Լրահոս
Օրվա լրահոսը

2 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ Է

Դեկտեմբեր 10,2008 00:00

«Գյուղապետ Թագուհի Բոյախչյանն ինձ ասում է՝ ինչքան ուզում ես դիմի թերթերին, ինձ համար միեւնույն է: Ախր, ես շատ վատ վիճակում եմ, ինքն էլ ինչ ուզում անում է: Ուզածս մի կտոր հող է՝ չի տալիս: Երեխաներս էլ դպրոց չեն գնում, փող չունեմ, որ նրանց համար շոր կամ կոշիկ առնեմ»,- պատմեց Վարդենիսից մեր խմբագրություն եկած Մարո Սարգսյանը: «Առավոտը» արդեն անդրադարձել է այս խնդրին (16.08.08)՝ Մ. Սարգսյանը դժգոհել էր, որ չի կարողանում սեփականաշնորհել տարածքը, որտեղ բնակվում է: Ըստ նրա, այդ տարածքը գյուղապետը $0,5 միլիոնով վաճառել է Թուֆենկյան ընկերությանը: Տիկին Մարոյի խոսքերով՝ Թ. Բոյախչյանը ում ինչ բնակարան ուզում՝ հատկացնում է, իսկ իրենց տվել է առանց հարմարությունների տուն: Նա նաեւ ասաց, որ իրենց գյուղին հասանելիք հումանիտար օգնության երեսը չի տեսնում, եւ իր փոխարեն ինչ-որ մեկն է ստորագրում եւ այն ստանում:

Ծափաթաղի գյուղապետ Թ. Բոյախչյանն ասաց, որ օրերս Մ. Սարգսյանն այցելել է գյուղապետարան եւ կրկին սպառնացել, որ կդիմի թերթերին. «Ես էլ նրան ասել եմ՝ ուր ուզում ես դիմի, ես օրենքից դուրս ոչինչ չեմ անի: Նա դիմել է բոլոր ատյաններին, հարցը քննել են, եւ նա է սխալ դուրս եկել: Դատախազությունը նրան պատասխանել է, որ իրենց կատարած ստուգումներից պարզվել է, որ Ծափաթաղում իրականացված մարդասիրական օգնությունների հետ տիկին Բոյախչյանը կապ չունի, քանի որ օգնություն բաժանողներն իրենք են իրենց գործողություններն իրականացրել եւ վերահսկել: Ինչ ես գյուղապետ եմ, կառավարության կողմից օգնություն է հատկացվել 2006-ին: Եղել է ցորեն, որը 18-ական կգ, ավագանու որոշմամբ բաժանվել է 118 անձի, նա ստացել է 30 կգ»: Նա տեղեկացրեց նաեւ. «Մարոն ԼՂՀ Քարվաճառ քաղաքի հետ պայմանագիր ունի, որ իր 6 շնչից բաղկացած ընտանիքով ապրելու է այնտեղ եւ պետական աջակցություն է ստանալու, սակայն այդ նույն 6 շունչն էլ հիմա ապրում են Ծափաթաղում: Նա անգամ Վարդենիսի «Փարոսից» նպաստ է ստանում»: Ինչ վերաբերում է նրան, որ Մ. Սարգսյանը չի կարողանում իր բնակության տարածքը սեփականաշնորհել՝ Թ. Բոյախչյանն ասաց. «Դա արտադրական տարածք է, եւ չենք կարող անհատույց տրամադրել: Ես նրան բնակարան եմ հատկացրել, որից նա գրավոր հրաժարվել է, պատճառաբանելով, որ հարմարություններ չունի: Այժմ այդ տունը գնել է մի պաշտոնյա»: Մ. Սարգսյանի երեխաների դպրոց չգնալու մասին՝ Թ. Բոյախչյանն ասաց, որ նրանք պետք է ԼՂ-ում դպրոց գնան, ոչ թե՝ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել