Լրահոս
Օրվա լրահոսը

Միահամուռ ջանքերով

Դեկտեմբեր 04,2008 00:00

ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ԻԿՕՄՕՍ- Հայաստան հ/կ-ի եւ Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ դեկտեմբերի 3-5-ը կազմակերպում է քննարկումներ «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում» թեմայով: Աշխարհի շատ վայրերի ու քաղաքների գրավչությունն այսօր խարսխված է բազմաբնույթ ժառանգության վրա, ինչպես օրինակ՝ Վենետիկինը, Լոնդոնինը, Սանկտ Պետերբուրգինը, Ստամբուլինը, Կահիրեինը եւ այլն: Ինչպե՞ս միավորել ժառանգության հայ պահապանների եւ համայնքների ջանքերը, որպեսզի հայկական պատմամշակութային ժառանգությունը լինի անաչառորեն մեկնաբանված եւ պատշաճորեն խնամված: Այս մտահոգությամբ երեկ Երեւանում եւ այսօր Օշականում միավորվել են Հայաստանի եւ արտերկրի շուրջ 50 մասնագետներ: Քննարկումները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին՝ «Էրեբունի» հյուրանոցում հրավիրված ասուլիսում:

«Հաճույքների վրա չեն վատնում»

Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ օրերս է վերադարձել Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայից, հայտնեց, որ իր այցի շրջանակներում հանդիպել է հայկական համայնքների հետ, վերջիններիս տեղեկացրել Սփյուռքի նախարարության գոյության մասին. «Նոյեմբերի 8-17-ը ես եղել եմ Լատինական Ամերիկայի 3 երկրներում, իսկ 18-27-ը՝ Կալիֆոռնիայում: Այցի նպատակը կարելի է բաժանել չորս մասի. առաջինը Հայ կանանց միջազգային միության հինգերորդ համաժողովին մեր մասնակցությունն էր, երկրորդը՝ հանդիպում հայ համայնքի կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ, երրորդը՝ հանդիպում պետական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ չորրորդը՝ մասնակցությունը ամենամյա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին: Հայ կանանց միջազգային միության համաժողովը կայացավ Արգենտինայի Բուենոս-Այրես քաղաքում: Մեր պատվիրակության մեջ 12 կանայք էին, որոնք պետական, մշակույթի եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ էին: 150 կին՝ 8 երկրից մասնակցում էր Համաժողովին, որտեղ քննարկվեցին կանանց հիմնախնդիրները քաղաքականության մեջ, գործարար գործունեությունը, ժառանգությունը, կրթությունը, մշակույթը եւ այլն»:

Հ. Հակոբյանը նշեց, որ հեռավորությունը թույլ չի տալիս ավելի հաճախ շփվել լատինամերիկահայ համայնքի հետ: Այս գաղութը ունի 100 տարվա պատմություն (Արգենտինայում, Բրազիլիայում եւ Ուրուգվայում):

«Գաղութը ուծացման վտանգի առաջ է, որովհետեւ մեր հայրենակիցները համարյա չեն խոսում հայերեն: Մեծ տոկոս են կազմում խառն ամուսնությունները: Մեծահասակներն ամեն ինչ անում են, որ գաղութը առավել հայ պահեն: Արգենտինայում մոտ 100 հազար հայ կա, Ուրուգվայում՝ 15-20 հազար, իսկ Բրազիլիայում՝ 25-30 հազար: Հզոր եւ ուժեղ են մեր եկեղեցիները, բոլոր երկրներում ունենք թեմեր, թեմական առաջնորդներ ու կարելի է ասել, որ հայ գաղութի կենտրոնատեղին նաեւ եկեղեցին է»,- փաստում է նախարարը: Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում մշակվելու է Լատինական Ամերիկայի հայ համայնքների օգնության ծրագիրը, որն իր մեջ ներառելու է նախ եւ առաջ կրթության հիմնախնդիրները: Հ.Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Արգենտինայի արտգործնախարարի, պառլամենտի փոխխոսնակի, Ուրուգվայի փոխնախագահի, արտգործնախարարի, տուրիզմի փոխնախարարի հետ: Ի դեպ, վերջինս ազգությամբ հայուհի է: Բոլոր երկրներում միասին վերցրած նախարարն ունեցել է 102 հանդիպում, 37 հրապարակային եւ 14 հեռուստատեսային ու ռադիո ելույթ:

«Ի տարբերություն լատինամերիկյան երկրների, Կալիֆոռնիայի հայ համայնքը հայեցի էր»,- ասում է Հ. Հակոբյանը: Դառնալով հեռուստամարաթոնին, նա ասաց, որ վերջինիս աշխատանքները բավականի լուրջ էին կազմակերպված, հատկապես աշակերտների շրջանում տիրում էր ջերմություն ու ոգեւորություն. «Հավաքված գումարը բոլոր տարիների համեմատ կրկնապատկվել է: Առաջին անգամ է, որ միջոցներն օգտագործվելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի կարիքների համար, այլեւ նպատակաուղղվելու են Սփյուռքին: Իսկ այն, որ ասում են, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնից ստացված գումարը իշխանություններն իրենց հաճույքի համար են վատնում, վայրահաչություն է: Կա հոգաբարձուների խորհուրդ, որը ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքված գումարն էլ ծախսվում է հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի համաձայն»:

Փառատոն՝ 3 քաղաքում

Դեկտեմբերի 4-6-ը Երեւանում, Լիսաբոնում եւ Ստամբուլում միաժամանակ կկայանա «Ընտրության ազատություն ֆիլմի եւ վիդեոյի համաշխարհային խաղաղության փառատոնը» (լատինատառ հապավումով՝ «FocFest»), որը մրցութային բնույթ չունի։ Համաշխարհային բաց հրավերով համադրողների ընտրությամբ հավաքվել են նյութեր ամենաբազմազան աշխարհագրական եւ մշակութային աղբյուրներից (55 աշխատանք՝ 18 երկրից)։ Փառատոնը բաղկացած է երեք մասերից՝ պատմվածք, վավերագրական եւ անիմացիա։

Միջոցառման նպատակն է Եվրոպայում եւ համայն աշխարհում սկիզբ դնել նոր, աուդիո-վիզուալ (ֆիլմ եւ վիդեո-արվեստ) թեմատիկ մասնագիտական փառատոնի: Փառատոնի կարեւոր առանձնահատկությունը երեք եվրոպական երկրների հյուրընկալությամբ միաժամանակ տեղի ունենալու հանգամանքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել