Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՐԻ՞Ք ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 12,2008 00:00 Share

\"\"Նախաքննական մարմինը ետ է ուզել իր տված ինֆորմացիան

Սամվել Նիկոյանի եւ ընդդիմության գործիչների կողմից բացահայտված իրողությունը, որ մարտի 1-ին Երեւան քաղաքում գործել է առնվազն մեկ դիպուկահար, հասարակությունն ընդունեց առանց հատուկ զարմանքի, թվաց, թե դա ոչ մեկի համար գաղտնիք չէր: Սակայն մի բան բոլորը կարծես մոռացան, որ տվյալ դիպուկահարը կոնկրետ մարդ է եւ այս բացահայտումների արդյունքում կարող է սեփական անվտանգության համար անհանգստանալու բոլոր հիմքերն ունենալ:

Մեր տեղեկություններով, իրոք, դիպուկահարը լրջորեն անհանգստացած է իր անվտանգությամբ եւ դիմել է «Մարտի 1»-ի գործը քննող նախաքննական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար: Նախաքննական մարմինն էլ իր հերթին օրերս դիմել է «Մարտի 1»-ի դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ետ պահանջելով այն ինֆորմացիան, որը հանձնաժողովին էր հանձնել ավելի վաղ: Պարոն Նիկոյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ նամակ է ստացել «Մարտի 1»-ի գործով նախաքննական մարմնի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից, որով վերջինս խնդրում է. «Նախաքննական մարմնին վերադարձնել Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում օգտագործված փամփուշտների եւ հատուկ միջոցների վերաբերյալ ՀՀ ոստիկանական զորքերի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների՝ ձեզ ուղարկված պատճեններից դիպուկահարի ինքնությունը ներկայացնող տվյալները եւ միջոցներ ձեռնարկել հիշյալ տվյալների հետագա հրապարակումը կանխելու ուղղությամբ»:

Երեկ մենք զրուցեցինք Սամվել Նիկոյանի հետ եւ պարզեցինք, որ ժամանակավոր հանձնաժողովում եղած կոնկրետ այս փաստաթղթերն առայժմ չեն հրապարակվել եւ հրապարակային քննարկման չեն դրվել: Սամվել Նիկոյանի ներկայացմամբ, ինքը դրանք չի հրապարակել, քանի որ նախապես եղել է նման պայմանավորվածություն: Նախաքննական մարմնի կողմից ավելի վաղ հանձնաժողովին հղած նամակում գրված է. «Ի պատասխան ձեր հարցման՝ ուղարկում եմ 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում օգտագործված փամփուշտների եւ հատուկ միջոցների վերաբերյալ ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների զեկուցագրերի պատճենները, միեւնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում քաղաքացիների անվտանգությունը եւ հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջոցառումների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կիրառված հարկադրանքի միջոցների՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործածելու իրավաչափության վերաբերյալ նախաքննությունը դեռեւս ավարտված չէ, ուստի, քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, խնդրում ենք ներկայացված նյութերը չհրապարակել»: Սամվել Նիկոյանի ներկայացմամբ, այս բոլոր նյութերը եղել են հանձնաժողովի տրամադրության տակ, հրապարակման ենթակա չեն եղել, բայց հանձնաժողովականները ծանոթացել են դրանց:

Սամվել Նիկոյանը մեզնից նեղացավ, երբ հարցրինք՝ փաստորեն, եթե ինքն իր հայտնի հարցազրույցում դիպուկահարի առկայության մասին հայտարարություն չաներ, եւ ընդդիմությունն իր հերթին այդ մասին չխոսեր, ուրեմն դիպուկահարի անվտանգության պահպանման անհրաժեշտություն չէր առաջանա: Ի պատասխան՝ ասաց. «Դուք ինձ մեղադրում եք, որ ես իմ ձեռքի տակ եղած ինֆորմացիան հրապարակայի՞ն եմ դարձրել: Դա իմ աշխատանքն է, եթե ես դա չանեի, դուք ինձ կմեղադրեիք, որ ես դա թաքցնում եմ: Այն ինֆորմացիան, որն ինձ հանձնելով՝ ոստիկանությունը չի զգուշացրել, որ նախաքննական գաղտնիք է կամ այն չի կարելի հրապարակել, ես դարձրել եմ հրապարակային: Այլապես ես կպահպանեի պայմանավորվածությունը: Ես փորձում եմ պարտնյորների հետ խաղալ՝ խաղի կանոնները չխախտելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել