Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Դեկտեմբեր 05,2008 00:00

\"\"Երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՕԿ-ի հատուկ համաժողովը:

Կանոնակարգային արարողություններից հետո սկսված նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներ հանձնեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մի շարք մարզական գործիչների:

Այնուհետեւ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց 2005/2008 թթ. օլիմպիական ցիկլում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մանրամասն հաշվետվությունը: Ներկայացվեց նաեւ նույն ժամանակահատվածում Հայաստանի ԱՕԿ-ի ֆինանսական գործունեությունը:

Օրակարգային կարեւոր նշանակություն ունեցող հարցերից էին նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի, տեղակալների, գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Ինչպես եւ սպասվում էր, օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին առաջարկվեց Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, որն իր պաշտոնավարության ընթացքում անձնական լուրջ մասնակցություն է ունեցել մեր այսօրվա մարզական նվաճումները կռելու գործում: Շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պարտականությունը կրկին իրեն վստահելու համար՝ Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ շարունակելու է աշխատել նույն սկզբունքով, անել հնարավոր ամեն բան Պեկինում արձանագրված ձեռքբերումները 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում բարելավելու համար: Բայց նաեւ մեկ անգամ եւս վերահաստատեց իր այն միտքը, որ այս կամ այն ոլորտը ղեկավարելու են միայն այն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական որակներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին ներկայացվող պահանջներին: «Ընկերություն կարող ենք անել աշխատանքից ազատ ժամերին,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը:- Բայց գործ մեջ լինելու եմ պահանջկոտ: Ինքս ոչ բարեկամ ունեմ, որին հարկավոր է գործի տեղավորել, ոչ էլ մտադիր եմ նման հարցերում որեւէ մեկին ընդառաջել: Այս մասին ես վաղուց եմ հայտարարել: Ու համոզվել եք, որ այդպես էլ կա: Նկատի ունեմ՝ մեր որոշ մարզաձեւերի ազգային հավաքականների գլխավոր եւ երկրորդ մարզիչներին այլ մասնագետներով փոխարինելը: Հիմա նույնը վերաբերում է նաեւ մարզադպրոցների տնօրեններին: Ով արդյունք չի տալիս, իր տեղը զիջելու է մեկ ուրիշին: Այդպես կշարունակվի այնքան, մինչեւ կգտնվեն, իրոք, ամենաարժանավորները: Հիմա մեկ անգամ եւս տեղյակ եմ պահում, որ հավաքականների մարզիչների, մարզադպրոցների տնօրենների հետ աշխատանքային պայմանագիր ենք ստորագրելու մեկ տարի ժամանակով: Դա մի յուրօրինակ փորձաշրջան է լինելու: Աշխատել կշարունակեն նրանք, ովքեր սպասելիքները կարդարացնեն, ստանձնած պարտավորությունները կկատարեն: Հակառակ պարագայում միմյանց հրաժեշտ ենք տալու»:

ՀԱՕԿ-ի փոխնախագահների եւ գլխավոր քարտուղարի թեկնածություններ առաջարկելու պատասխանատվությունը դահլիճը վստահեց արդեն վերընտրված Գագիկ Ծառուկյանին, քանի որ առաջիկա տարիներին նրանք միասին են աշխատելու, հետեւաբար՝ միասին իրականացնելու են վարվելիք մարզական քաղաքականությունը եւ միասին էլ կրելու են պատասխանատվությունը: Ի վերջո, հատուկ նիստի մասնակիցները հաստատեցին պարոն Ծառուկյանի ներկայացրած թեկնածուներին. Ռազմիկ Ստեփանյանին՝ որպես 1-ին փոխնախագահ, Վահրամ Առաքելյանին, Դերենիկ Գաբրիելյանին, Հոկսեն Միրզոյանին՝ որպես նախագահի տեղակալներ, ինչպես նաեւ Արմեն Գրիգորյանին՝ որպես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար:

Վերջում համաժողովը հաստատեց նաեւ ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի կազմը, որը նախորդի հետ համեմատած՝ համալրվեց մեկ անդամով՝ դառնալով 20 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել