Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՏՆԿՈՂԻՆՆ Է, ՈՉ ՋՐՈՂԻՆԸ…

Դեկտեմբեր 04,2008 00:00

\"\"Մեր հյուրն է շախմատի ՖԻԴԵ-ի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը։

– Պարոն Խալիկյան, աշխարհը ցնցված է հայ շախմատիստների վերջին սխրանքով։

– Աշխարհը ցնցված է, մեր ժողովուրդը՝ հիացած եւ հպարտ։ Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսեւորման ունակությունն է, որով եւ պայմանավորված է հայի հավերժությունը։ Մեր ժողովրդի ծոցից միշտ էլ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում վիշապին սանձահարող հերոսներ են դուրս եկել։

– Դուք նկատի ունեք հայ ժողովրդի թշնամիների՞ն։

– Նաեւ, բայց տվյալ դեպքում ես ուզեցի փառավորել մեր օլիմպիական հավաքականի վերջին հաղթական միավորը, որը վաստակեց կրթության նախարարության՝ այժմ արդեն պատմության գիրկն անցած շախմատի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի վերջին մոհիկան Տիգրան Պետրոսյանը։ Ինչպես գիտեք, վերջին տուրում նրա դեմ կիրառվել էր սիցիլիական պաշտպանության վիշապի տարբերակը, եւ հայ շախմատիստը սառնասրտորեն տապալեց «վիշապին», թիմի եւ ժողովրդի համար կորզելով բաղձալի հաղթանակը։ Կուզեմ մեկ առ մեկ հնչեցնել մեր հերոսների անունները՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Արտաշես Մինասյան եւ նաեւ՝ Արշակ Պետրոսյան, տղաներ, որոնք իրենց գործունեությամբ սեր արթնացրին մեր ժողովրդի սրտում։

– Իսկ ի՞նչ է, մեր երկրում սեր չկա՞ր։

– Իմ կարծիքով, սկսած 1996թ. նախագահական ընտրություններից, երկրում համատարած ատելության մթնոլորտ էր թագավորում։ Ատում էին իրար՝ չհասկանալով ինչու։

Վերջապես հայտնվեցին հերոսներ, որոնց մասին խոսելիս կամ նրանց հեռուստաէկրաններին տեսնելիս ժողովրդի դեմքին բարի ժպիտ էր հայտնվում։ Չնայած այն անդառնալի կորստին, որ ի դեմս Կարեն Ասրյանի, կրեց մեր հավաքականը, մեր տղաները անկոտրում կամք դրսեւորեցին՝ վերահաստատելով աշխարհում առաջինը լինելու բարձր պատիվը։

– Լուրեր կան, որ Ասրյանին թույլ չէին տվել մասնակցելու ինչ-որ մրցաշարի։

– Եկեք ձվի մեջ մազ չփնտրենք։ Կարենը կենդանի լեգենդ է շախմատիստների եւ ոչ միայն շախմատիստների սրտերում, եւ մենք նրան այդպես ենք հիշում։ Անձամբ ես կցանկանայի, որ այն մեդալը, որ այսօր զարդարում է մեր օլիմպիականների կրծքերը, զարդարեր նաեւ Կարենի կուրծքը, թեկուզ՝ հետմահու։

Կարենի մոր հիշատակմամբ, շնորհաշատ շախմատիստի ոտնամուտը շախմատի դպրոց՝ ինձ մոտ է եղել, նայել եմ հնգամյա երեխայի խելոք աչքերին եւ ծնողներին հարցրել. աշխարհի չեմպիո՞ն եք բերել։ Ինչեւիցե։

– Վերջերս Դուք Հունաստանում մասնակցեցիք ակումբային թիմերի եվրոպական գավաթի մրցումներին, կարո՞ղ ենք դիտել որպես վերադարձ դեպի շախմատ։

– Վերադառնում են հեռացողները։ Շախմատը միշտ էլ եղել է իմ ապրելակերպի անբաժան մասը։ Նույնիսկ երբ ես մարտական գումարտակի հրամանատար էի, շարունակում էի շախմատով զբաղվել։ Հայկական բանակը շատ ուժեղ շախմատի հավաքական ուներ՝ Վլադիմիր Հակոբյանի գլխավորությամբ եւ մենք հաջող մրցելույթներ էինք ունենում։ Այսօրվա պես հիշում եմ Վլադիմիր Հակոբյանի երդման արարողությունը. զինվորական համազգեստով շարքից դուրս եկավ շարային քայլով եւ հպարտությամբ երդվեց ծառայել հայրենիքին։ Այսօր արդեն մենք կարող ենք փաստել, որ շախմատիստները խոսքեր չեն շռայլում։ Հունաստան ես մեկնեցի «Ֆիմա» երիտասարդական թիմի կազմում եւ նպատակ ունեի մոտիկից ուսումնասիրելու մեր օլիմպիական հավաքականի հերթափոխի ունակությունները։ Վերջին տարիներին երիտասարդների մրցելույթները փոքր-ինչ մտահոգիչ են եւ, կարծում եմ, նրանց հետագա աճի խնդիրներով պետք է լրջորեն զբաղվել։ Հատկապես մենք կաղում ենք միջինից դեպի բարձրակարգ շախմատիստների մարզչական կադրերի բնագավառում։ Նոր սերունդը ինքնուրույն չի կարող յուրացնել շախմատի փիլիսոփայությունը, առանց որի անհնար է պրոֆեսիոնալ շախմատում լուրջ բարձունքներ նվաճել։

– Ճի՞շտ է, որ Դուք ՀՀ նախագահի ընկերն եք։

– Չափազանց խիստ է ասված։ Սերժ Աարգսյանին ես ճանաչում եմ ուսանողական հանրակացարանից, դեռեւս 70-ական թվականներից, եւ առ այսօր մենք պահպանում ենք մտերմիկ բարեկամական հարաբերություններ։

Իմ պատկերացմամբ, երկրի նախագահը ժողովրդի եւ Աստծո միջնորդն է եւ նրա ընկերը ժողովրդի բարեկեցությունն է։ Լավ կապրի մեր ժողովուրդը՝ նախագահը միլիոնավոր ընկերներ կունենա, վատ կապրի՝ կմնա միայնակ։

– Պարոն Խալիկյան, ինչո՞ւ է Արքան կյանքում այդքան ուժեղ, իսկ շախմատում՝ խղճուկ։

– Ես այլ կարծիքի եմ։ Շախմատում արքան իմաստ է, նպատակ, կյանք։ Արքայի մեջ է ամփոփված մնացած բոլոր ֆիգուրների եւ զինվորների գոյությունը։ Յուրաքանչյուր ֆիգուր, զինվոր՝ իր համար պայքարի իմաստը տեսնում է արքայի անվտանգության մեջ։ Շախմատում արքան անփոխարինելի է։ Զինվորից մինչեւ թագուհի պատրաստ են զոհվել հանուն արքայի հարատեւության։

Միաժամանակ մինչեւ 9 թագուհի կարող են ծառայել շախմատային «խղճուկ» արքային։ Շախմատում առկա է նաեւ ասպետական բարոյականություն, հակառակորդ արքաները երբեք իրար չեն սպառնում։

Շախմատային արքայի ուժը բոլոր ֆիգուրների եւ զինվորների համագործակցության ներդաշնակության մեջ է։ Այնպես որ, կյանքում յուրաքանչյուր արքա պետք է երազի շախմատային արքայի կարգավիճակ ունենալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել