Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց այգիները՝ կենդանիներին

Դեկտեմբեր 04,2008 00:00

Կենդանաբանական այգուն հատկացվել են բնակիչների՝ 40 տարվա այգիները

«Մենք մեր ընտանիքներով Նոր Նորքի 1-ին եւ 3-րդ զանգվածների լանջեր կոչվող տարածքում 40 տարի առաջ հիմնեցինք այգիներ: Ահռելի գումարներ ծախսեցինք, մոտ 50 հա տարածք էր, մաքրեցինք, մեքենաներով հող ցրեցինք: Մեր միջոցներով տնկիներ գնեցինք, պտղատու ծառեր տնկեցինք, հետագայում նաեւ ոռոգման համակարգ անցկացրինք, որի համար նույնպես մեծ գումարներ պահանջվեցին: Հիմնեցինք այգեգործական ընկերություն, որն էլ զբաղվում էր մեր ստեղծած տարածքի պահպանմամբ: Ընդամենը 6 ամիս առաջ հեռուստատեսությամբ տեղեկացա, որ մեր այգիների մի մասը այսուհետեւ պատկանում է Երեւանի կենդանաբանական այգուն: Դա ինձ շատ զայրացրեց, ախր, որեւէ մեկն այդտեղ գոնե մի թուփ տնկե՞լ է, որ ուզում են մեր ձեռքից խլել»,- օրերս իր դժգոհությունները ներկայացրեց «Առավոտի» խմբագրություն եկած Նոր Նորքի այգեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Նավասարդյանը: Նրա խոսքերով՝ այդ տարածքի վրա շատերն են աչք ունեցել եւ ցանկացել են իրենց ձեռքից խլել. «Սակայն ես բոլոր ատյաններին դիմել եմ, որպեսզի հանկարծ որեւէ անօրինական բան չլինի: Մի անգամ էլ Կարեն Դեմիրճյանն է միջնորդել, որ այդ այգիները մեզ մնան: Դեռ 90-ական թվականներին էր, էլի լուրեր էին շրջանառվում, որ այդ տարածքը պետք է հատկացվի Կենդանաբանական այգուն, բայց այդ ժամանակ էլ Վանո Սիրադեղյանը թույլ չտվեց: Մենք այգին հիմնելիս զոհեր էլ ենք ունեցել, կինս ծառից ընկել է ու մահացել»: Ըստ Ա. Նավասարդյանի՝ այգու հանդեպ այլոց նկրտումների պատճառը, հավանաբար, այն է, որ իրենք, որպես այգեգործական կազմակերպություն, իրավաբանորեն գրանցվել են ընդամենը մի քանի տարի առաջ. «Ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել, որբ տղա եմ, 81 տարեկան եմ արդեն, 2 անգամ ինսուլտ եմ տարել, սակայն քանի դեռ կենդանի եմ՝ պայքարելու եմ մեր հողերի համար»: Նրա պատմելով, ինքը գնացել եւ խոսել է Կենդանաբանական այգու տնօրենի հետ, որը նրան ասել է, թե «Գրանդ քենդին» ներդրումներ է անելու եւ այդ տարածքները նրանց պետք են:

Այս առնչությամբ՝ Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այգիները պետության կողմից իրենց հատկացվել են տարիներ առաջ. «Ընդամենը 34 հա է, ամբողջ տարածքը չէ»:

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչության պետ Գեւորգ Խուրշուդյանն «Առավոտին» պարզաբանեց, որ այդ տարածքներն ի սկզբանե նախատեսված են եղել Կենդանաբանական այգու համար. «Միշտ էլ պատկանել են Կենդանաբանական այգուն, ուղղակի սահմանները ճշտվել են անցյալ տարի, այս տարի էլ այդ տարածքը պետական գրանցում է ստացել: Եթե մեկը, ասենք, ապօրինի զավթած լիներ այդ տարածքը, Կադաստրի պետական կոմիտեն չէր կարող գրանցել որպես Կենդանաբանական այգու տարածք»: Ճարտարապետական վարչության պետը նաեւ ասաց, որ ինքն անձամբ եղել է այդ տարածքում. «Քայլել եմ, շրջել եմ, այդ տարածքը 50 հա-ից պակաս է կազմում ու այնտեղ չեմ հանդիպել ոչ մի սեփականատիրոջ կամ այգեգործական ընկերության ներկայացուցչի, բայց եղել են փոքրիկ հողեր, որոնք զավթվել են, մոտավորապես 12 հոգի այդտեղ ապօրինաբար հող է օգտագործել, մենք նրանց հետ խոսել ենք, համաձայնության ենք եկել: Հիմա պաշտոնապես այդ 34 հա-ն արդեն Կենդանաբանական այգունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել