Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը պաշտպանության կարիք չունի

Դեկտեմբեր 02,2008 00:00

Կարծում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Արդեն քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համառ ջանքերի շնորհիվ շուտով պաշտոնանկ են անելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Իսկ պատճառն այն է՝ իբր սրբազանը զբաղվում է քաղաքականությամբ, ընդդիմադիր հայացքներ ունի եւ սատարում է հացադուլավորներին։ Ըստ «Առավոտի» աղբյուրների, այս ամենը միտումնավոր կերպով աղավաղված է ներկայացվել իշխանական վերնախավին, որն էլ կաթողիկոսին հրահանգել է հապշտապ ազատվել «անհնազանդ» հոգեւորականից։ Իսկ այս մտադրությունն այնպիսի մեծ աղմուկ է բարձրացրել Շիրակի մարզում, որ հանգստյան օրերին անգամ ժողովներ, հանդիպումներ ու թոք-շոուներ էին կազմակերպվում։ Գյումրեցի հավատացյալների փոխանցմամբ, կիրակի օրը՝ պատարագի ժամին, ամբողջ Գյումրին լցվել էր Ս. Աստվածածին եկեղեցին՝ ի պաշտպանություն սրբազանի ստորագրահավաք կազմակերպելու։ Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանն էլ, տեսնելով ժողովրդի ցասումը, եկեղեցում նրանց առջեւ չքմեղացել է. «Ես ի՞նչ եմ արել սրբազանին»: Նույն օրը Գյումրիի մտավորականներից բաղկացած պատվիրակությունը՝ թվով 12 հոգի, հանդիպել է կաթողիկոսին, հորդորելով չքաղաքականացնել եկեղեցին ու վերջ դնել այս ինտրիգներին։ Թեմի պատվիրակության անդամներից մեկի խոսքերով. «Ով նեղության մեջ է՝ սրբազանը հասնում է, ով հիվանդ է՝ սրբազանը գլխի վերեւում կանգնած է»։

Նրանք մե

զ հետ զրույցում պատմեցին, որ յուրաքանչյուր ելույթից հետո Վեհափառը խնդրել է փոխել թեման՝ այն փակված համարելով ու ասելով, որ սրբազանը պաշտպանության կարիք չունի: Վեհափառը պատվիրակությանը նաեւ խնդրել է նպաստել Շիրակի թեմում խաղաղության հաստատմանը ու ավելի չթեժացնել իրավիճակը։ Կաթողիկոսը նաեւ հասկացրել է, որ կոնֆլիկտի թեժացման դեպքում սրբազանին կփոխեն։ Մասնակիցներից մեկի՝ ԱԺՄ կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի խոսքերով, իրենց այցը շատ անհրաժեշտ էր, քանի որ «կաթողիկոսը դեռ մանրամասն տեղյակ չէր իրականությանը»։

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի ներկայացմամբ՝ իրենք կփորձեն ենթարկվել Վեհափառի հորդորին. «Համենայնդեպս, ես կարծում եմ, որ սա փոքր վրեժ է. քաղաքապետը իր շրջապատին ուզում է ապացուցել, որ ով իր հետ չէ, իրեն չի սատարել՝ ուրեմն իր թշնամին է: Եվ սա, ըստ իս, ոչ թե թեմի առաջնորդի դեմ է ուղղված, այլ ավելի շատ քաղաքապետի կողքի մարդկանց, որոնց նա հասկացնում է. ով կհամարձակվի իր դեմ դուրս գալ՝ այսպիսի լուրջ խնդիրներ կունենա։ Վարդան Ղուկասյանը «ԳԱԼԱ»-ի հետ պատերազմում տանուլ տվեց ու խայտառակ պարտությունից հետո, բնականաբար, ձգտում էր շրջապատին ինչ-որ բաներ ապացուցել։ Բայց վստահ եմ, որ էս դեպքում էլ գյումրեցիներն են հաղթելու»: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց. «Իշխանությունը չպիտի թափանցի եկեղեցու գործերի մեջ, թեմի առաջնորդը չպիտի փոխվի ու վերջ: Սա մենք թույլ չենք տալու։ Դարեր շարունակ թագավորներն են կաթողիկոսի մոտ խորհուրդ հարցնելու գնացել եւ ոչ թե հակառակը։ Թեմի առաջնորդը ոչ միայն կարգին հոգեւորական է, այլեւ կարգին մարդ, նա ակտիվ քաղաքացի է, եւ մենք՝ Շիրակի մարզի հավատացյալներս, նրանից գոհ ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել