Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցեցին Գավառ-Երեւանի համար

Դեկտեմբեր 12,2008 00:00

«Ալիկ» եւ «Գավառտրանս» ընկերություններն ամեն կերպ փորձում էին գովերգել իրենց մեքենաների հնարավորությունները:

Նախօրեին Հյուսիսային ավտոկայարանում տեղի ունեցավ բավականին եկամտաբեր երթուղագծերից մեկի՝ Գավառ-Երեւան գծի մրցույթը: Միջմարզային այս երթուղագիծը, մնացած գծերի նման, նույնպես կռվախնձոր է: Մրցույթին մասնակցում էր 2 ընկերություն՝ «Ալիկ» ՍՊԸ-ն եւ «Գավառտրանսը»: Նշենք, որ մինչ այժմ գիծը սպասարկել է «Գավառտրանսը»: Գծի լիցենզիա ստանալու համար 2 տնտեսվարողները մրցույթի ժամանակ ցուցադրեցին, թե իրենց մեքենաները ուղեւորների համար ինչ հարմարություններ ունեն: Կողմերը ներկայացրին 5-ական մեքենա: «Ալիկ» ՍՊԸ-ն երթուղագծի մրցույթին մասնակցում էր առաջին անգամ: Այս ընկերության սեփականատեր Արամ Մարտիրոսյանը ջանք ու եռանդ չէր խնայում իր «Գազել» եւ «Հունդայի» մակնիշի միկրոավտոբուսները ներկայացնելու համար: Նա ամեն մեքենայի ցուցադրության ժամանակ նշում էր, որ դրանք բոլորովին նոր են. «Բոլոր նստելատեղերին կան անվտանգության կապիչներ: Մեր բոլոր ուղեւորները ապահովագրված են, եթե, Աստված չանի, մի բան պատահի՝ վնասվածքների դեպքում նրանք ապահովագրություն կստանան: Մեր մեքենաների մեջ DVD էլ կա, ուղեւորները ճանապահներին չեն ձանձրանա»: Մեր հարցին, թե DVD-ի ծրագիրն ի՞նչ է լինելու, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Ուղեւորներն ինչ որ ցանկանան»: «Հունդայիները» ցուցադրելիս էլ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Սա 2 «Գազելի» գին ունի՝ օդափոխության համակարգ, նստելատեղերը շարժական են, այսինքն՝ ամեն մեկը կարող է իրեն հարմարեցնել տեղը»:

Իսկ «Գավառտրանսի» ավտոմեքենաները «գազելներ» էին: Նախորդ «ճոխ» ցուցադրությունից «Գավառտրանսի» վարորդները խառնվել էին իրար: Նրանք մի քանի րոպե չէին կարողանում կողմնորոշվել, թե ով առաջինը մոտենա հանձնաժողովականներին: Առաջին մեքենան ստուգելուց հետո պարզ դարձավ, որ այս ընկերության վարորդներն իրենց բժշկական եզրակացությունները՝ «պսիխոները» թողել էին տանը՝ հայրենի Գավառում: Մոտ 2 ժամ պահանջվեց մինչեւ «պսիխոները» տեղ հասան եւ հանձնաժողովականները վերսկսեցին ստուգումները: Դա խիստ նյարդայնացնում էր «Ալիկ» ՍՊԸ-ի սեփականատիրոջը, որը դժգոհությամբ ասում էր. «Մեր DVD-ները, ասում են, հաշիվ չի: Նրանք իրենց «պսիխոները» չեն բերել, գոնե դա հաշվի առնեն»: «Գավառտրանսի» ամեն մի մեքենայի արգելակները ստուգելու պահին հակառակ ճամբարից բղավում էին՝ «տոռՆուզները (նրանք հենց այդ բառն էին օգտագործում-Ա.Խ.) չի պահում»:

Որպես առավելություն, «Գավառտրանսն» էլ շեշտում էր այն, որ շուրջ 60 տարի այդ գիծն իրենք են սպասարկում, ու քանի որ այդքան տարիների ընթացքում իրենք բարեխիղճ տնտեսվարող են եղել, ուստի մրցույթը պետք է իրենք հաղթեն:

Մեր հարցին, թե պարտադի՞ր էր բժշկական եզրակացությունների բնօրինակները ներկայացնել երթուղայինների ցուցադրությանը, տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը պարզաբանեց, որ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 4-ի N1273 որոշման 31 կետի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպություններից պահանջել փաթեթում ներառված փաստաթղթերից ցանկացածի բնօրինակը:

Մրցութային ցուցադրության ավարտին հանձնաժողովի անդամները գնացին դռնփակ նիստ գումարելու: Մենք ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ընկերություններն ի՞նչ թերություններ ունեին, սակայն նրանք պատասխանեցին, որ մրցույթի արդյունքները ամփոփելուց առաջ իրավունք չունեն մեզ տեղեկատվություն տալ, միայն հայտնեցին, որ 2 կողմի մեքենաներն էլ բոլորովին նոր էին եւ լավ վիճակում: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2 շաբաթից: Մեր տեղեկություններով՝ ընկերությունների նախնական արդյունքները հավասար են: Այդ դեպքում, ըստ կառավարության կողմից հաստատված կարգի, հանձնաժողովը հաշվի է առնում, թե ընկերությունները նախկինում ինչպես են սպասարկել երթուղագծերը, իսկ եթե սպասարկման որակն էլ է հավասար եղել, ապա ընտրվում է ամենացածր սակագին առաջարկած ընկերությունը: Մեր տեղեկություններով՝ 2 ճամբարներից էլ առաջարկել են տոմսի արժեքը՝ 500 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել