Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ»

Դեկտեմբեր 12,2008 00:00 Share

\"\"«Յոթի» գործով պաշտպանություն իրականացնող 5 փաստաբաններն արդեն երեկ այսպես են որակել դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք դատաքննությունը:

Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված մայր գործից անջատված եւ արդեն ՀՀ քրեական դատարան մտած «Յոթի» գործի դատաքննությունը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին՝ Երեւանի քրեական դատարանում: Այդ գործը դեկտեմբերի 1-ին արդեն ընդունվել էր Երեւանի քրեական դատարան, հաջորդ օրը հայտնի դարձավ, որ այն ընդունվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ: Եթե հետեւենք ժամանակագրությանը, ապա պիտի արձանագրենք, որ դատավոր Մնացականյանը 9-10 օրվա ընթացքում հասցրել է ծանոթանալ «Յոթի» գործի 41 հատորներում պարունակված բոլոր 12 հազար թերթին: Հիշեցնենք, որ «Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» համակարգող Արմեն Խաչատրյանը դեռ դեկտեմբերի 2-ին մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «գործնականում անհավանական է, որ դատավորը կարողանա 10-օրյա ժամկետում ծանոթանալ 41 հատորանոց գործին: Բայց եթե դատավորը այդ ժամկետից հետո որոշում կայացրեց, ապա դա արդեն դատավորին բացարկ հայտարարելու հիմք կլինի»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկ հայտնելու որոշում երեկ արդեն կայացվել է: «Յոթի» գործով պաշտպանների խումբը՝ ի դեմս Լիպարիտ Սիմոնյանի, Մելանյա Առուստամյանի, Վարդուհի Էլբակյանի, Հովիկ Արսենյանի եւ Ստեփան Ոսկանյանի, պատրաստվում է նաեւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին: Դա տեղի կունենա արդեն դեկտեմբերի 19-ին՝ դատաքննության առաջին օրը: Այդպիսի միջնորդություն անելու համար պաշտպանական խումբը առավել քան բավարար հիմքեր ունի: Դրանք պաշտպանները մեկ առ մեկ մատնանշում են: Նրանց համոզմամբ՝ դեկտեմբերի 1-ին, հաստատելով մեղադրական եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը գործն ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի եւ 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ուղարկել է Երեւանի քրեական դատարան: Նույն օրը դատավոր Մ. Մարտիրոսյանը նշված քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել, ծանուցել է մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, տուժողներին, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը ժամանակ է տրվում դատարանին միջնորդություններ ներկայացնելու համար: Պաշտպանական խումբն օգտվել է իրեն տրված այդ ժամանակահատվածից եւ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին՝ աշխատանքային օրվա վերջին, ներկայացրել է իր միջնորդությունները: Դրանք, պաշտպանական կողմի ասելով, դատարան մուտք են արվել պատշաճ կարգով: Պաշտպանական կողմը ներկայացրել է թվով 9 ծավալուն միջնորդություններ՝ մոտ 100 էջից բաղկացած: Սակայն հաջորդ օրն առավոտյան պարզ է դարձել, որ «Յոթի» գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին: «Մնում է ենթադրել, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը մեկ ժամվա ընթացքում ծանոթացել է մեր կողմից ներկայացված ստվարածավալ միջնորդություններին, հավանաբար դրանք մերժել եւ կայացրել դատական նիստ նշանակելու մասին որոշում: Ասում ենք հավանաբար, որովհետեւ մենք չունենք պատասխան, իսկ մերժել է, որովհետեւ բավարարման դեպքում գործը կամ պետք է կարճվեր, կամ ետ ուղարկվեր դատախազին, քանի որ միջնորդություններով ներկայացվել էին այդպիսի հիմնավորված պահանջներ». սա պաշտպանական խմբի եզրակացությունն է: Պաշտպանների դիտարկմամբ՝ թեեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված է 15-օրյա ժամկետ՝ դատաքննություն նշանակելու համար, բայց դատավորը դրսեւորել է, պաշտպանների ձեւակերպմամբ՝ «ավելորդ շտապողականություն» եւ նման ծավալուն գործի դատաքննությունը նշանակել է վարույթ ընդունելուց 9 օր անց:

Պաշտպանական խումբը ենթադրում է, որ նման հապճեպ որոշում ընդունվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի նիստից առաջ՝ ցույց տալու համար, թե իբր դատաքննությունը նշանակվել է «ողջամիտ ժամկետներում»: Դատավորը չի օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից եւ դատաքննություն է նշանակել իրեն հատկացված ժամկետից 6 օր առաջ՝ ինքն իրեն զրկելով քրգործի նյութերը ուսումնասիրելու հնարավորությունից: Սա, պաշտպանական խմբի համոզմամբ, վկայում է մի բանի մասին՝ իրենց ներկայացրած միջնորդությունները դատավորի համար ձեւական բնույթ են կրել: Ավելին, խումբը դա համարել է վկայություն այն բանի, որ դատարանը ի սկզբանե հակված է այս գործով մեղադրական դատավճիռ կայացնել, քանի որ «դատավորի կողմից կանխորոշված է եղել դատաքննության նշանակումը՝ անկախ միջնորդությունների բովանդակությունից»:

Անհնարին ու անտրամաբանական է վեց աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ծանոթանալ 41 հատորներում եղած շուրջ 18.000 էջ նյութերին, 255 էջից կազմված մեղադրական եզրակացությանը ու պաշտպանների՝ մոտ 100 էջից բաղկացած միջնորդություններին, որոնք ուղղակիորեն վերաբերել են քրգործը կարճելուն կամ նախաքննական մարմնին ետ վերադարձնելուն:

«Այս պայմաններում դատավոր Մարտիրոսյանի գործողությունները եւս մեկ անգամ ցուցադրում են, որ դատարանը ոչ թե առաջնորդվում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ եւ արդարադատություն իրականացնելու իր վրա դրված պարտականությամբ, այլ կրկին պատրաստվում է կատարել քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվերը»,- երեկ պնդել են «Յոթի» գործով պաշտպանները, հավելելով, որ դա դատարանի՝ ՀՀ իշխանության կցորդ լինելու մասին է վկայում: Պաշտպանական խումբն այդ դատարանից որեւէ ակնկալիք չուներ նաեւ նախկինում, թեեւ երեկ հատուկ է շեշտել դատարանի անկախ չլինելու փաստը: «Յոթի» գործով բոլոր 5 պաշտպանները միաբերան պնդում են, որ դատարանը եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր գործողություններում եւ հետագա որոշումներում առաջնորդվելու է կանխակալ դիրքորոշմամբ, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է ընդդիմադիր գործիչների նկատմամբ ծավալվող «քաղաքական վենդետան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել