Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱԿՑԻԱ

Դեկտեմբեր 12,2008 00:00

Ում տարիքը ներում է՝ անպայման կհիշի 88-ի

դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժի օրը

Տողերիս հեղինակն այդ ժամանակ աշխատում էր «Մարզական Հայաստանի» խմբագրությունում, որը ԴՕՍԱԱՖ-ի շենքին «կպած» էր մեկ ընդհանուր պատով: Ժամը 11.41-ին ուժեղ ցնցում զգացինք: Ամբողջ կոլեկտիվից ես ու լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը վազեցինք փողոց: Հետո՞… Ամեն բան նորմալ էր: Բայց բառացիորեն մեկ ժամ չանցած, նույն ԴՕՍԱԱՖ-ից տեղեկացրին. «Լենինականը չկա»: Հարազատությունս ապրում էր Լենինականում: Անհանգիստ էի: Տեղս չէի գտնում: Օպերատիվ, իրականությունը հաստատող կամ ժխտող ոչ մի տեղեկություն չկար: Մոտ մեկ ժամ անց միայն ԴՕՍԱԱՖ-ի զինվորական կապավորներից եւ «Ռադիոսպորտի» ռադիոսիրողներից վստահաբար տեղեկացա, որ լուրը ճիշտ է:

Օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ» ԲԲԸ-ն $4 մլն արժողությամբ հատուկ մասնագիտական սարքավորումներ, ներառյալ ռադիոընդունիչներ, ազդանշանի նվազիչ եւ ուղղորդված ալեհավաք նվիրեց Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիային: Առաջին հայացքից սա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի արդեն սովորական դարձած, բայց իրականում խիստ անհրաժեշտ հերթական անվարձահատույց գործողություններից մեկն է, այս անգամ՝ սպորտի բնագավառում: Բայց այս մեկը, ինչպես եւ նախորդները, ոչ մի չափանիշով գնահատումի ենթակա չեն: Թողնենք, որ եթերում առանձնացված որոշակի տիրույթում իրականացվող ռադիոսիրողների կապը, որն անվանվում է նաեւ սիրողական ռադիոկողմնորոշում կամ ռադիոսպորտ, որպես մարզաձեւ Հայաստանում նյութատեխնիկական հագեցվածության առումով, մեղմ ասած, առայսօր ավելի շատ խնդիրներ է ունեցել ու չնայած դրան, համաշխարհային մրցումներում 30-րդ արդյունքն է արձանագրել: «ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի այս նախաձեռնությունը, եթե ավելի խորը նայելու լինենք, մեր երկրի համար նախ եւ առաջ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող քայլ է: Ինչո՞ւ: Որովհետեւ հենց նույն 88-ի դեկտեմբերի 7-ին, երբ երկրաշարժի հետեւանքով Հայաստանի ներսում եւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը կտրվել էր, արհավիրքի իրողության ու մասշտաբների մասին աշխարհն օպերատիվ տեղեկատվություն ստանում էր հենց ռադիոսիրողների շնորհիվ: Իսկ այդ օրերին, էլի պարտավոր ենք հիշել, ամեն մի ժամն ու րոպեն հազարավոր մարդկանց կյանք արժեին:

Հիմա մնում է հուսալ, որ Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիան արդեն նոր տեխնիկական հնարավորությունները, մարզական նշանակությունից բացի, կծառայեցնի նաեւ աշխարհի հետ միջմշակութային եւ ընդհանրապես մյուս բոլոր ոլորտներում ճշմարիտ տեղեկատվության տարածմանը, սերտ կապերի հաստատմանը, որտեղ մինչեւ այսօր տանուլ տվածի դերում ենք եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել