Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային դետեկտիվը շարունակվում է

Դեկտեմբեր 02,2008 00:00

\"\"Անգամ բրազիլական եւ մեքսիկական սերիալները ինչ-որ ժամանակ ավարտվում են: Սակայն հայկական ֆուտբոլում սկանդալների վերջը դեռ չի երեւում:

«Արարատը» պատրաստվում է առաջիկա օրերին դատախազություն հայց ներկայացնել ընդդեմ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:

Ուրբաթ օրը ակումբի ղեկավարների հրավիրված մամուլի ասուլիսում, որին ներկա է եղել նաեւ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը, ակումբի գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովը լրագրողներին հայտարարել է, թե նոյեմբերի 15-ին Հայաստանի առաջնության 28-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանի տղաներն իրեն տարել են անհայտ մի վայր, որտեղ ինչ-որ շինարարական աշխատանքներ էին կատարվում: Հետո եկել է ՀՖՖ նախագահը եւ թիկնապահների ներկայությամբ իրեն վիրավորել է եւ 2-3 անգամ հարվածել:

Հետաքրքիր է, որ լրատվամիջոցները նման տեղեկատվություն ժամանակին ունեցել են: Եվ երբ դրա հավաստիությունը ճշտելու նպատակով այդ օրերին դիմել են նույն Վարուժան Սիմոնովին, նա հերքել է Ռուբեն Հայրապետյանի հետ ընդհարում լինելու փաստը՝ ասելով, թե կատարվածը թյուրիմացություն է: Ստացվում է, որ պարոն Սիմոնովի հիշողությունը պայծառացել է մոտ երկու շաբաթ անց, իսկ ակումբի նախագահի հավաստմամբ՝ անգամ ապացույցներ կան եւ «ֆեդերացիայի նախագահը պետք է կրի իր պատիժը»,- ասուլիսում վստահեցրել է Հրաչ Կապրիելյանը:

«Առավոտը», առաջնորդվելով կողմերի արտահայտվելու հավասարության իրավունքը պաշտպանելու սկզբունքով, հարցի շուրջ մեկնաբանություններ խնդրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից: «Ես ստախոսների, հերյուրանքներ տարածողների բարբաջանքները մեկնաբանել չեմ պատրաստվում,- ասաց նա:- Նման բան չի եղել: «Արարատ» ակումբը, բոլորը գիտեն, անկախ Հայաստանի պատմության ընթացքում միշտ էլ խնդիրներ է ունեցել ֆուտբոլի ֆեդերացիայի, հատկապես, ֆեդերացիայի նախագահների հետ եւ պարբերաբար հանդես եկել սադրիչ հայտարարություններով: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ բոլորը սխալ լինեն եւ միայն իրենք՝ արդար: Աջ ու ձախ ցեխ շպրտելու որդեգրած քաղաքականությունից, ինչպես երեւում է, նրանք չեն հրաժարվել:

Եթե նման բան եղած լիներ, ինչին, հավանաբար, անհամբերությամբ են սպասում, վստահ եմ, նույն օրը մեծ աղմուկ կբարձրացնեին, այլ ոչ թե երկու շաբաթ կսպասեին: Ամենուր անկայունություն տարածելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ «Արարատ» ակումբը զբաղվեր իր ներքին ինքնակառուցվածքները կարգի բերելով, մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելով»:

Արարատ Ճաղարյանը «ոսկե հանդիպման» գլխավոր մրցավար դարձել է վիճակահանությա՞մբ, թե՞ նշանակումով՝ մեր հարցին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը պատասխանեց. «Նշանակումով: Հաշվի է առնվել, որ նա ՖԻՖԱ-ի մրցավար է, ունի փորձ, վճռական է եւ չի ենթարկվում ճնշումների: Բացի դա, նա առաջնության վերջին հանդիպումը նույն «Արարատ» եւ «Փյունիկ» թիմերի մասնակցությամբ անցկացրել է բարձր մակարդակով՝ թույլ տալով հնարավոր նվազագույն սխալներ: Դրա համար էլ որոշվեց այդ պատասխանատու հանդիպման սպասարկումը վստահել նրան»:

Իսկ որակազրկված ֆուտբոլիստների պատիժը չեղյալ հայտարարելու իրավունք կա՞ր՝ հարցին Արմեն Մինասյանը պատասխանեց. «Մրցումների անցկացման կանոնակարգով հնարավոր չէ կանխատեսել, որ «ոսկե խաղ» անցկացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ: Սակայն այդ կանոնակարգը հաստատող եւ առաջնությունը կազմակերպող ու անցկացնող ֆեդերացիայի գործկոմը եւ նախագահը կանոնադրությամբ նման լիազորություններով օժտված են, եթե խնդիրը վերաբերում է զուտ մարզական նկատառումներին: Եթե ֆուտբոլիստն ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղացել է իր թիմի կազմում, կոպիտ խախտումներ չի արել եւ «կարմիր քարտ» չի ստացել, բայց որակազրկվել է «դեղին քարտերի» պատճառով, ճակատագրական նշանակություն ունեցող խաղերի ժամանակ բացառության կարգով նրան կարելի է հանդիպմանը մասնակցելու եւ հաղթանակը թիմակիցների հետ լիարժեքորեն վայելելու հնարավորություն ընձեռել: Նման օրինակի լավագույն դրսեւորում է հենց այս տարի կայացած Եվրոպայի առաջնությունը, որտեղ ՈՒԵՖԱ-ի գործկոմը որոշել է կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումների համար չեղյալ հայտարարել «կարմիր քարտ» չստացած, այլ «դեղին քարտերի» պատճառով որակազրկված ֆուտբոլիստների պատիժը: Եվ մի բան էլ: Այս հարցը «Արարատ» ակումբը շատ է շահարկում, գուցե, հույսը դնելով ֆուտբոլասերների անտեղյակության վրա: Նույն այդ ակումբը դեռ մրցաշրջանի սկզբում մի քանի անգամ, այդ թվում նաեւ գրավոր, դիմել է ֆեդերացիային՝ անցած տարի եւ այս մրցաշրջանում որակազրկված իր մի քանի ֆուտբոլիստների պատիժը մեղմելու խնդրանքով: Եվ ֆեդերացիան ու նախագահը ընդառաջ են գնացել: Ի՞նչ է, նրանց համար ամեն ինչ կարելի է, մյուսներին ո՞չ: Լավ չեն վարվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել