Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսից թաքնվողները

Դեկտեմբեր 12,2008 00:00

Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն՝ ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար երեք բան հաստատուն է, որոնց կարելի է անվերջ նայել ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ջահել ձուկն է ապրում: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, հողի վրա եմ: Եվ այդ երեք առնչությունները մեր կյանքի դժվար օրերի մեջ կարծես թե հեշտացնում են, հնարավոր դարձնում ընդունել քո հորդորը, Տե՛ր՝ սիրի՛ր թշնամուդո եւ համակերպվել մահկանացուներիս հասու բարձրագույն երանությանը: Միեւնույն է, դժվար փորձություն ես առաջադրել, Տե՛ր, որի ծանրությունից խարխլվում է մարդու հոգու հիմքերը՝ ճանապարհ բացելով շարունակական տագնապների: Իհարկե, կարելի է սիրել թշնամուն կամ ներել նրան, եթե նա երեւութական է, ունի դեմք ու անուն, բայց հաստատ հնարավոր չէ ներել աներեւույթ թշնամուն, որը ներկայանում է դեմքով բարեկամի եւ քեզ հետ կիսում քո սեղանն ու խոսքի սրբազան հացը:

Երբ Ալեքսանդր Մեծը՝ ճակատագրի տրուբադուրը, այցելեց Արարատի քրմին եւ նրա քարանձավ-ապարանքի կենտրոնում տեսավ շքեղ ջրավազանում լողացող միայնակ ձկանը, հարցրեց. -Ինչո՞ւ է ձուկը մենակ եւ ի՞նչ է դա խորհրդանշում: Քուրմը պատասխանեց.

-Ձուկը Աստծո նշանն է: -Ո՞ր աստծո,- զարմացավ բազմաթիվ աստվածների երկրպագող Ալեքսանդրը:- Աստված մեկն է, ով Մեծն Ալեքսա՛նդր,- պատասխանեց քուրմը: -Եվ ի՞նչ է այդ Աստծո անունը,- հարցրեց Ալեքսանդրը: -Ոչ ոք չգիտի,- ասաց քուրմը,- մենք սպասում ենք, որ նա պիտի գա, եւ նա հայտնվելու է միայնակ: Իսկ դու՝ անհանգի՛ստ հոգի, ոչ թե Ամոնի որդին ես, այլ գալիք Աստծո նախանշանը, որի գալստյան ճանապարհն արդեն բացում ես քո բանակով…

Այնինչ, անպարտելի թվացող Հռոմում կային նույնիսկ լույսից թաքնվող կոյուղու աստվածներ, որոնք հաստատ երբեք չէին նայել աստղերին, չէին տեսել կրակը եւ անապակ կենդանի ջուրը ու, ապրելով թանձրագաղջ խավարում, մտմտում էին, այսօր էլ են մեր կողքին մտմտում նրանք, թե ինչպես իրենց պղտոր հոսքով աղտոտեն, թունավորեն մեզ՝ մահկանացուներիս տրված մեր կյանքն ու բարձրագույն երանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել