Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԻՆ ԷԼ ԷԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ

Դեկտեմբեր 09,2008 00:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 10-ին բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սասուն Միքայելյանին պատկանող՝ Հրազդանում գտնվող քարի արտադրամասում, Վանատուր թաղամասում գտնվող առանձնատանը, անասնագոմում, ռեստորանում, հացի փռում, Հրազդանի Կենտրոն 45/1 գրասենյակում, Աղվերանի հանգստյան գոտում գտնվող «Նարինե» հանգստյան տանը կատարելու միաժամանակյա խուզարկություններ՝ «գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, զենք, ռազմամթերք, թմրամիջոցներ, մահակներ, մետաղաձողեր եւ այլ հարմարացված գործիքներ, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ, փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն հայտնաբերելու եւ առգրավելու համար»: Դրանց գերակշիռ մասում ոչինչ չի հայտնաբերվել, չնայած իրավապահները գործել են խիստ ջանասիրաբար: Ասենք, «Վանատուր» ռեստորանային համալիրի մարտի 11-ի խուզարկության արձանագրության մեջ նշված է, թե օգտագործվել է ավտոկռունկ, «որով բարձրացվել է արջի վանդակը եւ խուզարկվել»: Սակայն իզուր են արջին անհանգստացրել՝ այդ ժամանակ ոչինչ չհայտնաբերվեց: Մինչդեռ մարտի 23-ին նույն ռեստորանի տարածքում հայտնաբերվեց արկղերով ռազմամթերք:

Իսկ մարտի 11-ին Հրազդանում գտնվող գրասենյակում, ըստ խուզարկության արձանագրության՝ հայտնաբերվել են «Ժամանակ Երեւան» օրաթերթի 3 համարներ, «Հայկական ժամանակի» 2 համարներ, «Առավոտի» 2 համարներ եւ մեկ «Իրավունք»: Հիմա հարց է՝ այս թերթերը զե՞նք են, թմրամիջո՞ց, թե՞ ուղղակի գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն:

Հ. Գ. Մարտի 19-ին կալանք է դրվել «Վանատուր» ռեստորանային համալիրի գույքի վրա, եւ մասնավորապես՝ ինչպես նշված է արձանագրության մեջ, 5 ծնած կովերի, 7 չծնած կովերի, 2 ձիու, 2 զամբիկի եւ ամենակարեւորը՝ մի ավանակի նկատմամբ, որի արժեքը գնահատվել է 30 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել