Լրահոս
Օրվա լրահոսը

Այնքան էլ «շուստրի» չէ

Դեկտեմբեր 12,2008 00:00 Share

«Առավոտի» դեկտեմբերի 10-ին հրապարակված «Ինչե՜ր են բացահայտվելու» վերտառությամբ հոդվածին երեկ արձագանքել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս «Մարտի 1»-ի գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավարն է: Իշխանամետ թերթերից մեկում նա մի ամբողջ հարցազրույց է տվել` հերքելու համար, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ոչ մի թիվ 62202708 քրգործ էլ չի հարուցվել եւ չի կորել: Հիշեցնենք, որ մեր հրապարակման համաձայն, սույն թվանշմամբ գործը վերաբերել է բացառապես մարտի 1-ին վիրավորված եւ ապա տուժող ճանաչված զինծառայողներին եւ ոստիկանության աշխատակիցներին, բայց մարտի 2-7-ը ընկած ժամանակահատվածում այն կորել է, իսկ այդ թվանշմամբ արված քննչական գործողությունների արձանագրությունները հանկարծ հայտնվել են «Յոթի» գործի նյութերում: Վ. Հարությունյանը իր հարցազրույցում, իհարկե, հաստատել է, որ «Մարտի 1»-ի գործով «քննիչների մի խումբը զբաղվել է զինծառայողների մարմնական վնասվածքների դրվագով, եւ այս խմբի կայացրած որոշումներում ու հարցաքննություններում տեխնիկական վրիպակ է թույլ տրվել՝ մի քանի որոշումների վրա սխալմամբ, մեխանիկորեն գրել են 027 համարը։ Հետո երբ հայտնաբերեցինք, որ վրիպակ է թույլ տրվել, ուղղեցինք։ Ուղղումն էլ ձեռքով է արված եւ երեւում է։ Մի քանի տեղ ուղղեցինք, բայց քանի որ զուտ տեխնիկական վրիպակ է, այդպես էլ թողեցինք»։ Նույն հարցազրույցում, ավելի ուշ, Վ. Հարությունյանը նաեւ հայտարարում է, թե՝ «027 գործը» ուղարկվել է դատարան, կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, բայց այդ գործը մարտի 1-ի հետ որեւէ առնչություն չունի՝ «այն հարուցվել է մարտի 3-ին»։ Սա այն դեպքում, երբ մեր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն (դրանց լուսապատճենը մենք տեղադրել էինք մեր հրապարակման մեջ)՝ շատ հստակ երեւում է, որ քննիչները, օրինակ՝ Գ. Թորոսյանը, ոչ թե մարտի 3-ին, այլ՝ դեռ մարտի 2-ին այդ թվանշմամբ որոշում է կայացրել մարմնական վնասվածք ստացած զինծառայող Ստեփան Սեմերջյանին տուժող ճանաչելու մասին: Հենց մարտի 2-ի թվագրմամբ է նաեւ, որ ՀԿԾ ՀԿԳ քննիչ Տ. Թամամյանը Համլետ Թադեւոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշում է ներկայացրել Շոթա Վարդանյանին: Կարծում ենք, ակնհայտ է՝ մեզ մոտ նման պարզունակ «տրյուկներ» չեն անցնի:

Եվս մի բան, որ պնդել է պարոն Հարությունյանը. «Ազատության հրապարակի դեպքերի հետ կապված հարուցել էինք թիվ 62202508 քրգործը։ Նույն օրը, ավելի ուշ, արդեն զանգվածային անկարգությունների փաստով հարուցվել է 62202608 քրգործը, եւ այս երկու գործերը միացվել են մեկ վարույթ, ու նախաքննությունը շարունակվել է 026 հերթական համարով։ Դա բնավ չի նշանակում, թե 025 քրեական գործը կորավ։ Այդ նույն հաջողությամբ 025 գործն էլ կարելի էր կորած համարել»։

Նկատենք, սակայն, որ ի տարբերություն թիվ …027 գործի, այդ՝ «…025» գործը կորած համարել բնավ չի կարելի, որովհետեւ այն հարուցելու եւ ապա «Յոթի» գործին միացնելու մասին որոշումները կան, եւ դրանք կցված են «Յոթի» գործի նյութերին:

Ասել կուզենք՝ թիվ 62202708 գործը պարտակելու մասին հայտարարությունները մնում են ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել