Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Դեկտեմբեր 02,2008 00:00

Իսկ մարզպետարանների ՏԻՄ հարցերով զբաղվող բաժինների աշխատանքը մնում է «անշոշափելի»

«Առավոտը» դեռեւս 5 ամիս առաջ գրավոր դիմել էր մի քանի գյուղապետերի՝ խնդրելով հունվարի 1-ից մինչեւ հարցումը կայացրած օրը իրենց տրամադրել ավագանիների բոլոր որոշումների պատճենները:

Արմավիրի մարզի Դալարիկի եւ Ապագայի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի, Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետերն այնքան «գաղտնապահ» գտնվեցին, որ նրանց ստիպված երկրորդ անգամ ենք նամակ ուղարկել, նույնիսկ զանգել ենք: Բայց՝ անօգուտ, նրանք դարձյալ, ոտնահարելով Սահմանադրության եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, որոշումները չտրամադրեցին: Դեռեւս օգոստոսի 25-ին Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը մեզ գրավոր պատասխանել էր, որ իրենց ավագանու որոշումների մասին կարող ենք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքէջում, մինչդեռ այդպիսի որոշումներ կայքում այդպես էլ չգտանք, իսկ նա այդպես էլ մնաց իր որդեգրած փակ աշխատանքին հավատարիմ: Սա այն դեպքում, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեռեւս տարեսկզբին հպարտանում էր, որ իր մարզը հանրապետությունում միակն է, որտեղ համայնքապետերը հաշվետվություն են տալիս իրենց ընտրողներին բյուջեի կատարողականի ու անելիքների մասին: Եթե մարզպետը իր հպարտանալու գոնե կեսով չափ հետամուտ լիներ գյուղապետերի աշխատանքին, կնկատեր, որ շատ գյուղերում բնակչությունը տեղյակ չէ, թե ինչպիսի «կարեւորագույն» հարցերով են զբաղված համայնքապետերն ու ավագանիները: Կարող ենք միայն ենթադրել, որ կա՛մ մարզպետն է ինքն իրեն խաբում, որ մարզում ամեն ինչ լավ է, կա՛մ էլ իրեն են խաբում. այլապես գյուղապետը «թաքուն» չէր պահի որոշումները:

Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետ Հրաչիկ Ավագյանի նամակին նույնպես մնացինք սպասող:

Ավագանու որոշումները թեեւ ուշացումով, բայց ուղարկել են միայն Գեղարքունիքի մարզի Նորաշենի եւ Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետերը: Քանի որ մեր երկրում համայնքապետերի համար ձեւական բնույթ է կրում «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 12.1 հոդվածը, այն է՝ «Ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը…», ուստի այս երկու համայնքների բնակչությանը մեր թերթի միջոցով կտեղեկացնենք, թե ավագանին ինչպիսի խնդիրներ է լուծել իրենց համայնքների համար:

Երկու համայնքներում էլ այս տարվա անդրանիկ նիստը վերաբերել է համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի չափին: Նորաշենում այդ նիստով հաստատել են նաեւ 2008-ի բյուջեն: Իսկ Ոսկեվազում ավագանին հաստատել է տեղական տուրքերի եւ վճարների, հողամասերի վարձակալության տրամադրման, օտարման եւ կառուցապատման հարցերը: Այս հարցով Նորաշենում հիշել են միայն արոտավարձի մասին, իսկ այլ տուրքերը մոռացվել են: Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի ամսական աշխատավարձը սահմանվել է 150 հազար դրամ, տեղակալինը՝ 110 հազար: Ոսկեվազում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել գյուղապետարանի եւ մշակույթի տան պահակների եւ հավաքարարների աշխատավարձերի հարցում՝ գյուղապետարանում աշխատողները ստանում են 35 հազարական դրամ, իսկ մշակույթի տան աշխատողները՝ 25 հազարական:

Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանի համար ավագանին հաստատել է 95 հազար դրամ աշխատավարձ, տեղակալի համար՝ 50 հազար: Եթե Ոսկեվազի համայնքապետի աշխատավարձի զեկուցողը եղել է գլխավոր հաշվապահը, ապա Նորաշենում գյուղապետն անձամբ է իր մասին հոգացել: Ըստ հաստիքացուցակի, այս գյուղում պետք չեն եկել ոչ հավաքարարի, ոչ էլ պահակի ծառայությունները: Նշենք, որ օրենքի կոպիտ խախտումներով են կազմվել նաեւ ավագանու նիստերի արձանագրությունները: Մասնավորապես, բացի 2-րդ արձանագրությունից, որտեղ քննարկվել է 2007-ի բյուջեի կատարողականը, Նորաշենում այլ նիստերի ժամանակ չի նշվել, թե ավագանիներից քանիսն են կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկել: Նիստին մասնակից ավագանիների անունները նույնպես չի նշվում, հիշատակված է միայն արտահայտվողների անունները՝ 3 հոգի եւ բոլոր նիստերում էլ նույն մարդիկ: Ոսկեվազում նշված է միայն նիստի մասնակիցների անունները, իսկ քվեարկության արդյունքները դարձյալ անորոշ են: Ոսկեվազի ավագանու 3-րդ նիստի օրակարգի 5-րդ կետը վերաբերում է համայնքի բյուջեում փոփոխություն կատարելուն, սակայն այս կետի «ճակատագիրը» մնում է անհայտ եւ կորչում է որոշման հատվածում: Այդպես էլ չի երեւում՝ արդյո՞ք ավագանին հարցը դրել է քննարկման, եթե ոչ՝ ապա ի՞նչ պատճառով: Այստեղ մոռացվել է նաեւ բյուջե 2007-ի կատարողականը, մանրամասն չի նշվում նաեւ, թե ինչ միջոցներով է գոյանալու 2008-ի բյուջեն: Ուշագրավ է, որ Ոսկեվազի կենտրոնում կառուցված հուշաղբյուրի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է 1մլն 700 հազար դրամ:

Այլ համայնքների կանդրադառնանք առաջիկայում, իսկ խուսանավող գյուղապետերին հիշեցնում ենք, որ «Առավոտը» պատրաստակամ է իրենցից ստանալ որոշումների պատճենները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել