Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միայն Երեւանը չէ»

Դեկտեմբեր 09,2008 00:00

Վանաձորցիներից շատերը համոզված են, որ ՀՀ իշխանությունների՝ իրենց խնդիրների վրա ուշադրություն չդարձնելու պատճառն այն է, որ համեստ են, եթերից չեն աղաղակում ու միտինգներ չեն անում:

«Ընտրությունից ընտրություն գալիս են, ոտ ու ձեռ ընկած ձայն խնդրում, խոստանում, որ շուտով բնակարան կունենանք։ Այդ ասելն է լինում ու՝ վերջ։ Գնում են Երեւանի իրենց տաքուկ տներն ու մեր մասին մոռանում։ Իհարկե, շատ ուրախ ենք, որ մեր մայրաքաղաքը օր օրի ծաղկում է, բարգավաճում, որ ամեն տարի այնտեղ շենքեր են կառուցվում, որ շաբաթը մեկ նոր ճանապարհի կամ կամրջի «լենտ» են կտրում, բայց մի՞թե մեր հարգելի իշխանավորները մոռանում են, որ Հայաստանը միայն Երեւանով չի սկսվում ու ավարտվում, Վանաձորն էլ է Հայաստանինը, հետն էլ՝ աղետի գոտի։ Այստեղ էլ են մարդիկ ապրում, ավելի ճիշտ՝ գոյատեւում փտած դոմիկներում՝ մկների ու առնետների հետ կռիվ տալով։ Եթե մենք համեստ ենք, եթերներից չենք աղմկում, աղաղակում, միտինգներ չենք անում, ուրեմն մեզ կարելի՞ է այսպես արհամարհել։ Դե եթե մեր մեղավորությունը մեր համեստության մեջ է, ուրեմն մենք էլ այսուհետեւ կսկսենք պայքարի միջոցները կիրառել, անգամ կգնանք կառավարության շենքի առջեւ միտինգ կանենք։ Ինչքա՞ն կարելի է գաղթականի ու անտունի զգացողությամբ ապրել»,- աղետալի երկրաշարժից 20 տարի անց «Առավոտի» հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Վանաձորի տնակային ավանի բնակիչներից մեկը՝ Աստղիկ Ավետիսյանը։

Իրենց պիտանելիության ժամկետը վաղուց սպառած տնակները ոչ միայն աղավաղում են քաղաքի ճարտարապետական տեսքը, այլեւ վանաձորցիների հիշողության մեջ «վառ են պահում» աղետալի երկրաշարժի դառը հուշը:

Օրերս այցելել էինք Վանաձորի տնակային ավան: Մեզ հետ զրույցում տնակների բնակիչներն ասացին, որ պետության կողմից իրենք «մոռացված ու լքված են»։

Վանաձորցիներին առանձնապես վստահություն ու ոգեւորություն չի ներշնչում իշխանությունների նոր ծրագիրը՝ մինչեւ 2012թ. իրենց ապահովել բնակարաններով։ Բնակիչներն ասում են, թե նման խոստումներ տվողները 3 օր չեն կարող իրենց պայմաններում ապրել:

1988թ. դեկտեմբերի 7-ին Վանաձորում քանդվեց 130 բնակելի շենք՝ 5415 բնակարանով։ Մոտ 25 հազար մարդ մնաց անօթեւան։ 114 շենք էլ դարձավ 3-րդ կարգի վթարային: Այդ շենքերից մինչ օրս ամրացվել է ընդամենը 30-ը: Վանաձորի 84 բնակելի շենք՝ 3280 բնակարանով, դեռեւս գտնվում է վթարային վիճակում։

Աղետից տուժած 64 ընտանիք անտուն է: 922 ընտանիք էլ անօթեւան է դարձել մի շարք պատճառներով եւ բնակվում է տնակներում։ Պաշտոնական տվյալներով, Վանաձորում քանդված ու աղետից հետո կառուցված շենքերի թվային հարաբերությունը նույնն է, սակայն թե ինչու 64 ընտանիքի բնակարան չի հասել՝ հարց է: Պաշտոնական աղբյուրների մեկնաբանմամբ, պատճառն այն է, որ Վանաձորում մինչեւ 1999 թ. բնակարանների բաշխման գործընթացը ճիշտ չի կազմակերպվել: Բնակարանները բաշխվել են խորհրդային տարիների օրենքներով, այսինքն՝ դրանք բաշխելիս ոչ թե հաշվի են առել, թե որքան բնակմակերես է կորցրել տվյալ ընտանիքը, այլ՝ թե ընտանիքը քանի անդամից է բաղկացած։ Արդյունքում՝ կառուցված բնակարանները արագ սպառվել են եւ ոչ բոլորին են բավականացրել։

Իշխանությունների՝ բնակարաններ հատկացնելու նոր ծրագիրն իրականացվելու է ԲԳՎ ծրագրով, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, իրեն այդքան էլ չի արդարացնում, քանի որ դրանցով առաջարկվող կադաստրային գումարը չի համապատասխանում բնակարանների իրական արժեքին: Մարդիկ դրանով չեն կարողանում բնակարանի տեր դառնալ: Կոնկրետ Վանաձոր քաղաքում 48 վկայագիր չի իրացվել եւ վերադարձվել է պետությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել