթվա», եւ ես ասացի՝ «ճիշտ չհասկացար», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչը ճիշտ չհասկացա», եւ ես ասացի՝ «քիչ էր մնում՝ ես ու դո՛ւ իրար հետ կռվեինք», եւ Վահրամը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս ոչ առաջին դեպքն է, ոչ էլ երեւի վերջինը կէղնի», եւ ես ասացի՝ «խաղաղությունը լավ բան ա», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «ամեն դեպքում՝ վախդ չափել կուտաս», եւ ես ասացի՝ «վախը մարդո՛ւ համար ա», եւ Վահրամը խորամանկ ժպտաց ու հարցրեց՝ «բայց էդ աղջիկը վո՞վ էր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ աղջիկ», եւ Վահրամն ասաց՝ «էդ եմիշգլուխների հետինը», եւ ես ասացի՝ «չգիտեմ ով ա, բայց իմ ու քո էրեխեքի թայն ա», եւ Վահրամն ասաց՝ «սիրունիկ աղջիկ էր», եւ ես նորից ասացի՝ «մեր էրեխեքի տարիքին ա», եւ Վահրամն ասաց՝ «օր մեր էրեխեքի թայն է, չի կրնա՞ սիրունիկ էղնի», եւ ես ասացի՝ «համ էլ՝ շատ խելոք ա», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչ գիտես խելոք է», եւ ես ասացի՝ «հետը խոսացել եմ» եւ ավելացրի՝ «համալսարանում հետս հանդիպում էր. ամենախելոք հարցերն ինքն էր տալիս», եւ Վահրամն ասաց՝ «երեւի ինքն էր էդ եմիշգլուխներին քաշ տվել բերել Մոցարտի համերգին», եւ ես ասացի՝ «երեւի. ամեն մեկը մեկնումեկին քարշ ա տալի», եւ Վահրամը հարցրեց՝ «կերեւա՝ էսօրվա էս համերգից դժգոհ ես», եւ ես ասացի՝ «էդ համերգից մենակ ձեր վիճաբանությունն եմ հիշում», եւ Վահրամն ասաց՝ «էդ վիճաբանությունը, կէրեւա, վրեդ շատ գեշ է ազդել», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն սովոր եմ. առաջին դեպքը չի», եւ Վահրամը ժպտալով ասաց՝ «երեւի վերջինն էլ չի», եւ ես ասացի՝ «հույս ունեմ՝ վերջինն ա» եւ մի քիչ մտածելուց հետո ավելացրի՝ «էս համերգը երեւի իմ վերջին համերգն էր», եւ Վահրամը քմծիծաղով ասաց՝ «Մոցարտն առանց քեզ դժվար թե դիմանա», եւ ես ասացի՝ «ինքն ամեն ինչին դիմացել ու դիմանում ա», եւ Վահրամն ասաց՝ «լավ է՝ գոնե էդքանը կհասկնաս», եւ ես ասացի՝ «ինքը կենսախինդ, ուրախ ու զվարթ տղա էր», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչ գիտես՝ օր ուրախ ու զվարթ էր», եւ ես ասացի՝ «կինոն տեսել եմ» եւ հիշելով ավելացրի՝ «էդ կինոն իրար հետ ենք տեսել», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կինո», եւ ես ասացի՝ «չես հիշո՞ւմ. աղջկերքի հետ էինք էդ կինոն գնացել», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչ աղջկերք», եւ ես ասացի՝ «էդ աղջկերքից մեկի հետ ուզում էի քեզ ծանոթացնեմ. Ռոզային չես հիշո՞ւմ», եւ Վահրամը հարցրեց՝ «էն գեշո՞ն», եւ ես ասացի՝ «ի՞նչ գեշո. Ռոզան շատ էլ նորմալ աղջիկ էր», եւ Վահրամը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քու հետինդ էր սիրուն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հարեւանի հարսը միշտ էլ սիրուն ա», եւ Վահրամն ասաց՝ «հիշեմ գը. էդ գեշոյի հետ կուզեիր ինձի պսակես», եւ ես ասացի՝ «ի՞նչ պսակել. նոր-նոր պիտի ծանոթանայիք», եւ Վահրամն ասաց՝ «էդիկ մեր թվարկությունից առաջ էր», եւ ես ասացի՝ «հիշեցի՞ր, որ չորսով Մոցարտի ֆիլմն էինք գնացել», եւ Վահրամը հարցրեց՝ «ասածդ ի՞նչ է», եւ ես ասացի՝ «ասածս էն ա, որ էդ օրն է՛լ ինձ խայտառակ արիր», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կինոյի կեսից դուրս էկար», եւ Վահրամն ասաց՝ «էդ կինոն ներվերիս վրա ազդեր գը», եւ ես ասացի՝ «Ռոզան էլ մտածեց՝ իրա՛ն չես հավանել», եւ Վահրամն ասաց՝ «ինքն է՛լ հավնելու բան չէր, բայց ես կինոյի՛ պատճառով դուս էկա. էդ «Ամադեուսը» տեղոց տեղ խայտառակություն էր» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «էդ ռեժիսոր կոչեցյալը Մոցարտին լրիվ խայտառակ էր էրել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու էլ ի՛նձ խայտառակ արիր», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «քեզի լափ էլ տեղն էր», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ ինքը ժպտալով ասաց՝ «ի՞նչըղ էիր մտածել՝ էդ գյոռնափշտիկի հետ ինձի պսակես», եւ ես ասացի՝ «Ռոզան շատ էլ սիրուն աղջիկ էր», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «հա. իշուց քիչըմ սիրուն էր», եւ ես ասացի՝ «քեզնից տասը տարով էլ փոքր էր», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «գյոռնափշտիկի մեծն ու պզտիկն էլ կա՞», եւ ես ասացի՝ «շատ էլ տեսքով՝ տեղը տեղին աղջիկ էր», եւ Վահրամը լրջանալով հարցրեց՝ «իրա մասին ինչի՞ անցյալ ժամանակով կխոսաս. հո չի՞ մեռել», եւ ես ասացի՝ «դու քեզ տես. էդ գյոռնափշտիկը շատ հարուստ ու շատ էլ տեսքով մարդ ա առել», եւ Վահրամը զարմացած ասաց՝ «ի՞նչըղ» եւ ինքն իրեն պատասխանելով ասաց՝ «ճիշտ կըսեն՝ օր սերն աթարին էլ կկպնի», եւ ես ասացի՝ «էդքան Մոցարտին սիրում ես, բայց էդ կինոյի կեսից դուրս էկար», եւ Վահրամը հարցրեց՝ «էդ կինոյի ռեժիսորը վո՞վ էր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆորմանը», եւ Վահրամը հարցրեց՝ «ըդիկ վո՞վ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «աշխարհահռչակ ռեժիսոր ա», եւ Վահրամն ասաց՝ «կրնա աշխարհահռչակ էղնի, բայց զակազ կատարի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ զակազ», եւ Վահրամը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց ու ասաց՝ «ջհուդների զակազը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ՝ մասոնների», եւ երբ սկսեցի ծիծաղել, Վահրամը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ կխնդաս», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ասում են՝ Մոցարտն ինքն է՛լ ա մասոն էղել», եւ Վահրամը սփրթնած հարցրեց՝ «վո՞վ կըսե», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չար լեզուները», եւ Վահրամն ասաց՝ «էդ չար լեզուների ասածը մի՛ կրկնի. լեզուդ կչորնա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կրնա պատահի՝ էդիկ է՛լ ջհուդների ու մասոնների հնարածն էղնի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Վահրամն ասաց՝ «լեզուս չի ֆռռա՝ օր քու ասածդ կրկնեմ», եւ ես ասացի՝ «էդ «Ամադեուսը» շատ էլ ուժեղ ֆիլմ էր», եւ Վահրամն ասաց՝ «տեղոց տեղ սայլուկություն էր. էդ ահավոր հանճարին սավսեմ սայլուկ էին դուս բերել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց դու էդ ֆիլմի կեսն էլ չես տեսել», եւ Վահրամն ասաց՝ «ինչքան օր տեսա՝ հերիք էր» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «էդ ռեժիսորն ու իրա զակազչիկներն ուզեցել էին ցույց տան, օր էդ հսկա հանճարը մեզի պես սովորական սայլուկ է էղել», եւ ես մի քիչ մտածեցի, համարձակվեցի ու ասացի՝ «երեւի ճիշտ են արել», եւ Վահրամը չդիմացավ ու գոռաց՝ «ի՞նչն են ճիշտ էրել», եւ ես ասացի՝ «երեւի ուզեցել են ցույց տան, որ Մոցարտն էլ մեր պես մարդ ա էղել՝ իրա թուլություններով ու ամեն ինչով», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ մեզի պես», եւ ես ասացի՝ «ասում ա, չէ՞. Լենին պապին էլ մանուկ է եղել՝ մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ», եւ Վահրամն ապշահար ինձ նայեց ու հարցրեց՝ «Լենին պապի՞ն ինչ մեղքս էր», եւ ես ասացի՝ «էդ ոտանավորը դպրոցում ենք անցել. չես հիշո՞ւմ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «հիշեմ գը» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ ապուշության հեղինակը վո՞վ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հեղինակին չեմ հիշում, բայց ոտանավորը շատ լավ եմ հիշում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ», եւ Վահրամն ասմունքս ընդհատեց ու գոռաց՝ «վերջացրո՛ւ», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ ես գոռում», եւ Վահրամն ասաց՝ «ի՞նչըղ չգոռամ. թողեմ՝ օր էդ սիֆիլիտիկին Մոցարտի հե՞տ համեմատես», եւ ես ասացի՝ «ոչ մեկին ոչ մեկի հետ չեմ համեմատում. ուղղակի հիշեցի, որ էդ ոտանավորը դպրոցում անցել ենք», եւ Վահրամն ասաց՝ «ամեն ապուշություն հիշես գը», եւ ես ասացի՝ «էդ ապուշությունը, փաստորեն, դու էլ ես հիշում», եւ Վահրամն ասաց՝ «քու ասելուցդ հետո հիշեցի», եւ ես ասացի՝ «կարեւորն էն ա, որ հիշում ես. չես մոռացել» եւ ժպտալով ավելացրի՝ «ուրեմն, մեջդ տպավորվել ա», եւ Վահրամն ասաց՝ «կրնա պատահի. ապուշություն կա՝ օր հիշվի գը», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ա ապուշություն», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ էլ բանաստեղծների՛ խալտուրեն ա. մենակ նկարիչնե՞րն իրավունք ունեն խալտուրա անեն» եւ ժպտալով ավելացրի՝ «Սովետի վախտ մի գլուխ խալտուրա նկարներ էիր անում», եւ Վահրամը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց մենք մեր խալտուրեքը դասագրքերի մեջ չենք խոթել», եւ ես ասացի՝ «էդ մարդն էլ իրա ոտանավորը դասագրքերի մեջ չի խոթել», եւ Վահրամը հարցրեց՝ «կարող ա՞ իրան-իրան է էդ ոտանավորը դասագրքի մեջ հայտնվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ հնարավոր ա, որ էդ ոտանավորի հեղինակը մի օր զարթնել ու տեսել ա, որ իրա էդ ոտանավորը դասագրքի մեջ տպած ա», եւ Վահրամն ասաց՝ «ես ոչ մի անգամ Լենին նկարած չկամ», եւ ես ասացի՝ «ես էլ Լենինի մասին ոտանավոր չեմ գրել», եւ Վահրամն ասաց՝ «բայց ուրիշները գրել են», եւ ես հարցրի՝ «ուրիշները չեն նկարե՞լ», եւ Վահրամը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարելը նկարել են, բայց իրանց նկարած էդ լենինները դասագրքի մեջ չեն խոթել», եւ ես ասացի՝ «լավ էլ խոթել են. սաղ դասագրքերի մեջ Լենինի էդ նկարը կար», եւ Վահրամը հարցրեց՝ «ո՞ր նկարը», եւ ես ասացի՝ «էն՝ որ շաբաթօրյակի գերանն ուսին տանում էր», եւ Վահրամն ասաց՝ «էդ նկարը հիշեմ գը, բայց, ամեն դեպքում, նկարիչների նկարած Լենինն ու պոետների գրած Լենինը սավսեմ տարբեր բաներ են», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ են տարբեր», եւ Վահրամն ասաց՝ «նկարիչները Լենինին պռոստը նկարեն գը՝ իրա պես կոլոտ ու քաչալ, բայց պոետներն իրան մեծարեին գը ու պրոպագանդեին գը», եւ ես ասացի՝ «որ գերանն ուսին բանվորների հետ հավասար աշխատում ա, էդ պրոպագանդա չի՞», եւ Վահրամն ասաց՝ «ոչ մի պոետ Լենինի մասին չի գրել, որ ինքը կոլոտ ու քաչալ ա էղել, բայց նկարիչներն իրան միշտ էլ կոլոտ ու քաչալ են նկարել», եւ ես ասացի՝ «մտածելու բան ես ասում», եւ Վահրամն ասաց՝ «ազատ ժամանակ օր ունենաս՝ կմտածես», եւ ես ասացի՝ «կմտածեմ», եւ ինքն ասաց՝ «մյուս ասածներիս մասին էլ կմտածես», եւ մի քիչ մտածելուց հետո հարցրի՝ «ասում ես՝ ոչ մի անգամ Լենին չես նկարե՞լ», եւ Վահրամը նախ շատ թունդ կարմրեց, հետո մեղավոր ժպտաց ու ասաց՝ «մեղքս ինչ թաքցնեմ. քանիմ անգամ պատահել է», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «բանակ տեղը», եւ ես հարցրի՝ «իրան քաչալ ու կոլոտ ե՞ս նկարել», եւ Վահրամը զարմացած ասաց՝ «որ քաչալ ա էղել, ո՞նց մազով կնկարեի», եւ ես ասացի՝ «հո քաչալ չի՞ ծնվել», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «համենայն դեպս, իրան մազով տենող չի էղել», եւ ես ասացի՝ «իրա էրեխա վախտվա նկարի մեջ լավ էլ խուճուճ մազերով ա», եւ Վահրամն ասաց՝ «ես իրա չափահաս վախտվա պորտրետն եմ նկարել», եւ ես հարցրի՝ «իրան կոլոտ ե՞ս նկարել», եւ Վահրամն ասաց՝ «բոյը չկար. ասում եմ՝ պորտրետ էր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, բոյը թաքցրել ես», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց եմ թաքցրել», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «սերունդներից», եւ Վահրամն ինձ նայեց, խորամանկ ժպտաց ու ասաց՝ «ինչի՞ կհռհռաս. դու էլ վախտին Բրեժնեւ ես նկարել», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «բանակ տեղը» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «բանակ տեղը համ Բրեժնեւ ես նկարել, համ էլ՝ Լենին», եւ ես զարմացած հարցրի՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Վահրամը ժպտալով ասաց՝ «դու ես պատմել», եւ ես մեղավոր ասացի՝ «ուզում էի Բրեժնեւ նկարեմ, բայց չստացվեց», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «ավելի վատ քո՛ւ համար», եւ հիմա արդեն վերստին մտածում ու հասկանում եմ, որ չնայած բանակիս կյանքից մի ամբողջ հատոր արդեն գրել եմ, բայց ահագին բան էլ բաց եմ թողել, եւ Վահրամի հիշեցնելուց հետո հիշեցի, որ բանակում մի քանի անգամ էլ Լենին եմ նկարել, ընդ որում՝ պորտրետ, բայց հիմա ուզում եմ մի քանի բառով հիշել Բրեժնեւ նկարելուս էդ առաջին ու վերջին փորձս, որովհետեւ յոթանասունհինգի ապրիլի ամբողջ երկրորդ կեսին ու մայիսի առաջին շաբաթը գիշերներս ցերեկ արած՝ տքնում ու տանջվում էի Բրեժնեւի էդ դիմանկարի վրա, բայց ոչինչ չէր ստացվում, ավելի ճիշտ, Բրեժնեւի փոխարեն՝ միանգամայն ա՛յլ մարդու դիմանկար էր ստացվում, ընդ որում՝ էդ այլ մարդն ամենից ավելի հենց Բրեժնեւին չէր հիշեցնում, եւ չնայած ֆոտոյից քառակուսիներով մեկին տասնհինգ մեծացրել էի, եւ չնայած հոնքերն ու ամեն ինչ մեկին մեկ արտանկարել էի, այդուհանդերձ, էդ հսկայական պաստառից Բրեժնեւի փոխարեն միանգամայն այլ մարդ էր ինձ թեթեւակի ժպտում, եւ ես տանջալից էդ քսան օրերի ընթացքում մի քանի անգամ ջնջեցի ու նորից սկսեցի, բայց ոչ մի կերպ Բրեժնեւ չէր դառնում, ու կատաղությունից արդեն հեկեկում ու դողում էի՝ ո՛չ էնքան վախից, ինչքան ամոթից, որովհետեւ փոխգնդապետ ու զամպալիտ Կարավանի աչքում իմ նկարչական առասպելն օրեցօր մաշվել եւ ահա՝ փուչիկի պես պայթելու էր, իսկ Բրեժնեւի էդ երեքը մեկուկեսի վրա դիմանկարի վերջին ժամկետը մայիսի յոթն էր, որովհետեւ զամպալիտ ու փոխգնդապետ Կարավանը գնդապետ ու զորամասի պետ Շկարուպետային տղամարդու ու զինվորականի խոսք էր տվել, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի երեսնամյակի առավոտ Լեոնիդ Իլյիչի էդ մեծադիր դիմանկարը պլատցում կախված կլինի, բայց դույն թվականի մայիսի 9-ի էդ առավոտ Շկարուպետան արթնանալով եւ իր բնակարանի պատուհանից Լեոնիդ Իլյիչի դիմանկարի փոխարեն Վլադիմիր Իլյիչի մեծադիր ու լուսաշող դիմանկարը պլատցում կախված տեսնելով՝ անմիջապես կանչել էր տվել Կարավանին ու վրան գոռգոռացել էր էնքան ժամանակ, մինչեւ Կարավանը փրփրակալած Շկարուպետային սառնասրտորեն ու համոզիչ բացատրել էր, որ Վլադիմիր Իլյիչը ո՛չ միայն կոմկուսի, այլեւ սովետական զինված ուժերի ու կարմիր բանակի հիմնադիրն է, եւ զամպալիտի միանգամայն համոզիչ փաստարկներից խեղճանալով՝ Շկարուպետան Կարավանին ասել էր՝ «բայց գոնե մի օր առաջ ինձ տեղյակ պահեիք, որ առավոտ գիշերով անակնկալի չգայի», եւ Կարավանը Շկարուպետայից ներողություն էր խնդրել՝ արդարանալով ու բացատրելով, որ ինքն ընդամենը նախորդ օրն է իմացել, որ ես իր կարգադրությունը սխալ եմ հասկացել, եւ ինձ արդարացնելով՝ Կարավանը Շկարուպետային ասել էր՝ «ես էդ չուրբան Շեկոյանին ասել եմ Լեոնիդ Իլյիչ, ինքը Վլադիմիր Իլյիչ է հասկացել», եւ Կարավանի էդ ասածի վրա Շկարուպետան փորը բռնել, հռհռացել ու ասել էր՝ «բա ինչո՞ւ նախապես ինձ չեք տեղեկացրել. էդ նկարը որ տեսա, քիչ էր մնում ինֆարկտը խփեր», եւ Կարավանը մեղմացած Շկարուպետային պատասխանել ու ասել էր՝ «բայց Վլադիմիր Իլյիչը մեր հարազատ կուսակցության ու մեր երկրի հիմնադիրն է, ընկեր գնդապետ», եւ աժդահա ու բարի Շկարուպետան փորը բռնած հռհռացել ու ասել էր՝ «բան չունեմ ասելու, ընկեր փոխգնդապետ», եւ իրենց էդ խոսակցությունը տոնական շքերթից անմիջապես հետո ինձ բառ առ բառ պատմելով՝ Կարավանն արդեն չէր հիշում, որ դրանից ընդամենը երեք օր առաջ իմ արհեստանոցում ինքն ավելի էր կատաղել ու փրփրակալել երկու Իլյիչների էդ անակնկալ փոխատեղման կապակցությամբ, եւ երբ իրեն երկարբարակ համոզում էի, որ Բրեժնեւի էդ դիմանկարից ձեռ քաշի, ինքը կատաղած գոռաց՝ «միայն դիակիս վրայով», եւ երբ իրեն բացատրեցի ու ասացի, որ ինչքան փորձել եմ՝ նման չի ստացվել, ինքը կատաղած գոռաց՝ «բա ուրիշները ո՞նց են նման նկարում», եւ ես հարցրի՝ «ո՞վ է նման նկարել, ընկեր փոխգնդապետ», եւ կասկարմիր Կարավանը գոռալով պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ քո զեմլյակը», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ զեմլյակ», եւ Կարավանն ասաց՝ «Դմիտրի Նալբանդյանը», եւ ես ասացի՝ «Դմիտրի Նալբանդյանը պրոֆեսիոնալ նկարիչ է, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանն ասաց՝ «որ նկարչի էս պաշտոնն առաջարկեցի քեզ, է՛ն ժամանակ պիտի ասեիր, որ պրոֆեսիոնալ չես», եւ ես արդարանալով ասացի՝ «էն ժամանակ չգիտեի, որ պիտի Բրեժնեւ նկարեմ», եւ Կարավանն արհամարհական ասաց՝ «միգուցե մտածել ես՝ Հիտլերի՞ն պիտի նկարես», եւ ես կմկմալով ասացի՝ «ոչ մի կերպ նման չի ստացվում, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանն ասաց՝ «իսկական նկարիչն ամեն ինչ պարտավոր է նկարել», եւ ես ասացի՝ «չորս տարբերակ նկարել եմ, բայց ոչ մեկը նման չի ստացվել», եւ Կարավանն ասաց՝ «էդ տարբերակներից մեկը ցույց տուր՝ տեսնենք ի՞նչ է ստացվել», եւ ես ասացի՝ «բոլորն էլ ջնջել եմ», եւ Կարավանը գոռաց՝ «առանց ինձ ցույց տալու ինչո՞ւ եք ջնջել, շարքային Շեկոյան», եւ ես ծիծաղս չկարողացա զսպել եւ ծիծաղելով ասացի՝ «մտածեցի՝ կվախենաք, ընկեր փոխգնդապետ», եւ կարմրած ու փրփրակալած Կարավանը զզվանքով ինձ նայեց ու գոռաց՝ «չես էլ ամաչում՝ հռհռում ես», եւ ես ասացի՝ «ներողություն, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը հոգոց հանեց ու ասաց՝ «ես էլ քո պատճառով հրամանատարից պիտի ներողություն խնդրեմ. էդ մասին մտածե՞լ ես», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու նորից ասացի՝ «ներողություն, ընկեր փոխգնդապետ», եւ ինքը հարցրեց՝ «ասում ես՝ բոլոր տարբերակները ջնջե՞լ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ճիշտ այդպես, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը հարցրեց՝ «բա նոր տարբերակ չես սկսե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սկսել եմ. արդեն վերջացնելու վրա եմ», եւ Կարավանը հույսով նայեց ինձ ու ասաց՝ «քեզանից սատանան անգամ գլուխ չի հանի. բա նոր ասում էիր՝ ջնջել եմ», եւ ես ասացի՝ «հինը ջնջել եմ, բայց նորն արդեն ավարտում եմ», եւ Կարավանը ոգեւորված ասաց՝ «գնանք տեսնենք», եւ ես ասացի՝ «ճիշտն ասած, մտածում էի՝ լրիվ ավարտեմ, նոր ձեզ ցույց տամ», եւ Կարավանն ուսիս թփթփացնելով ասաց՝ «գնանք. գնանք տեսնենք», եւ ես ակումբի կուլիսներով փոխգնդապետին ուղեկցեցի բեմ, որի հատակին փռված էր Վլադիմիր Իլյիչի դեռեւս անավարտ, բայց չափազանց հաջող ու չափազանց ազդեցիկ դիմանկարը, եւ երբ Կարավանն ու ես էդ հսկայական կտավը բարձրացրինք ու դեմ արինք բեմի հետնապատին, եւ երբ զամպալիտ Կարավանը մի քանի քայլ հետ գնաց, եւ երբ արդեն բեմի բոլոր լույսերը վառել էի, տեսա՝ ինչպես փոխգնդապետը մեկից սփրթնեց, մինչդեռ Վլադիմիր Իլյիչի առանց էդ էլ լուսավոր ճակատն էդ հավելյալ լույսերից ավելի էր շողշողում, բայց փոխգնդապետի գույնն ահագին ժամանակ նույնն էր, եւ սփրթնած Կարավանը չհասկանալով իրողությունը՝ սարսափահար ինձ նայեց ու գոռաց՝ «էս ի՞նչ ես արել, ա՛յ տղա», եւ ես հայացքս իր սարսափազդու հայացքից փախցնելով ասացի՝ «մյո՛ւս Իլյիչին եմ նկարել, ընկեր փոխգնդապետ», եւ սփրթնած Կարավանն ինձ զզվանքով նայեց ու ասաց՝ «կույր չեմ. տեսնում եմ» եւ որոշ դադարից հետո նորից գոռաց՝ «ձեզ ո՞վ է խնդրել, որ մյուս Իլյիչին նկարեք, ընկե՛ր Շեկոյան», եւ ես գլուխս կախելով ասացի՝ «էն մյուսը ոչ մի կերպ չէր ստացվում, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը խորը շունչ քաշեց ու ասաց՝ «որ մյուսը չէր ստացվում, պարտավոր էիք ինձ զեկուցել, շարքային Շեկոյան», եւ ես առանց գլուխս բարձրացնելու ասացի՝ «մտածեցի՝ Լենինին նկարելն ավելի ճիշտ է», եւ Կարավանն արհամարհանքով ինձ նայեց ու ասաց՝ «փաստորեն, իմ փոխարեն քաղաքական որոշումներ եք կայացնում, շարքային Շեկոյան», եւ ես գլուխս կախ ասացի՝ «մտածեցի՝ գոհ կմնաք, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանն անսպասելի ծիծաղեց ու ասաց՝ «շատ գոհ եմ, որ Հիտլերին չես նկարել» եւ իր ասածի անհեթեթությունն զգալով՝ անմիջապես լրջացավ ու ավելացրեց՝ «ինձ որ մնա՝ Վլադիմիր Իլյիչի տարբերակը շատ էլ ճիշտ է, մանավանդ որ՝ լավ էլ նման է ստացվել», եւ ես սրտապնդվելով ասացի՝ «Վլադիմիր Իլյիչին աչքերս փակ էլ կարամ նկարեմ, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտաց ու ասաց՝ «աչքերը մի քիչ կբացես», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ աչքերը», եւ Կարավանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «առաջնորդի՛», եւ ես ուրախացած գոռացի՝ «ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտալով ասաց՝ «մի քիչ շեղաչ է ստացվել», եւ ես ինքնագոհ ասացի՝ «ինքը շեղաչ էր. որ աչքերը մեծացնեմ, նմանությունը կպակասի», եւ Կարավանը մի քիչ մտածեց ու ըմբռնումով ասաց՝ «դե լավ. դու գիտես» եւ արդեն ներողամտորեն ինձ ժպտալով հարցրեց՝ «հիմա ե՞րբ ենք էս պորտրետը պլատցում կախում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ ավարտեմ՝ կկախենք», եւ Կարավանն ապշահար ինձ նայեց ու հարցրեց՝ «սա անավա՞րտ է», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դեռ ահագին մանրմունր բաներ կան», եւ Կարավանը հարցրեց՝ «ե՞րբ վերջնական պատրաստ կլինի», եւ ես ասացի՝ «երեւի վաղը», եւ Կարավանը հարցրեց՝ «այսինքն, վաղն արդեն կարո՞ղ ենք կախել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի օր էլ թողնենք՝ թող մի քիչ չորանա», եւ Կարավանն ասաց՝ «կարող ենք պլատցում կախել՝ թող հենց տեղում էլ չորանա», եւ ես ասացի՝ «ճիշտն ասած, ուզում եմ սյուրպրիզ անենք, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը հարցրեց՝ «է՞լ ինչ սյուրպրիզ ես որոշել անել», եւ ես ասացի՝ «ուզում եմ մայիսի ութի գիշերը կախենք, որ իննի առավոտ լրիվ նորություն լինի» եւ ինքնավստահ ավելացրի՝ «կարծում եմ՝ էդպես ավելի ճիշտ կլինի», եւ Կարավանը գոհունակությամբ ասաց՝ «թող էս անգամ է՛լ քո ասածով լինի, Շեկոյանչիկ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ամեն անգամ քեզ ենք հարմարվում», եւ ես ասացի՝ «շնորհակալություն, ընկեր փոխգնդապետ», եւ ինքը մտահոգ նայեց ինձ ու ասաց՝ «շնորհակալությունը շնորհակալություն, բայց մտածում եմ՝ հրամանատարի առաջ ո՞նց ենք արդարանալու. չէ՞ որ՝ ինքը մեզնից Լեոնիդ Իլյիչ էր պահանջել», եւ ես արդեն իր էդ հարցին պատրաստ էի եւ առանց մտածելու պատասխանեցի ու ասացի՝ «հրամանատարին կասեք, որ դուք ինձ Լեոնիդ Իլյիչ եք հանձնարարել, բայց ես Վլադիմիր Իլյիչ եմ հասկացել», եւ Կարավանը մի քիչ մտածեց, ժպտաց ու ասաց՝ «տրամաբանական է», եւ ես ասացի՝ «էնքանով է տրամաբանական, որ Վլադիմիր Իլյիչն իսկապես մեր պետության ու կուսակցության անփոխարինելի առաջնորդն է», եւ Կարավանը ժպտաց ու ասաց՝ «շա՜տ ուժեղ դեմագոգ ես, հա՜», եւ ես հարցրի՝ «սխալ ե՞մ ասում», եւ Կարավանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դեմագոգները երբեք սխալ բան չեն ասում ու հենց դրանով են վտանգավոր», եւ ես ասացի՝ «կամ էլ պիտի հրամանատարի մոտ խոստովանեք, որ չեմ կարողացել Բրեժնեւին նկարել», եւ Կարավանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն լրիվ անցանկալի տարբերակ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ինձ է՛լ ես դեմագոգիայի մղում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ուրիշ ճար չունենք, ընկեր փոխգնդապետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել