Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՔՆՆԱԴԱՏԵՑ «ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

Դեկտեմբեր 12,2008 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել ՀՀ խորհրդարանում ընդունված «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը առնչվող հայտարարությամբ: Օրենքը համարելով երկրի համար կարեւորագույն ֆինանսական փաստաթուղթը՝ Կոնգրեսը շեշտել է, թե՝ «այն ցուցադրեց, որ վարչախումբը շարունակում է անհաղորդ մնալ աշխարհում եւ երկրի ներսում կատարվող կարեւոր գործընթացներին, իսկ իր հռչակած որեւէ տնտեսական ծրագիր առնչություն չունի իրականության հետ»։ ՀԱԿ-ի դիտարկմամբ՝

2009թ. պետական բյուջեն կազմվել է առանց լուրջ վերլուծության, քննարկվել եւ ընդունվել է քաղաքական դիմագծից զուրկ, անգործունյա խորհրդարանի կատարյալ անտարբերության պայմաններում: Դրա հետեւանքով ֆինանսական կարեւոր այս փաստաթուղթը ծնվել է հետեւյալ անխուսափելի արատներով՝ «որեւէ կերպ հաշվի չեն առնվել եւ չեն արտացոլվել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, բյուջեն զուրկ է ծրագրային որեւէ հիմքից՝ երկրի տնտեսության զարգացման հիմնասյուն հանդիսանալու փոխարեն, դրան վերապահված է զուտ գանձապետական ֆունկցիա, տարվա ընթացքում հարկային բնագավառում կատարված փոփոխությունների հետեւանքով հարկային բեռը հիմնականում ծանրացած է փոքր եւ միջին ձեռնարկատերերի վրա, ինչը մինչեւ վերջ քայքայելու է առանց այդ էլ օժանդակության ու հոգածության կարոտ այս շերտը»:

Նման վերաբերմունքը, ՀԱԿ-ի համոզմամբ, վկայում է, որ կառավարությունն ապատեղեկացնում է բնակչությանը: «Ճգնաժամային տարվա բյուջեի ծախսային մասում պետք է լինեին միջոցառումներ՝ ուղղված հատուկ հակաճգնաժամային ֆոնդի ձեւավորմանը, բյուջեում չկա նաեւ որեւէ հոդված, որով նախատեսված լինեն միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու, բարդացող սոցիալական վիճակը մեղմելու, բազմապատկվող գործազրկության աճը կանխելու խիստ հրատապ խնդիրները լուծելու համար նախատեսված ծախսեր»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ, որը եզրափակվում է իշխանություններին ուղղված պահանջով՝ ձեռնարկել քայլեր՝ մեղմելու համար ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել