Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՖԻԴԵ-ԻՑ

Դեկտեմբեր 10,2008 00:00

Իսկ գոլֆի Հայաստանի ազգային հավաքականը գրավել է 7-րդ տեղը

Որտե՞ղ կխաղա գրոսմայստեր Լեւոն Արոնյանը

\"\"Ըստ «ArmChess.am» ինտերնետային կայքի, Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդես է գալու Չինաստանում մեկնարկող միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարում: Նրա մրցակիցները լինելու են ժամանակակից համաշխարհային շախմատի առաջատարներ, գրոսմայստերներ, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը, Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Բու Սյանչժին (Չինաստան):

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեր երկրի՝ վարկանիշով երկրորդ գրոսմայստերը՝ Վլադիմիր Հակոբյանը, հանդես է գալու Էլիստայում մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում: Այն նախապես նշանակված էր Քաթարում: Սակայն այդ երկրի սպորտի պետական կառույցի, ազգային օլիմպիական կոմիտեի եւ կազմակերպիչների միջեւ ծագած տարաձայնությունները հաղթահարել հնարավոր չլինելու հետեւանքով մրցաշարը տեղափոխվել է Կալմիկիայի մայրաքաղաք: Եվ քանի որ այդ պատճառով քաթարցի Մոհամեդ ալ-Մոդիահին զրկվել է Էլիստայի մրցաշարին մասնակցելու իրավունքից, որոշվել է թափուր տեղը հատկացնել Վլադիմիր Հակոբյանին: Ստացվում է, որ Էլիստայում հանդես պետք է գային հայաստանցի երկու գրոսմայստերներ՝ Վ.Հակոբյանը եւ Լ.Արոնյանը: Սակայն արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արոնյանը, դժգոհ լինելով աշխարհի 2010 թ. չեմպիոնի կոչման համար մրցապայքարի անցկացման հարցում ՖԻԴԵ-ի ղեկավարների՝ օրերս կայացրած որոշումից, հնարավոր է, որ բոյկոտի այդ մրցաշարը:

Վասիլի Իվանչուկն առայժմ չի որակազրկվել

\"\"Շախմատի միջազգային միության (ՖԻԴԵ) ղեկավարությունն առայժմ Ուկրաինայի եւ ժամանակակից շախմատի առաջատար գրոսմայստեր Վասիլի Իվանչուկին որակազրկելու որոշում չի կայացրել եւ, ըստ ամենայնի, նման քայլի դիմելու ցանկություն էլ չունի: Հիշեցնենք, որ Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի եզրափակիչ՝ 11-րդ տուրից հետո դոպինգ ստուգումից հրաժարվելու պատճառով Իվանչուկին սպասվող երկու տարվա որակազրկման վտանգի մասին հայտարարել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Երեկ շախմատային կյանքը լուսաբանող լրատվամիջոցները, վկայակոչելով ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, տեղեկացրել են, որ «Իվանչուկի գործը» քննության առած բժշկական հանձնաժողովը ոչ մի որոշում էլ չի կայացրել: Ավելին, ուկրաինացին առայժմ եւ հայտնի չէ, թե մինչեւ երբ, այդ հանձնաժողովին իր անմեղությունն ապացուցող փաստեր ներկայացնելու ժամանակ ունի:

Եվրոպայի առաջնության մեր մրցակիցները

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Նյոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունները:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Իսրայելը, Ավստրիան եւ Լեհաստանը: Որոշվել է նաեւ, որ որակավորման փուլի մրցաշարը կայանալու է եկող տարվա հոկտեմբերի 9-ից 14-ը՝ Լեհաստանում:

Մեր մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որն ընդգրկվել է 6-րդ խմբում, հոկտեմբերի 10-ից 15-ը Ավստրիայում անցկացվելիք որակավորման փուլում կմրցի այդ երկրի, Շոտլանդիայի եւ Ռումինիայի իր հասակակիցների հետ:

Պարզվում է՝ գոլֆ էլ ունենք

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գոլֆի Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ մասնակցելով մարզաձեւի աշխարհի սիրողական առաջնությանը՝ գրավել է յոթերորդ տեղը: Ճիշտ է, չի նշվում, թե մրցումներում ընդհանուր առմամբ քանի թիմ է հանդես եկել:

Ըստ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, քանի որ գոլֆ մարզաձեւը մեր հանրապետությունում տարածված եւ զարգացած չէ, Հայաստանի հավաքականն այդ մրցումներում համալրված է եղել Ռուսաստանում եւ Ղազախստանում բնակվող հայազգի մարզիկներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել