Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄ`«ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 03,2008 00:00

  Գործարանի սեփականատիրոջ հավաստմամբ, իրենց արտադրանքի գինը միջազգային շուկայում նվազել է 2 անգամ, ինչի հետեւանքով էլ ստիպված են իրենց գործունեությունը դադարեցնել:

Դեկտեմբերի 1-ից «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության 800 աշխատակցից 350-ը անցել է հարկադիր պարապուրդի: Գործարանի ղեկավարությունը կայացրել է այս որոշումը, քանի որ արտադրանքի իրացման խնդիր է առաջացել: Բանն այն է, որ «Վանաձոր-Քիմպրոմի» հիմնական արտադ րանքի 95%-ը արտահանվում է, իսկ միջազգային շուկայում առաջացած ճգնաժամի հետեւանքով այդ արտադրանքի գինը նվազել է մի քանի անգամ եւ նախկին ծավալներով արտադրության կազմակերպումը գործարանի սեփականատերը համարում է տնտեսապես ոչ շահավետ: «Առավոտի» հետ զրույցում «Վանաձոր-Քիմպրոմի» սեփականատեր Ալեքսանդր Սնեգիրյովն ասաց, որ, ըստ նախնական պլանավորման, պարապուրդը կտեւի մոտ 2-3 ամիս. «Համաշխարհային ճգնաժամը մեծ դժվարությունների առաջ է կանգնեցրել նաեւ մեզ: Մեր հիմնական արտադրանքի՝ կարբիդի եւ կորունդի (կարծր հանքանյութ) 95%-ն արտահանում էինք Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լիբանան եւ այլ երկրներ, ու միայն 3%-ն էր իրացվում ներքին շուկայում: Տնտեսական ճգնաժամի հետեւանքով մեր արտադրանքի գինը միջազգային շուկայում նվազել է 2 անգամ, եւ մենք պարզապես ստիպված էինք հրաժարվել արտահանումից: Այս պարագայում մենք չենք կարող ապահովել ոչ միայն մեր արտադրանքի ինքնարժեքը, այլ նույնիսկ հումքի արժեքը: Այս ամենից ելնելով՝ որոշում է ընդունվել եւ մեր աշխատանքները դադարեցրել ենք»: Մեզ հետ զրույցում Ա. Սնեգիրյովը մտահոգություն հայտնեց, որ գուցե գործարանն ընդհանրապես չկարողանա շարունակել իր գործունեությունը. «Ճիշտ է, նախապես պլանավորվել է, որ պարապուրդը կտեւի մի քանի ամիս, սակայն շատ բան կախված է նաեւ համաշխարհային շուկայում գների տատանումներից եւ ճգնաժամի երկարատեւությունից: Եթե ճգնաժամը երկար տեւի, երեւի չկարողանանք շարունակել կարբիդի արտադրությունը, քանի որ դրա ստացման համար անհրաժեշտ համապատասխան բարձր որակի հումքը՝ քարածուխը, ձեռք էինք բերում Ուկրաինայի մի քանի հանքավայրերից, ինչն էլ որակյալ եւ մրցունակ արտադրանք էր ապահովում: Բայց հիմա արդեն Ուկրաինայից ձեռք բերել չենք կարող, որովհետեւ այնտեղ քարածխի արժեքը շատ բարձր է եւ մեզ ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է այլ վայրերից քարածուխ ձեռք բերելուն, ապա այս դեպքում մենք չենք կարողանա ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք»: Ա. Սնեգիրյովի խոսքերով, ստեղծված իրավիճակում մեծ ակնկալիքներ չկան նաեւ կորունդի արտադրությունից. «Կորունդի արտադրության հետ կապված հեռանկարները եւս մեծ չեն: Դրանք կապված են ռուսաստանյան երկու խոշոր ֆիրմաների հետ, որոնք ցանկանում են գնել մեր գործարանի արտադրած կորունդը, սակայն դրա դիմաց առաջարկում են շատ ցածր գին: Եթե կարողանանք բանակցությունների արդյունքում այդ գինն ավելացնել գոնե 10-15%-ով, ապա կարող ենք կազմակերպել նաեւ կորունդի արտադրությունը: Իսկ եթե չհաջողվի՝ ուրեմն դեռ պետք է սպասենք»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, ըստ Ա. Սնեգիրյովի, այն է, որ գործարանը կարողանա կալիումական պարարտանյութերի արտադրությամբ զբաղվել: «Առավոտի» հետ զրույցում նա հավաստիացրեց, որ բացի հարկադիր պարապուրդի ուղարկված 350 աշխատակցից, մյուսները կընդգրկվեն պարարտանյութերի արտադրամասի գործարկման նախապատրաստական աշխատանքներում. «Մինչ այժմ մարդիկ հիմնականում օգտագործում էին ամոնիակային պարարտանյութերը: Որպես այլընտրանքային տարբերակ, մենք ուզում ենք տեղական պարարտանյութը շուկա ուղղել, որը տեղական հումքի եւ տեղի աշխատուժի հաշվին կլինի մոտ 1,5 անգամ էժան»:

Գործարանի ղեկավարների կանխատեսումներով, կալիումական պարարտանյութերի պահանջարկը Հայաստանում կազմում է շուրջ 35-40 հազար տոննա: Որպեսզի պարզեն, թե իրենց արտադրած պարարտանյութը որքանո՞վ կհետաքրքրի գյուղացիական տնտեսություններին եւ ի՞նչ արդյունք կապահովի, գործարանում արդեն արտադրվել է 10-15 տոննա կալիումական պարարտանյութ եւ անվճար բաշխվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համայնքներում: Ակնկալվում է, որ եկող տարվա գարնանը պարզ կդառնա այս փորձարարական ծրագրի արդյունքը: «Եթե ամեն ինչ լավ լինի՝ կզարգացնենք պարարտանյութերի արտադրությունը եւ, հավանաբար, կես տարի հետո դուրս կգանք այս վիճակից»,- ասաց Ա. Սնեգիրյովը:

Ինչ վերաբերում է պարապուրդի մատնված անձանց՝ հետագայում աշխատանք ունենալու խնդրին, ապա, գործարանի սեփականատիրոջ հավաստմամբ՝ «ոչ մի դեպքում ոչ մի աշխատակից չի կրճատվի, սակայն եթե վիճակն ավելի վատանա, գուցե ավելի խստացվեն պայմանները եւ 2-3 ամսից կրճատենք նրանց աշխատավարձերը 50%-ի չափով»: Նշենք, որ ներկայումս պարապուրդի մատնված աշխատակիցները ստանում են իրենց աշխատավարձի երկու երրորդը:

Ըստ Ա. Սնեգիրյովի, ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում եւ հաջորդ տարվա սկզբին իրենց գործերը նորից կկարգավորվեն. «Ամենակարեւորն այն է, որ մարդիկ իմանան. այս գործարանը չի փակվելու, աշխատողները չեն կրճատվելու: Անհրաժեշտ է 2-3 ամիս դիմանալ ձմռանը, իսկ գարնանն ավելի հեշտ կլինի»:

Չնայած գործարանատիրոջ այս հուսադրող խոսքերին, ներկայումս անգործ մնացած հարյուրավոր աշխատակիցներից շատերն, իրենց ընտանիքները պահելու համար, ստիպված կլինեն նոր աշխատանք փնտրել:

Թեեւ նրանց մեծ մասը դժգոհ էր ներկա վիճակից, բայց խուսափեցին մեզ հետ զրուցել, ասելով, որ դեռեւս չեն ուզում բողոքել, մի կերպ «յոլա կգնան» մինչեւ գարուն, իսկ եթե իրենց նորից չընդունեն աշխատանքի, ստիպված կլինեն մտածել արտագնա աշխատանքի մեկնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել