Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանվում ենք եվրոպական երկրներին

Դեկտեմբեր 11,2008 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին ապրանքների գնանկում է արձանագրել:

«Առաջին անգամ, եվրոպական երկրների նման, մեր երկրի մեծ խանութներում եւս գնանկման միտումներ են կիրառվում: Նախատոնական առեւտրի համար զեղչեր են կիրառվում: Երեւի տնտեսվարող սուբյեկտները գիտակցեցին, որ ծավալային առումով մեծ իրացումը շահութաբերությամբ ավելի ձեռնտու կլինի: Միայն մի դեպքում եմ ես գնաճ նկատել, որ ձուն 55-ից դարձել է 60 դրամ: Սակայն, եթե այդ միտումները շարունակվեն՝ մենք անպայման վարույթ կհարուցենք»,- երեկ լրագրողներին այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Երեկ հանձնաժողովը 500-հազարական դրամով տուգանեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը եւ «Գեղարդ» մսամթերքի կոմբինատին՝ սահմանված ժամկետում պահանջված տեղեկատվությունը հանձնաժողովին չտրամադրելու համար: Հիշեցնենք, որ մի քանի ապրանքատեսակների համար կիրառվող գների բարձրացման առնչությամբ հանձնաժողովը վարույթ էր հարուցել «Գեղարդ» մսամթերքի կոմբինատի նկատմամբ: Տնտեսվարողների դիմումների հիման վրա էլ վարույթ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նկատմամբ: Աշոտ Շահնազարյանի հավաստմամբ, վերջիններս 100%-ով բարձրացրել են բեռնափոխադրումների գինը: Երեկվա նիստում քննարկվեց նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության կողմից ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների գնի ուսումնասիրության հարցը: Ընկերությունը այս տարվա մարտին դիմել էր հանձնաժողով՝ խնդրելով վերանայել ավիավառելիքի մարժայի (ձեռքբերման եւ իրացման գների տարբերության) փոփոխության հարցը, քանի որ, ըստ իրենց, տեղի է ունեցել ծախսերի եւ ձեռքբերման գնի աճ ու դոլարի գնողունակության անկում: Հանձնաժողովը ապրիլին համաձայնել էր «ԱՄՕ»-ի կողմից 1 տոննա ավիավառելիքը $1164-ով ձեռք բերելու դեպքում $141 մարժա կիրառելու առաջարկությանը: Սակայն, «ԱՄՕ»-ի մատակարար «Միկա Լիմիթեդ» ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն, իր կողմից ավիավառելիքն իրացվել է 1 տոննան հուլիսին՝ 1447, իսկ օգոստոսին՝ 1492 եւ 1480 դոլարով: Սրանից հետեւում է, որ ավիավառելիքի մարժան $141-ի փոխարեն օգոստոսին կազմել է $212: Հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ «ԱՄՕ»-ն ավիավառելիքն իրացնում է խտրական եւ տարբերակված գներով: Օրինակ, այս տարվա օգոստոսին ավիավառելիքի 1 տոննան «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիներին իրացվել է մոտ 504 հազար, «Տաջիկստան ավիաուղիներին»՝ մոտ 520 հազար, իսկ «Արմավիային»՝ 492 հազար դրամով: Ըստ «ԱՄՕ»-ի հիմնավորումների, գների կիրառման այս խտրական մոտեցումը պայմանավորված է կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների իրականացմամբ:

«ԱՄՕ» ընկերությանը նախազգուշացվեց հետագայում բացառել օրենքի հնարավոր խախտումները եւ որոշվեց կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերի լիցքավորման նպատակով ավիակերոսինի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության հաշվարկման համար սահմանել բանաձեւ: Ըստ հանձնաժողովի որոշման, «ԱՄՕ»-ն կարող է ավիաընկերությունների դասակարգման հիման վրա կիրառել տարբեր իրացման գներ, սակայն հանձնաժողովն այն կհամարի ոչ խտրական, եթե տարբեր ընկերություններին վաճառվող վառելիքի գները տատանվեն մինչեւ 5%-ի սահմաններում:

Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշ անդամներ ընդվզեցին, իբր՝ վերոնշյալ բանաձեւը սպառողների շահերից չի բխում եւ վերամշակման կարիք ունի: Իսկ այդ ամենը «ճշգրիտ գիտության» հաշվարկներով փորձում էին հիմնավորել անդամներ՝ Սլավա Պետրոսյանը եւ Միքայել Միքայելյանը: Սակայն նրանց հաշվարկներից գլուխ չհանեցին ոչ միայն մասնագետները, այլ նաեւ նիստին հրավիրված՝ տուգանված եւ նախազգուշացված ընկերությունների ներկայացուցիչները: Նկատենք, որ հանձնաժողովի վերոնշյալ անդամները մշտապես այնպիսի հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանները, ենթադրվում է, որ պետք է իմանային մինչ նիստի գալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել