ՀԵԿ-ը ձուլվում է ՄԻԱԿ-ի մեջ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը՝ ՀԵԿ, որն անցած նախագահական ընտրություններում պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լուծարվելու է: ՀԵԿ-ի արդեն նախկին անդամները այլեւս կանդամակցեն մեկ այլ իշխանամետ ուժի՝ Միացյալ ազատական ազգային կուսակցությանը՝ ՄԻԱԿ-ին: Վերջինս հիմնադրվեց 2007 թվականի փետրվարին՝ խորհրդարանական ընտրությունների շեմին, եւ մասնակցեց խորհրդարանական ընտրապայքարին: Նախագահական ընտրությունների ժամանակ ՄԻԱԿ-ը ամենատարբեր դրսեւորումներով լծվեց Սերժ Սարգսյանի պաշտպանությանը: Որոշակի նշաններ կան, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՄԻԱԿ-ը ԱԺ-ում իր աթոռներն է ունենալու՝ դրանով իսկ փոքր-ինչ «թարմացնելով» իշխանության դեմքը:
ՄԻԱԿ-ի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի օգնական Լեւոն Մարտիրոսյանն «Առավոտի» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ ՀԵԿ-ը ՄԻԱԿ-ի հետ միավորելու «գաղափար կա», եւ խոստացավ վերադառնալուն պես խոսել մանրամասների մասին: Իսկ ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը այսպես խոսեց. «Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, նման գործընթաց արդեն սկսված է: Գործընթացի այլ դետալների մասին մենք առաջիկա օրերին քաղաքական հայտարարություն կանենք եւ կներկայացնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում: Սերնդափոխություն՝ ճիշտ, առողջ ճանապարհով, ինչի մասին մենք բազմիցս ենք հայտարարել: Սա քաղաքական գործընթաց է, փակագծերը կբացեմ ավելի ուշ, այսօր ավելին ասելու դեռ պատրաստ չեմ»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս քայլը մեր զրուցակցի կարիերիստական նկրտումների դրսեւորո՞ւմ չէ. «Ես ուղղակի չեմ պատկերացնում «կարիերիստական նկրտումներ» ձեւակերպումը. եթե մարդը զբաղվում է քաղաքականությամբ՝ ունենում է նաեւ ձգտումներ, ամբիցիաներ, որոնք դրսեւորվում են տարատեսակ պաշտոններում կամ քաղաքական դիրքերում հայտնվելով: Յուրաքանչյուր առողջ կարիերիզմը ողջունելի է, որովհետեւ, եթե չունենաս կարիերա, դիրք, կոնկրետ ինչ-որ ոլորտում՝ ազդեցություն, բնականաբար, քաղաքական ասպարեզում լուրջ քայլեր չես կարող իրականացնել: Դրա համար ես ավելի ռեալ եմ նայում այդ խոսակցություններին: Բայց այս գործընթացը կարիերիզմի հետ ընդհանրապես կապ չունի: Սա քաղաքական է, իսկ կարիերայի մեջ վատ բան ես երբեւիցե չեմ տեսել»:
ՀԵԿ-ը մաս է կազմում կուսակցությունների վեցնյակին (ՍԻՄ, ՀՔԴՄ, ՀԴԿ, ԱԻՄ, ՀՄԿԿ), որն իրեն բնորոշում է որպես «հայրենասիրական ընդդիմություն»: Տեղյա՞կ են, արդյոք, այդ կառույցում, որ ՀԵԿ-ը պատրաստվում է լքել իրենց: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այդ առիթով պարզաբանեց. «Իրենց մոտ սկսվել է միավորման գործընթաց, մենք ողջունում ենք կուսակցությունների խոշորացումը, ուրախ ենք, որ երիտասարդները գնում են այդ ճանապարհով, ոչ ոք ոչ ոքի չի լքել: Նորաստեղծ կուսակցությունը՝ նոր կազմով, կանցնի մեր պրոցեդուրայով, եւ եթե կվերահաստատի անդամակցությունը վեցնյակին, կշարունակենք աշխատել միասին»:


















































