Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան կոնֆլիկտն՝ ըստ ադրբեջանահայերի

Դեկտեմբեր 05,2008 00:00

Ըստ «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահ Գրիգորի Այվազյանի, հողերը վերադարձնելու մասին խոսակցությունները

քայքայում են մեր միասնությունը:

«Ադրբեջանցի ժողովուրդն ի սկզբանե բաղկացած է եղել ադրբեջանահայերից ու ադրբեջանաթուրքերից, ու հիմա այդ երկրի նախագահն իրավունք չունի հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից: Ալիեւյան ռեժիմը հանցավոր ռեժիմ է. իշխանության է եկել ու ստեղծել մի պետություն, որի հիմքում նացիստական պետությունն է՝ կառուցված հայերի բնաջնջման հիման վրա»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով, որ իրենք ՀՀ-ում աշխատանքներ են տանում Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ իրենք նաեւ հարց են բարձրացրել՝ կապված 1988-1992թթ. «ադրբեջանական» իրադարձությունների հետ եւ պահանջում են, որ դրանք եւս ճանաչվեն որպես ցեղասպանություն: Ըստ նրա, ցեղասպանության այդ օրինակը պետք է ներկայացվի համաշխարհային հանրությանը՝ ի հավաստումն այն բանի, որ ադրբեջանցի թուրքերն ու արցախահայերը չեն կարող գոյատեւել մեկ պետությունում. «Մի պետություն, որն իր սեփական բնակիչներին ոչնչացրել է միայն ազգային ծագման պատճառով՝ իրավական ու բարոյական իրավունք չունի հավակնություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ: Անընդունելի է, որ քննարկվում է Ադրբեջանին հողերի մի մասը վերադարձնելը: Մենք մեր թշնամուն ոչ մի թիզ հայկական հող չպետք է զիջենք, քանի որ նույն Ադրբեջանը ոչ մի զիջումների պատրաստ չէ: Մայնդորֆյան Հռչակագրից հետո Ադրբեջանի նախագահը Թուրքիայում իր ելույթի ժամանակ հստակ մատնանշեց, թե ինչ են տեսնում իրենք այդ պայմանագրի հիմքում: Նրանք ասում են, որ նախ եւ առաջ պետք է վերադառնան իրենց փախստականները, հայկական օկուպացիոն զորքերը դուրս բերվեն ադրբեջանական գրավյալ տարածքներից, նրանք Հայաստանին մեղադրեցին ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նաեւ նշվեց, որ միայն փախստականների վերադարձից հետո կարող է խոսք գնալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին՝ այն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանում պտտվող այն լուրերը, որ հողեր են վերադարձվելու, ընդամենը խոսակցություններ են ու քայքայում են Հայաստանը ներսից, տարածում են պարտվողական տրամադրություն: Եթե թեկուզ հողերի մի մասը վերադարձվի ադրբեջանցիներին, դա հաստատ կօգտագործվի որպես նոր պատերազմ սկսելու դրդապատճառ»:

Գ. Այվազյանի ձեւակերպմամբ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի սկզբունքը կարող է լինել միայն փոխադարձ, այսինքն՝ պետք է մի դրույթ հստակեցնել, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ետ ընդունել ազգությամբ հայ իր կես միլիոն քաղաքացիներին, ապահովել նրանց անվտանգությունը, երաշխիքներ տրամադրել ու միայն այսքանից հետո կարող է խոսք գնալ ադրբեջանցի փախստականների մասին. «Պետք է հստակեցվի: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ ետ ընդունել իր քաղաքացիներին, ուրեմն պետք է այդ մարդկանց բարոյական եւ նյութական վնասները փոխհատուցի, որն էլ, մեր հաշվարկներով, կազմում է մոտավորապես 100 միլիարդ դոլար»:

Գ. Այվազյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի հայկական համայնքն ունի համապատասխան խումբ, որոնք հանուն Հայաստանի ու ԼՂՀ անկախության եւ տարածաշրջանի ամբողջականության, իրենց օրինակով պատրաստ են ապացուցել, որ համագործակցությունն անհնար է: Ինչ վերաբերում է Բաքվի այն պնդումներին, թե Արցախում ապրում է իրենց բնակչությունը, որոնց հետ խնդիրներ չունեն, ըստ Գ. Այվազյանի՝ ստացվում է, որ նրանք խնդիրներ ունեին Ադրբեջանում ապրող հայերի հետ: «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի ընտրություններին, համոզմունք հայտնեց, որ վերջինս անցել է անօրինական ու առանց հայերի մասնակցության. «Ադրբեջանում անցկացվող ցանկացած հանրաքվե, այդ թվում՝ նաեւ վերջերս կայացած նախագահական ընտրությունները, անօրինական են, քանի որ դրանց չի կարող մասնակցել ավելի քան 500 հազար ադրբեջանահայ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել