Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Էլիտարում՝ ոչ էլիտար պայմաններ

Դեկտեմբեր 06,2008 00:00

Բնակիչները քանի ամիս է՝ պայքարում են, որ իրենց էլիտար համարվող շենքերը գազիֆիկացնեն, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան թիվ 26/6, 26/4, 26/2 տասը հարկանի շենքերը, բնակիչների ներկայացմամբ, համարվում են էլիտար: Սակայն նշյալ շենքերի պայմաններն այնքան էլ էլիտար չեն: Այդ շենքերի բնակիչները զրկված են գազ ունենալու հնարավորությունից, քանի որ ի սկզբանե դրանցում նախատեսված չէ գազատար ունենալը:

«Մեր էլիտար կոչվող նորակառույց շենքերում չենք կարողանում գազ անցկացնել: Դիմում ենք գազի վարչություն, բայց այնտեղից հրաժարվում են մեր դիմումներն ընդունել եւ մեր շենքում գազի խողովակներ անցկացնել, ասում են, որ դա իրենց գործը չէ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին դիմել վերոնշյալ շենքերի բնակիչները: Նրանք դժգոհում էին հատկապես գազի վարչության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքից. «Գլխավոր ինժեները այնպիսի դժգոհությամբ է մեզ պատասխանում, կարծես շատ ավելի կարեւոր գործեր ունի, մենք էլ մեր կարեւոր հարցով պետք է գնանք եւ դիմենք ավելի առաջադեմ երկրների քաղաքների գազի վարչություններ, որպեսզի նրանք գան եւ մեր շենքում գազի խողովակներ անցկացնեն»: Նրանք համոզված են, որ իրենց դիմումները բարձրաստիճան պաշտոնյաներին չեն հասնում, հակառակ դեպքում՝ նրանք կհրահանգեին այդ շենքերը գազիֆիկացնել:

«Ինչո՞ւ մեզ չեն հասկանում, չեն ցանկանում հումանիստորեն այս հարցին անդրադառնալ: Նրանք երեւի սպասում են երկրի նախագահի հանձնարարականին: Մենք էլ մարդ ենք, ցանկանում ենք ավելի բարեկեցիկ պայմաններում ապրել, սակայն ոչ մի կերպ դա մեզ չի հաջողվում: Վարչության աշխատակիցներն այնպիսի անմարդկային եւ հարձակողական ոճով են մեզ պատասխանում, որ մեզ վիրավորում են»,- դժգոհեցին բնակիչները: Գազի գրասենյակը, բնակիչների դիմումներին ի պատասխան, մերժման հիմքեր է նշել, սակայն դա նրանց չի բավարարում: «Նրանք ասում են, որ մեր շենքերը կիսատ-պռատ են կառուցվել, որի պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է, եւ մենք պետք է քաղաքապետարանից պահանջենք, որ մեր շենքերում գազ անցկացնի: Ախր նրանք են այդ գործով զբաղվում, պատասխանատուն իրենք են, մենք ինչպե՞ս քաղաքապետարանից գազ պահանջենք: Նման անտարբերությունը ժողովրդի համար դատապարտելի է եւ աններելի»,- դժգոհում էին բնակիչները:

Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Առավոտին» հայտնեց, որ հարցը կուսումնասիրեն եւ համապատասխան պարզաբանում կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել