Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքները «զաստավիտով» են ընդունվում

Դեկտեմբեր 06,2008 00:00

Պատգամավորներից ոմանց հավաստմամբ՝ օրենքներն ընդունվում են անկախ այն բանից՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ:

«Վերջիվերջո, կարո՞ղ ենք մարդկանց համար հասկանալի ձեւակերպել, թե մեր երկրում ո՞վ է հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող, ով՝ ոչ: Քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ ԱԱՀ վճարող համարում ենք էս, էս մարդուն: Բայց ԱԱՀ-ի մասին օրենքը այստեղ ուզեցել է խաղեր տալ ու մի հատ պոչիկ է կպցրել, որ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ, այլ տնտեսական գործունեությամբ զբաղվողներին է դա վերաբերում: Այս մասը որ կարդաք՝ ընենց «կայֆ ա»,- երեկ Ազգային ժողովում հարկային բարեփոխումների փաթեթի հերթական քննարկման ժամանակ, դիմելով պատգամավոր Վարդան Բոստանջյանին, ասաց հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Հարկային պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը օրենսդիրների դատին հանձնեց օրենքի մի քանի փոփոխություններ, որոնք քննարկմանը ներկա պատգամավորների կողմից արժանացան միայն քննադատությունների, երբեմն էլ՝ «ռեպլիկների»: Օրինակ, երբ Ա. Չիլինգարյանը ներկայացնում էր օրենքի հետեւյալ դրույթը. «Փոփոխություններ են արվել վերաարտահանման ռեժիմի հետ կապված: Մինչ այժմ ԱԱՀ-ի 0% էր կիրառվում, եթե ազատ շրջանառության ռեժիմով էր Հայաստանից արտահանում կատարվում: Այսուհետեւ այդպիսի ռեժիմ կկիրառվի նաեւ, եթե տեղական արտադրողը ժամանակավոր ներմուծում վերամշակման ռեժիմով Հայաստան ինքն է ներմուծելու եւ այդ ապրանքը կարող է վերամշակել, ստանալ արտադրանք եւ արտահանել: Օրինակ, տրիկոտաժի ճյուղը: Նախկինում այդպիսի արտոնություն կիրառվում էր միայն օտարերկրյա կազմակերպության համար: Հիմա մենք ընդլայնել ենք եւ այդ արտոնությունից կարող է օգտվել նաեւ տեղական արտադրողը»: Սրան ի պատասխան, Վարդան Բոստանջյանը բարձրաձայնեց. «Այսինքն՝ գող, ապօրինի ներմուծողին դարձնում եք վերաարտահանող»: Իսկ Հ. Նաղդալյանն ընդհանրապես չհասկացավ, թե խոսքն ինչի մասին է. «Ես մի քիչ լավ չեմ հասկանում, թե սա ինչ բառ է, եւ սրա իմաստը որն է: Ինչո՞ւ ենք այդ վերաարտահանող կոչվածի համար մեղմ ռեժիմ սահմանել: Մեր «քյարը» ո՞րն է, որ նրանց ազատում ենք ԱԱՀ-ից»:

Ողջ քննարկման ընթացքում Ա. Չիլինգարյանը փորձում էր բացատրել, որ օրենքի փոփոխություններից մեր «քյարն» այն է, որ «ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պարագայում որքան հնարավոր է խրախուսվեն ներդրումները»: Իսկ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն դիտարկմանը, թե «ԱԱՀ-ի մասին օրենքն արդեն ընդունել-պրծել ենք, ու այդ թեմայով քննարկումներն ավարտված են», Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Մենք չենք ընդունել, «զաստավիտ» են արել»:

Ընդհանրապես, ողջ քննարկման ընթացքում տպավորությունն այնպիսին էր, որ ԱԺ ներկայացված փաթեթից պատգամավորներն էլ գլուխ չեն հանել: Վ. Այվազյանի կարծիքով՝ օրենքը շարադրված է խիստ բարդ եւ խուճուճ ձեւակերպումներով: Իր ասածն ապացուցելու համար, նա բարձրաձայն կարդաց օրենքի դրույթներից մեկը, որին պատգամավորներից ոչ ոք չարձագանքեց. «Օրինակ, ի՞նչ է սա նշանակում. սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործարքների գծով որոշվող գումարները հաշվարկվում են վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակացույցի հետ կապված»:

Ա. Չիլինգարյանը ներկայացրեց նաեւ շահութահարկի, արտոնավճարների, հաստատագրված վճարների հետ կապված մի քանի այլ փոփոխություններ, որոնք եւս արժանացան պատգամավորների քննադատություններին: «Առավոտի» հետ զրույցում Վ. Այվազյանն ասաց, որ «փաթեթն այս տեսքով միանշանակ չի ընդունվի: Կարծում եմ, քանի դեռ չենք քվեարկել՝ կառավարությունը ընդառաջ կգնա մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել