Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնոբիզնես չունենք

Դեկտեմբեր 06,2008 00:00

Երեկ հայտարարեց ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը:

Երեկ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը խոսեց թրաֆիքինգի, արտագնա մարմնավաճառության, կավատության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների եւ դրանց դեմ տարվող պայքարի մասին: Ըստ նրա՝ Հայաստանում կարեւորվում է այս հանցատեսակների դեմ պայքարը, որի վառ ապացույցն յն է, որ ԿՀԴՊ-ի եւ քննչական վարչություններում ստեղծվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված բաժիններ. «Թրաֆիքինգը նոր եւ այլ հանցատեսակներին չնմանվող երեւույթ է, պահանջում է բազմակողմանի եւ ամբողջական մոտեցում: Առաջնային խնդիրներից մեկը զոհերին աջակցելն է, այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել, մշակվել է ազգային ուղղորդման մեխանիզմ: ՀՀ արտգործնախարարության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով թրաֆիքինգի մեկ զոհ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձվել է Հայաստան: 2007թ. ընթացքում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 8 հանցագործություն, որոնցից մեկը վերաբերել է աշխատանքային թրաֆիքինգին, 7-ը՝ սեռական շահագործմանը: Այս տարվա 10 ամիսների ընթացքում եղել է 10 նույնատիպ հանցագործություն՝ 1-ը վերաբերել է աշխատանքային թրաֆիքինգին, 9-ը՝ սեռական շահագործմանը: Այս տարի որպես մեղադրյալ ներգրավվել է 17 անձ, 7-ը՝ դատապարտվել է, հարուցված քրեական գործերով տուժող է ճանաչվել 37 անձ: Թրաֆիքինգի 20 զոհերի օգնություն է ցուցաբերվել «Հույս եւ օգնություն» եւ «Ամքոր» ընկերությունների կողմից»:

Ըստ Հ. Պողոսյանի՝ աշխատանքներ են տարվում մարմնավաճառության դեմ պայքարի ուղղությամբ: Վարչական պատասխանատվության է ենթարկվել 357 անձ, որոնց մեծ մասն ուղարկվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կենտրոն, նրանցից 110-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ: «Անցյալ տարի հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1084 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 537 անձ, որից 136-ը եղել է նախկինում դատապարտված, 20-ը՝ կին, 2-ը՝ անչափահաս, նրանցից 7-ը՝ օտարազգի: Բացահայտված հանցագործություններից 235-ը թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքեր են, որոնք ավելի վտանգավոր են. 408-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության եւ 428-ը՝ առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելու դեպքերն են: Այս տարի հայտնաբերվել է նմանատիպ հանցագործության 614 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, որից 98-ը եղել է նախկինում դատապարտված, 11-ը՝ կին, 7-ը՝ անչափահաս, 7-ը՝ օտարերկրացի: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 207-ն են, իսկ 283-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեպքերն են: Հանցագործությունների համեմատականում որոշակի նվազում կա, պատճառն այն է, որ այս տարվա հունիսից թմրանյութեր գործածելու հոդվածն ապաքրեականացվել է, եւ ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44/2 հոդվածը»,- ասաց գնդապետը, հավելելով, որ նշված հանցագործությունների բացահայտման ընթացքում այս տարի հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տեսակի 21կգ 130գ թմրամիջոցներ, իսկ 2007թ. այդ թիվը եղել է 49կգ 379գ:

Գնդապետի փոխանցմամբ՝ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անդամակցության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստեղծվել է մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին: Ըստ բանախոսի, այս տարի նախապատրաստվել է թվով 26 նյութ, որից 23-ով հարուցվել է քրեական գործ, դրանցից 1-ը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման, 6-ը՝ խարդախության, 6-ը՝ կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու եւ իրացնելու, 8-ը՝ պոռնոգրաֆիական առարկաներ ու նյութեր տարածելու եւ 2-ը՝ կեղծ դեղեր պատրաստելու եւ իրացնելու դեպքեր են, իսկ նախապատրաստած մյուս 3 նյութերով որոշում է կայացվել, ու 2-ն ուղարկվել է ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով: Գնդապետը, կրկին անդրադառնալով թրաֆիքինգին, հավելեց, որ մարդկանց վաճառքի՝ թրաֆիքինգի համար կա երեք տիպի երկիր՝ սկզբնաղբյուր, տարանցիկ եւ նպատակային. «Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է, այստեղից գնում են այլ երկրներ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար, բայց, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանում կանանց եւ աղջիկների հավաքագրումը բռնությամբ չի լինում: Փոխարենը՝ բռնությունների են ենթարկվում նպատակային երկրներում, որտեղ մեկնում են մարմնավաճառությամբ զբաղվելու: Նպատակային երկրներ են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս տարի հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար Հայաստան եկած մեկ անձ»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ոստիկանները օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, արդյո՞ք զբաղվում եք այդ հարցով, գնդապետը պատասխանեց. «Մենք այդպիսի տեղեկություններ չունենք եւ զբաղվելու ավելի լուրջ բաներ ունենք»: Մյուս հարցին էլ՝ Հայաստանում պոռնոբիզնես կա՞, Հ. Պողոսյանն ասաց. «Չկա, բայց չենք կարող կանխատեսել՝ վաղը կլինի՞, թե՞ ոչ»: Նա քիչ անց էլ ավելացրեց, որ այս տարի հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվող 4 «որջ»՝ որից երկուսը՝ Շենգավիթ համայնքում, մեկը Բաղրամյան պողոտայում գտնվող «Դինուլիկ» գիշերային ակումբն է, մյուսն էլ՝ «Դուստր Օլյա» ՍՊԸ-ին պատկանող գիշերային ակումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել