Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

Դեկտեմբեր 12,2008 00:00

\"\"Երեկ, ելույթ ունենալով Մամուլի ազգային ակումբում, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ որպես այսօր երկրի զարգացմանը խանգարող «բացասական ժառանգություն», մատնանշել է, մասնավորապես, նախորդ նախագահի թե՛ կադրային քաղաքականությունը, թե՛ հարցեր լուծելու ձեւերը: Պատգամավորը վստահ է, որ հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանը պետք է նախ ազատվի իրեն որպես ժառանգություն թողած որոշ կադրերից: Անուններ չի տվել, բայց թափանցիկ ակնարկել է, թե անունները բոլորին հայտնի են՝ «օրինակ՝ կառավարության կազմում կան մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի օրոք ունեցել են վճռորոշ դերակատարում», եւ այսօր, ըստ պարոն Դալլաքյանի, նրանք չպետք է լինեն կառավարության մեջ: Վիկտոր Դալլաքյանը միաժամանակ նկատել է, թե որոշակի քայլեր Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ արդեն կատարել է: Մասնավորապես, օրինակ, «մարտի 1»-ի հետ կապված հաճախ հիշատակվող մեկ պաշտոնյայի՝ Գրիգորի Սարկիսյանին նախագահն ազատել է աշխատանքից, այլ աշխատանքի է տեղափոխել նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:

Խոսելով երկրի ներքին վիճակից, արտաքին հարաբերություններից, Ղարաբաղի հարցի այս փուլից եւ մի շարք այլ բաներից՝ անկախ պատգամավորը հայտարարել է. «Էս մարդն այդ ժառանգությունն է ստացել», նկատի ունենալով ՀՀ նախագահին, եւ միաժամանակ վստահեցրել է, որ որպես լավ շախմատիստ, Սերժ Սարգսյանը կկարողանա ելքեր գտնել եւ վաստակել հանրության վստահությունը: Լրագրողները Վիկտոր Դալլաքյանին հարցրել են՝ արդյոք չի՞ հավակնում Երեւանի քաղաքապետի պաշտոնին: Ի պատասխան՝ պարոն Դալլաքյանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն եւ իր հնարավորությունների թե դրական, թե բացասական համատեքստում նկատել է. «Երեւանն ընդամենը հանրապետության կեսն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել