Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ ցուցմունք տալու համար

Դեկտեմբեր 10,2008 00:00

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, զինակոչիկ Կարեն Հայրապետյանն ինչ իմանար, որ մարտին

ինքը գնալու է գոմ՝ անասուններին տիրություն անելու, իսկ հետագայում «պարզվելու» է, որ դա գոմը չէ, այլ Ազատության հրապարակը, ինքն էլ «Մարտի 1»-ի գործով անցնելու է որպես «վկա», ապա՝ «մեղադրյալ»:

Այսօր նա մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի գործով կալանավորված, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Արման Շահինյանի (նա ԱԺ պատգամավոր, կալանավորված Մյասնիկ Մալխասյանի աներորդին է եւ վարորդը) դեմ նյութեր նախապատրաստելիս նախաքննական մարմինը Կարենին ներառել է որպես վկա, քանի որ վերջինս իբր Արմանին տեսել է Ազատության հրապարակում եւ այդ մասին ցուցմունք տվել հատուկ քննչական ծառայությունում: Սակայն դատաքննության ընթացքում Կարենը ժխտեց նման ցուցմունքի գոյությունը եւ պնդեց, որ ինքն այդ օրը գյուղում է եղել: Մեղադրող Աշոտ Մադոյանն էլ այդ «հանդգնության» մեջ հանցակազմ էր տեսել. անմիջապես պահանջել էր դատավոր Ռուբիկ Ափինյանից՝ դիմել դատախազություն՝ Կարեն Հայրապետյանին սուտ ցուցմունք տալու համար ենթարկել քրեական պատասխանատվության: Այդպես Կարենը դարձել է մեղադրյալ:

Կարենի հոր՝ ազատամարտիկ Պարույր Հայրապետյանի փոխանցմամբ, մայիսի 20-ին իրենց տուն է եկել Ապարանի ոստիկանության տեղամասային տեսուչ Ռուդիկ Հակոբյանը, հայտնել, որ նրա տղան խուսափում է զինվորական ծառայությունից եւ նրան պետք է տանի բաժին: Հայրը փորձել է թույլ չտալ, պատճառաբանելով, որ Կարենի 18 տարին դեռ չի լրացել, սակայն հորը հրել-գցել են մեքենայից եւ այդ իրավիճակից շփոթված ու հուզված, անչափահաս Կարենին տարել բաժին: Այնտեղ ճնշել են, համոզել, որ գրի, թե Արման Շահինյանին տեսել է Ազատության հրապարակում, ինչին Կարենը չի համաձայնել: Նույն նպատակով նրան տեղափոխել են ոստիկանության Արագածոտնի ռեգիոնալ վարչություն, ապա գլխավոր դատախազություն: Այնտեղ, առանց օրինական ներկայացուցչի, Կարենին մաքուր թուղթ են հրամցրել եւ ասել, որ այն ստորագրելու դեպքում նրա բանակի գործը «կդզվի»: Կարենն էլ ստորագրել է եւ մի քանի ժամ անց վերադարձել տուն: Երբ լրացել է նրա 18 տարին եւ Կարենը զորակոչվել է բանակ, զինվորական հավաքակայանում կրկին հայտնվել է մի անձնավորություն, նույն սցենարով թուղթ է «դեմ տվել» Կարենին ու ասել՝ ստորագրի, զորակոչի հետ կապված փաստաթուղթ է: Զինակոչիկը կրկին ստորագրել է, սակայն դատաքննության ժամանակ նա չէր հիշում՝ թղթի վրա ինչ-որ բան գրվա՞ծ էր, թե՞ ոչ: Եվ ահա, Կարենի ստորագրած թղթերից մեկն էլ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել էր որպես նախաքննական ցուցմունք, համաձայն որի՝ Կարենն Արմանին տեսել է հրապարակում: Երբ դատարանում հակասություն առաջացավ Կարենի ցուցմունքներում, նրա նախաքննական ցուցմունքն ուղարկվեց փորձաքննության: Փորձագետները հաստատեցին, որ ձեռագիրը Կարենինն է: Մինչդեռ վերջինիս պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աղասի Աթաբեկյանը կասկած ունի այդ ցուցմունքի հետ կապված: Դատարանում նա հայտնեց, որ դատական մի նիստից առաջ քննիչ Տ. Թամամյանը Կարենին տարել է դատավորի աշխատասենյակ եւ ստիպել գրել իր թելադրած տեքստը՝ փորձաքննության ներկայացնելու համար: Կարենը գրել է 8-9 էջ, որը, սակայն, գործում առկա չէ եւ պաշտպանը կասկած ունի, որ հենց դա է ներկայացվել որպես նախաքննական ցուցմունք եւ ուղարկվել փորձաքննության: Եվ քանի որ պաշտպանը հիմնավոր կասկածներ ուներ այդ եւ մի շարք այլ «ապացույցների» հետ կապված, միջնորդել էր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին՝ որպես վկա հարցաքննել Կարենի հորը, տեղամասային տեսուչ Ռուդիկ Հակոբյանին, դատավորին, դատախազ Աշոտ Նադոյանին եւ այլ անձանց: Սակայն Կ. Հայրապետյանի գործով դատավոր Երեմ Եսոյանը որոշեց հարցաքննել միայն Կարենի հորն ու տեղամասային տեսուչին: Օրերս նշանակված դատական նիստին չէին ներկայացել ոչ տեսուչը, ոչ մեղադրող Հարություն Հարությունյանը, ոչ էլ դատավորը: Վերջինս նիստը նշանակել ու արձակուրդ էր գնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել