Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները պետք է երեսատեղ ունենան»

Դեկտեմբեր 11,2008 00:00

Որպեսզի կարողանան խոսել մարդու իրավունքների մասին՝ գտնում է Արամ Զավենի Սարգսյանը

«Ավելի լավ եմ գնահատում ընդհանրապես այդ հռչակագրին չանդրադառնալը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին խոսելու համար այսօր իշխանությունները երեսատեղ պետք է ունենան, վաստակեն այդ իրավունքը»,- երեկ «Ա1+»-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը «պարզապես ողջունում է», որ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ուղերձ չի հղել: Միաժամանակ Արամ Սարգսյանը ցավում է այն մարդկանց համար, ովքեր այսօր իշխանության մեջ են, սակայն ժամանակին քաղբանտարկյալ են եղել կամ իրենց այդպիսին համարել: «Այդ մարդկանց էլ ժամանակին քաղբանտարկյալներ չէին համարում, սակայն նրանք ազատազրկվել էին իրենց քաղաքական հայացքների համար: Այսօր իշխանություն լինելով՝ այդ մարդիկ Սմբատ Այվազյանին կամ Հակոբ Հակոբյանին քաղբանտարկյալ չեն համարում: Ժամանակին այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների քաղբանտարկյալ լինելը այս երկրի համար որոշակի ձեռքբերումների խթան հանդիսացավ: Այսօրվա քաղբանտարկյալները մեր երկրի ապագայի համար հույս են ներշնչում, եւ դա չտեսնելը, դա չգնահատելը՝ անմտություն է»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է երեկ ՀԱԿ-ի կազմակերպած մի շարք բողոքի ակցիաներին, որոնց մասնակցում էր նաեւ պարոն Սարգսյանը, ապա՝ «Սա միանշանակ վկայում է, որ Շարժումն ու պայքարը վերջ չունեն, որ հասարակությունը պայքարելու է: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր շարժումը շարունակվի: Պայքարի դադարեցումը դա մեր պետության չգոյությունն է»:

Արամ Սարգսյանը վստահ է, որ որեւէ քաղբանտարկյալ ազատության մեջ հայտնվելուց հետո չի դադարեցնելու իր պայքարը, ինչպես երեկ ապացուցեց 2 տարի ազատությունից զրկված Վարդան Մալխասյանը. «Այն պարզ պատճառով, որ այդ մարդիկ որեւէ հանցանք չեն կատարել, նրանք բանտարկվել են երկրի, պետության, պետականության մասին մտածելու, սեփական տեսակետները արտահայտելու համար: Այդ մարդիկ ընդամենը պատանդներ են իշխանության ձեռքում: Քաղբանտարկյալը երբեք չի «ուղղվում»»:

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ կարող է կազմակերպել նաեւ մինչեւ տարեվերջ. «Այսօր կան հարցեր, որոնք կարող են անհրաժեշտ դարձնել զանգվածային միջոցառումների վերսկսումը: Մի բան ակնհայտ է՝ հասարակությունը չի վստահում գործող իշխանություններին եւ չի համակերպվում իշխանությունների ընտրությունների հետ: Նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել ժողովրդի պայքարը, անիմաստ գործով են զբաղվում»: Ժողովրդի այսօրվա բողոքի ակցիաները Արամ Սարգսյանին թույլ են տալիս ասել, որ էական չէ, ով է առաջնորդում երթը կամ բողոքի ակցիան, միեւնույն է՝ ժողովուրդը նահանջողը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել