Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնչորսերորդ

ԾԻԱԾԱՆ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Եվ Արիսը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «ում ուզում ես պատմի, մենակ թե՝ Հրանտին չպատմես», եւ Գագոն ինձ ասաց՝ «որ պատմես՝ դու էլ հետներս ես խայտառակ ըլնելու», եւ Արիսն ասաց՝ «իրար հետ ենք էդ գյուղն Ահնիձորի հետ շփոթել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թող պատմեմ՝ թող ես էլ հետներդ խայտառակ ըլնեմ», եւ Արիսն ասաց՝ «ում ուզում ես պատմի, մենակ թե՝ Հրանտին չպատմես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս պատմությունն ամենից շատ Հրանտին կհետաքրքրի», եւ Արիսը հարցրեց՝ «Հրանտին ի՞նչը պիտի հետաքրքրի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ձեր տեքստերը», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ տեքստեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ասում էիք, որ Հրանտի պես հզոր գրողը մենակ էդ գյուղում կարար ծնվեր», եւ Գագոն ասաց՝ «էդ Արիսն ա ասել», եւ տեղատարափը շարունակվում էր, եւ Արիսը Գագոյին ասաց՝ «դու ճամփիդ նայի՝ շուռ չգանք ձորը», եւ Գագոն նորից ասաց՝ «էդ Արիսն ա ասել», եւ Արիսը գոռաց՝ «ի՞նչ եմ ասել», եւ Գագոն ասաց՝ «ասեցիր, որ Հրանտի պես հզոր գրողը մենակ էդ գյուղում կարար ծնվեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «անցած ըլնի», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչը անցած ըլնի», եւ ես ասացի՝ «կարեւորն էն ա, որ իսկական Ահնիձորը տեսանք», եւ Գագոն ասաց՝ «որ իսկականը չտենայինք, իսկականից խայտառակ էինք ըլնելու», եւ Արիսն ասաց՝ «էդ քյոռփեն որ չըլներ, իսկականը դժվար էլ տենայինք», եւ ես ծիծաղելով Արիսին ասացի՝ «կարեւորն էն ա, որ իսկականն արդեն տեսել ես, բիձի», եւ Գագոն ասաց՝ «կարգին չտեսանք էլ. էս անտեր անձրեւը րոպեական վրա տվեց», եւ ես ասացի՝ «որ մի քանի րոպե էլ ուշանայինք, Ահնիձորը վաբշե չէինք տենալու», եւ Գագոն ասաց՝ «էդ ի՞նչ տենալ էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ հարմարացնենք՝ մի անգամ էլ կգանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարեւորն էն ա, որ Արիսի ասածը հաստատվեց», եւ Արիսը հարցրեց՝ «ո՞ր ասածս», եւ ես ասացի՝ «Հրանտի պես հզոր գրողը մենակ էդ գյուղում կարար ծնվեր», եւ Արիսը հարցրեց՝ «ո՞ր գյուղում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ երկրորդ՝ իսկական Ահնիձորում», եւ Արիսը ժպտալով ինձ ասաց՝ «դու ավելի լավ կանես՝ ծիածանից խոսաս», եւ ես ասացի՝ «ծիածանի հարցը փակեցինք», եւ Արիսը հարցրեց՝ «ո՞նց փակեցինք», եւ ես ասացի՝ «պարզեցինք, որ տեսողական պատրանք ա», եւ Արիսն ասաց՝ «պարզվում ա՝ Գագոն ու դու լսողական պատրանք էլ ունեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չեղած բաներ եք ինձ վերագրում», եւ ես ասացի՝ «անցած ըլնի», եւ Գագոն ինձ ասաց՝ «ասում ես՝ անցած ըլնի, բայց հենց հասանք Երեւան՝ սաղին պատմելու ես», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «դու էլ մի գլուխ շիրա ես տալի, որ պատմի», եւ Գագոն ասաց՝ «Արմենին նոր պիտի ճանաչե՞մ», եւ Արիսն ասաց՝ «մենք էլ իրա ծիածանից կպատմենք», եւ ես հարցրի՝ «ծիածանից ի՞նչ պիտի պատմեք», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «գիտենք՝ ինչ կպատմենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դուք ամենակարեւորը չգիտեք, բիձի», եւ Արիսը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «դուք նույնիսկ չգիտեք՝ խի էիք Աթանն Ահնիձորի հետ շփոթել», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ դու չէիր շփոթել», եւ Արիսն արհամարհանքով ասաց՝ «ինքը ո՞նց կշփոթի. իրա պորտն Աթան են կտրել», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «իրա պորտը որ Աթան կտրած ըլնեին՝ շատ հզոր բանաստեղծ կդառնար», եւ Արիսն ասաց՝ «ըսենց էլ ա շատ հզոր. փաստորեն, ամեն ինչ գիտի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտեմ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «գիտես, որ ծիածանն անձրեւից հետո ա դուս գալի», եւ ես հարցրի՝ «դուք չգիտե՞ք», եւ Արիսը քմծիծաղով ասաց՝ «մենք ո՞նց կարանք ըտենց բարդ բաներ իմանանք», եւ ես ասացի՝ «բայց ես ամենակարեւորը գիտեմ», եւ Գագոն հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «գիտեմ՝ խի էինք Աթանն Ահնիձորի հետ շփոթել», եւ Արիսն արհամարհական ասաց՝ «Գագոն շատ ուժեղ շոֆեր ա, դրա համար էլ շփոթեցինք», եւ Գագոն ասաց՝ «կարող ա՞ վերջում ինձ մեղավոր հանեք», եւ ես ասացի՝ «դուք իսկական պատճառը չգիտեք», եւ Արիսն ասաց՝ «որ գիտեիր, սկզբից կասեիր՝ չէինք շփոթի», եւ ես ասացի՝ «սկզբում չէի հիշում. հիմա՛ հիշեցի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ հիշեցիր», եւ Արիսը տհաճությամբ նայեց ինձ ու ասաց՝ «թե բան ունես ասելու՝ ասա. սպանիր թողիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «գիտե՞ք «Մենք ենք, մեր սարերը» որտեղ են նկարահանել», եւ Արիսն ասաց՝ «պարզ ա՝ որտեղ պիտի նկարեին», եւ ես հարցրի՝ «որտե՞ղ», եւ Գագոն ասաց՝ «պարզ ա, որ Ահնիձորում են նկարահանել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա պարզ», եւ Արիսն ասաց՝ «էդ կինոն հազար անգամ տեսել ենք, էսօր էլ Ահնիձորը տեսանք. կինոյին մեկին մեկ բռնում էր», եւ Գագոն ասաց՝ «Ահնիձորը ե՞րբ կարգին տեսանք», եւ Արիսն ասաց՝ «ինչքան տեսանք՝ հերիք էր», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ հերիք չէր», եւ Արիսը հարցրեց՝ «ինչի՞ն հերիք չէր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ հասկանայիք, որ էդ կինոն Ահնիձորում չեն նկարել», եւ Գագոն հարցրեց՝ «բա որտե՞ղ են նկարել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ կինոն Աթանում են նկարահանել», եւ Արիսը նախ զարմացած ինձ նայեց, հետո արհամարհական քմծիծաղ տվեց ու ասաց՝ «քեզանից բաներ ես բստրում», եւ ես ասացի՝ «գրազ գա՞նք», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ ես ասացի՝ «գրազ գանք, որ էդ կինոն Աթանում են նկարել», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ մի բան հաստատ չեմ իմանում՝ գրազ չեմ գալի», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «որ գրազ գաք՝ ո՞նց պիտի ապացուցես, որ Աթանում են նկարահանել», եւ ես ասացի՝ «շատ հասարակ», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞նց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կհասնենք Երեւան՝ Հրանտից կհարցնենք», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «քեզ Հրանտն ա՞ ասել», եւ ես ասացի՝ «չէ՝ Ֆրունզիկը», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ Ֆրունզիկ», եւ ես ասացի՝ «քանի՞ հատ Ֆրունզիկ կա», եւ Արիսը հարցրեց՝ «Մկրտչյա՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Գագոն ասաց՝ «էդ ո՞նց ա՝ Ֆրունզը քեզ ասել ա, բայց Արիսին չի ասել. կարող ա՞ Ֆրունզի հետ դու ավելի մոտիկ ես, քան՝ Արիսը», եւ ես ասացի՝ «կարող ա առիթ չի էղել, որ Արիսին ասի», եւ Արիսն ինձ հարցրեց՝ «Ֆրունզը ե՞րբ ա քեզ էդ բանն ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հինգ տարի առաջ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «լավ չեմ հիշում», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչը լավ չես հիշում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կամ Ֆրունզիկն ա ասել, կամ էլ՝ Շերենցը» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարծեմ Շերենցն ասեց», եւ Արիսն արհամարհական հարցրեց՝ «Շերենցն ի՞նչ ասեց», եւ ես ասացի՝ «ասեց, որ էդ ֆիլմն Աթանում են նկարահանել», եւ Արիսը քմծիծաղով ասաց՝ «Շերենցն էդքան երկար նախադասություն ո՞նց կարար ասեր», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «էն էլ՝ գրական լեզվով», եւ ես ասացի՝ «կարող ա գրական չի ասել, բայց ասել ա», եւ Գագոն ասաց՝ «բայց Շերենցն ի՞նչ գիտի՝ էդ կինոն որտեղ են նկարել», եւ ես ասացի՝ «ինքն էլ ա էդ ֆիլմում խաղում», եւ Արիսն ասաց՝ «շատ էլ լավ ա խաղում», եւ Գագոն ասաց՝ «կարող ա շատ լավ խաղա, բայց չիմանա՝ Ահնիձորո՞ւմ ա խաղում, թե՝ Աթանում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ կա», եւ Գագոն ինձ ասաց՝ «ես էլ գիտեմ՝ լուրջ բան ես ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա անլուրջ», եւ Գագոն ասաց՝ «ա՛յ միամիտ, Շերենցի ասածի հիման վրա ուզում ես Արիսի պես քայլող հանրագիտարանի հետ գրազ գա՞ս», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «դու ճամփիդ նայի՝ ձորը չգլորվենք», եւ, հիշում եմ, երբ Արիսն էդ ասաց, անձրեւն արդեն կտրվել էր, եւ ծիածանը դեմներս շողշողում էր, եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, քայլող հանրագիտարանն Արմենն ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «մենակ դու գիտես, որ ծիածանն անձրեւից հետո ա դուս գալի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «տեսողական պատրանք ա», եւ Գագոն ասաց՝ «ինքը համ էլ գիտի, որ էդ կինոն Աթանում են նկարել», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «մեկ ինքը գիտի, մեկ էլ՝ Շերենցը», եւ ես ասացի՝ «որ Շերենցն էդ բանն ասեց, Ֆրունզիկն էլ էր հետներս նստած», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «հաստատ լսողական պատրանք ա էղել», եւ Արիսն ինձ հարցրեց՝ «որտե՞ղ էիք նստած», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կինո «Մոսկվայի» դեմի կաֆեում», եւ Արիսը քմծիծաղով ասաց՝ «էդ մեկը ճիշտ ես ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Արիսն ասաց՝ «իրանք միշտ էլ էդ կաֆեում են նստում», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «հետներդ ուրիշ ո՞վ կար», եւ ես հիշեցի ու ասացի՝ «Լեւոն Ներսիսյանը», եւ Արիսը քմծիծաղով ասաց՝ «կարգին շրջապատ ունես», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «բայց էդ շրջապատը հեչ հիմք չի, որ հետդ ռիսկ անի գրազ գա», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «բայց ո՞վ ա գրազ էկել», եւ Գագոն ասաց՝ «Արմենն էր ուզում գրազ գար», եւ ես ասացի՝ «հիմի էլ եմ ուզում», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ ես ուզում», եւ ես ասացի՝ «գրազ գանք», եւ Գագոն ասաց՝ «Շերենցի ասածը հիմք չի», եւ ես ասացի՝ «հասնենք Երեւան՝ Հրանտին կհարցնենք», եւ Արիսն ասաց՝ «կհասնենք՝ կհարցնենք», եւ ես ասացի՝ «մի բան էլ հիշեցի», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ հիշեցիր», եւ ես ասացի՝ «Ֆրունզն ասում էր, որ իրանց նկարահանող խմբի ավտոբուսն ու ավտոները դժվարացել են Ահնիձորի էդ դիքը բարձրանան, դրա համար էլ Մալյանը որոշել ա, որ Աթանում էդ ֆիլմը նկարեն», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էդ դիքը պատմական դիք ա», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «էս ծիածանն էլ ա պատմական», եւ ես ժպտալով ասացի՝ «ծիածանի հաշվով էլ կարանք գրազ գանք», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ ես ասացի՝ «գրազ գանք, որ ծիածանն անձրեւից հետո ա դուս գալի», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «ես ուրիշ գրազ եմ առաջարկում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրազ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «գրազ գանք, որ մածունը սիպտակ ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «որ հասնենք Երեւան՝ Հովիկից կհարցնենք», եւ Արիսը հարցրեց՝ «Հովիկից ի՞նչ կհարցնենք», եւ Գագոն ասաց՝ «կհարցնենք՝ մածունն ինչ գույնի ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «իրանք Ահնիձորում տնական մածուն են կերել», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «մեզ էդ բախտը չվիճակվեց» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մածնի իսկական գույնը մենակ Շերենցը կարա որոշի», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «որ հասնենք Երեւան՝ կհարցնենք», եւ ես ասացի՝ «հենց հասնենք Երեւան՝ ուղիղ կգնանք Հրանտենց տուն», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «Հրանտենց տո՞ւն ինչի գնանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ իրան բացատրենք, թե ինչի ա ինքը հզոր գրող», եւ Արիսը տհաճությամբ ինձ նայեց ու ասաց՝ «խայտառակ չես, արա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «խի՞ եմ խայտառակ, բիձի», եւ Արիսն ասաց՝ «քեզանից բաներ ես բստրում», եւ Գագոն Արիսին ասաց՝ «արի իրար հետ գրազ գանք», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «գրազ գանք, որ Արմենն էս պատմությունը Հրանտին կպատմի», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «դու որ էս պատմության համար չես ամաչում, ե՞ս խի պիտի ինձ վատ զգամ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ե՞ս խի պիտի ամաչեմ», եւ Արիսն ասաց՝ «հիմի էլ ըսենց խոսալով ես ընկնելու՝ Օձունի տեղակ Դսեղ քշես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Թումանյանի պես հզոր գրողը մենակ Դսեղում կարար ծնվեր», եւ Գագոն ասաց՝ «բայց իրա տաղանդը Թիֆլիսում ա դրսեւորվել», եւ Գագոյի խոսքի վրա մեքենայի տակը շատ ուժեղ խփեց, եւ Արիսը Գագոյին ասաց՝ «բայց քո տաղանդը շոֆերության մեջ հեչ չի դրսեւորվում», եւ Գագոն ասաց՝ «էս ճամփեքին վիլիսն էլ չէր դիմանա», եւ Արիսը Գագոյին հարցրեց՝ «ճիշտ ե՞նք Օձուն գնում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես», եւ ես մեքենայի պատուհանից սարերին նայելով ասացի՝ «հետո էլ ասում են՝ Սարյանը ռեալիստ նկարիչ չի», եւ Արիսը հարցրեց՝ «Սարյանի՞ն խի հիշեցիր», եւ ես ասացի՝ «որ էս սարերին նայում ես՝ ոնց որ Սարյանի նկարն ըլնի», եւ Արիսն ասաց՝ «ինքը հենց էս սարերն ա նկարել. էդ նկարը կոչվում ա՝ «Թումանյանի լեռները», եւ Գագոն ասաց՝ «Սարյանի տաղանդն էլ Չալդրում ա ձեւավորվել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Չալդրում ձեւավորվել ա, բայց Ռոստովում ա դրսեւորվել», եւ Գագոն ասաց՝ «Խաթլամաջյան Սեյրանի տաղանդն էլ ա Չալդրում ձեւավորվել», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «բայց «Սկվազնյակում» ա դրսեւորվել», եւ մենք ծիծաղեցինք, ու Արիսի նեղվածությունն անցավ, եւ Օձունի ճանապարհին մտածում էի, որ մեր մեծերն, իսկապես, աշխարհից կտրված՝ հեռու ու հեռավոր տեղերում են ծնվել ու մեծացել, ու ձիավոր պատանյակին հիշելով՝ մտածում էի, որ եթե էդ ձիավորն էլ երբեւէ հաջողացներ իրենց էդ գյուղից դուրս պրծնել՝ հաստատ մեծ մարդ էր դառնալու, եւ էդ բաները մտածելով՝ Գագոյին հարցրի՝ «էս ավտոդ պիտի էն ձիավոր էրեխին տայիր», եւ Գագոն զարմացած ասաց՝ «չհասկացա», եւ ես ասացի՝ «իրա սիրտը ավտոյիդ էր կպել», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «դու որ ավտո առնես, կբերես՝ կտաս իրան», եւ ես ասացի՝ «ուշ կըլնի», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ց ուշ կըլնի», եւ ես ասացի՝ «որ ավտոդ տայիր, կքշեր՝ կգնար Երեւան», եւ Գագոն հարցրեց՝ «հետո՞», եւ ես ասացի՝ «որ գնար Երեւան՝ շատ մեծ մարդ կդառնար», եւ Արիսն ինձ հարցրեց՝ «դու որ Երեւան ես ծնվել՝ շատ մեծ մարդ ե՞ս դառել», եւ ես ասացի՝ «որ էս տեղերից Երեւան գնացած ըլնեի՝ հաստատ մեծ մարդ դառած կըլնեի», եւ Արիսն ասաց՝ «շա՜տ սրամիտ քյոռփա էր», եւ ես ասացի՝ «դրա ոտը որ քաղաք ընկնի՝ շատ մեծ մարդ կդառնա», եւ Արիսն ասաց՝ «էդ լակոտն ըսենց էլ ա մեծ», եւ ես ասացի՝ «ըսենց մենակ մենք իրա մեծությունն իմացանք», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծությունը իմանալով կամ չիմանալով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Թումանյանի մեծությունն է՛լ մենակ մենք գիտենք», եւ Գագոն ասաց՝ «Նարեկացունն էլ», եւ Արիսն ասաց՝ «ընենց որ՝ Երեւան գնալը քիչ ա. պիտի ուրիշ տեղ գնաս», եւ ես ասացի՝ «հայի բախտ ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ընենց որ՝ էս ավտոս էդ էրեխին չէր փրկի», եւ Արիսն ասաց՝ «Արմենը որ Երեւանում մնար՝ ո՞վ էր իրան բանի տեղ դնելու», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Արմեն», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Ջիգարխանյան», եւ Գագոն ասաց՝ «հիմի Սովետով մեկ հայտնի մարդ ա», եւ ես ասացի՝ «Ֆրունզն էլ ա հայտնի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Հրանտին էլ Սովետում գիտեն», եւ Արիսն ասաց՝ «Հրանտին Սովետը շատ քիչ ա. իրան սաղ աշխարհը պիտի իմանար ու ճանաչեր», եւ Գագոն ասաց՝ «Հրանտն էդ մասին երեւի չի էլ մտածում», եւ Արիսն ասաց՝ «որովհետեւ իրան պետք չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ճանաչվելն աշխարհին ավելի ա պետք, քան՝ իրան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Նարեկացուն որ աշխարհը չի ճանաչում, դրանից աշխարհն ա տուժում, ոչ թե՝ Նարեկացին», եւ Գագոն ասաց՝ «հայերն էլ են տուժում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս՝ աշխարհն ավելի ա տուժում, քան՝ հայերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, հայերը Նարեկացուն գիտեն, բայց աշխարհը չգիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Թումանյան ու Չարենց էլ չգիտեն», եւ ես ասացի՝ «էդ ձիավորի անունն իզուր չհարցրինք», եւ Արիսն ինձ ասաց՝ «ի՞նչ ես կպել էդ ձիավորից», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ Գագոն ավտոն տար՝ կարող ա էդ էրեխեն էլ մի օր Թումանյան դառնար» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կամ էլ՝ Նարեկացի», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «լա՜վ Նարեկացի գտար», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ինչ էլ դառնար, մեկ ա՝ աշխարհը չէր իմանալու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «աշխարհն էր տուժելու», եւ Արիսը նեղացած ինձ ասաց՝ «ես լուրջ բաներ եմ ասում, բայց դու սովորությանդ համաձայն անլրջացնում ես», եւ ես ասացի՝ «դո՛ւք եք անլրջացնում», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչն ենք անլրջացնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ ձիավորին», եւ Արիսն ասաց՝ «էդ ձիավորին հանգիստ թող», եւ ես միանգամայն լուրջ ասացի՝ «էդ ձիավորն էլ էր մեծություն», եւ Արիսն ասաց՝ «դրա մեծությունը ո՞րն էր», եւ ես ասացի՝ «չեմ կարա բացատրեմ», եւ Արիսն ասաց՝ «որ չես կարա բացատրես՝ տեղդ հանգիստ նստի», եւ ես ասացի՝ շատ հետաքրքիր ձիավոր էր», եւ Արիսն ասաց՝ «մի գլուխ լեզվին էր տալի», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «իսկական մեծություններին միշտ էլ չեն հասկացել», եւ ես ասացի՝ «չհասկացողները չեն հասկանում, որ տուժողն իրանք են, ոչ թե՝ մեծությունները», եւ Արիսն արհամարհանքով ասաց՝ «հիմի էլ դուք եք ձեր լեզվին տալի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ չի հասկանում՝ լո՞ւրջ եք խոսում, թե հանաք եք անում», եւ ես ասացի՝ «Գագոն հանաք ա անում, բայց ես լրիվ լուրջ եմ խոսում», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «խի՞ ես իմ անունից խոսում», եւ ես ասացի՝ «որովհետեւ դու է՛լ էդ ձիավորին լուրջ չես ընդունում», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ց ես ենթադրում, որ լուրջ չեմ ընդունում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ լուրջ ընդունեիր՝ ավտոդ կտայիր իրան», եւ Գագոն ծիծաղելով հարցրեց՝ «որ ավտոս իրան տայի, հիմի ո՞նց էինք Օձուն հասնելու», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ձիով» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ձիերով», եւ Արիսն ասաց՝ «հիմի արդեն գյաբառլամիշ էղած կըլնեինք», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «հատկապես Գագոն ու դու», եւ ես հարցրի՝ «խի՞ հատկապես մենք», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Երեւանում ծնված տղերք եք. ձիուց ո՞նց էիք գլուխ հանելու», եւ ես ասացի՝ «մի քանի անգամ ձի քշել եմ», եւ Արիսը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ ես ձի քշել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ձիարշավարանում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձիարշավարանում պապս էլ կքշի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ձիարշավարանն ու էս խորդուբորդ ճամփեքը մեկ ե՞ն», եւ Գագոն ասաց՝ «էս ճամփեքով ավտոն հազիվ ա գնում», եւ Գագոյի խոսքի վրա ավտոյի տակը շատ ուժեղ խփեց, եւ Արիսը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «էս գնալ ե՞ս համարում, ա՛յ բիձի», եւ Գագոն արդարանալով ասաց՝ «ծանր ենք, դրա համար էլ ավտոյի տակը խփում ա», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «մեջներիս ծանրը դու ես», եւ ես ասացի՝ «ես ու Արիսը շատ էլ թեթեւ ենք», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «թեթեւ եք, բայց շատ ծանր զրույցներ եք վարում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ բանի ընդունակ չենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձի քշել չգիտենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մենակ ձիարշավարանում ենք կարում ձի քշենք», եւ Գագոն ասաց՝ «ուրիշներն էդ էլ չեն կարում», եւ ես Գագոյին ասացի՝ «էն արաղի շիշն ո՞ւր ա», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ արաղի շիշ», եւ ես ասացի՝ «Գագոն արաղ ա վերցրել», եւ Գագոն Արիսին ասաց՝ «մտածում էի՝ ճամփին մի կտոր բան կուտենք ու մի բաժակ բան կխմենք», եւ Արիսն ասաց՝ «բայց դու ռույլի վրա ես», եւ ես Արիսին ասացի՝ «իմ ու քո համար ա արաղը վերցրել», եւ Արիսն ասաց՝ «առավոտից բան չենք կերել», եւ ես ասացի՝ «մի տեղ կանգնենք՝ մի կտոր բան ուտենք ու մի բաժակ բան խմենք», եւ Գագոն ասաց՝ «որտե՞ղ կանգնենք. ուր նայում եմ՝ ցեխ ու ջուր ա», եւ ես ասացի՝ «մենք էլ ենք ոտից գլուխ ցեխ ու ջուր», եւ Գագոն ասաց՝ «ի՞նչ ես առաջարկում», եւ ես ասացի՝ «առաջարկում եմ՝ էս ծիածանի տակ մի բաժակ բան խմենք», եւ Արիսը հարցրեց՝ «էս ցեխերի մե՞ջ», եւ ես ձախի բացատը ցույց տալով ասացի՝ «էն խոտերի մեջ», եւ Արիսն ասաց «Գագոն ռույլի վրա չի խմում», եւ ես ասացի՝ «ես ու դու կխմենք», եւ Արիսը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ես խմող դառել», եւ ես ասացի՝ «հանկարծ մեջս խմելու ցանկություն առաջացավ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համ էլ՝ մի կտոր հաց կուտենք», եւ Գագոն ասաց՝ «կես ժամից Օձուն ենք հասնում», եւ ես ասացի՝ «դուք գիտեք», եւ Գագոն Արիսին հարցրեց՝ «ի՞նչ ես ասում, Արիս», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչն եմ ինչ ասում», եւ Գագոն հարցրեց՝ «կանգնե՞մ, թե՞ շարունակեմ», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նձ ինչի եք հարցնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որովհետեւ մեջներիս մեծը դու ես, բիձի», եւ Արիսը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «որ շատ եք ուզում՝ կանգնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ արեւի տակ մի քիչ կչորանանք», եւ Գագոն հարցրեց՝ «որտե՞ղ կանգնեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձախ թեքվի ու էդ ծիածանի տակ կանգնի», եւ Գագոն ասաց՝ «տեսողական պատրանք ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «իրականում էդ ծիածանն էստեղից շատ հեռու ա», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «ձախ թեքվի ու էն ծառների տակ կանգնի», եւ Գագոն մեքենան ձախ թեքեց ու կանգնեցրեց ծառերի տակ, եւ մենք իջանք, եւ Գագոն մեքենայից ինչ-որ հին թերթեր հանեց, փռեց քարերի վրա, հետո փոքր բաժակներն ու օղին բերեց, հետո ուտելիքը հանեց եւ դանակն ինձ տալով ասաց՝ «ի՞նչ ես պարապ կանգնել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ անեմ», եւ Գագոն ասաց՝ «էս ամեն ինչը կտրտի», եւ ես պանիրը, պոմիդորը, վարունգն ու երշիկը կտրտեցի ու սիրուն շարեցի Գագոյի բերած ափսեների մեջ, եւ Արիսն ասաց՝ «էս իսկական քեֆի սեղան դառավ», եւ Գագոն իմ ու Արիսի բաժակները լցնելով ասաց՝ «կոֆե էլ ա մնացել», եւ Արիսը Գագոյին հարցրեց՝ «քո բաժա՞կը խի չես լցնում», եւ Գագոն ասաց՝ «ես որ խմեմ՝ ձեզ ո՞վ Օձուն կհասցնի», եւ ես ասացի՝ «մի բաժակն ի՞նչ պիտի անի», եւ Գագոն ասաց՝ «ամեն ինչ մի բաժակից ա սկսվում», եւ Արիսն ինձ ասաց՝ «որ չի ուզում՝ չստիպենք», եւ ես Գագոյին ասացի՝ «գոնե մի քանի կաթիլ լցրու, որ չխկացնես», եւ Գագոն ասաց՝ «ի՞նչ չխկացնել. կարող ա՞ կենացներ ենք խմելու», եւ ես ասացի՝ «ես մի հատ կենաց եմ ուզում ասեմ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ ես ժպտալով ասացի՝ «Արիսին թամադա ընտրենք՝ կասեմ», եւ Գագոն ասաց՝ «ճիշտ ես ասում. Արիսը շատ ուժեղ թամադա ա», եւ Արիսն ապշահար նայեց մեզ ու ասաց՝ «ձեռ ե՞ք առնում, արա» եւ նեղսրտելով ավելացրեց՝ «էս չոլի մեջ ի՞նչ թամադա», եւ ես ասացի՝ «հեչ էլ չոլ չի», եւ Արիսը հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ ես սարերը ցույց տալով ասացի՝ «Թումանյանի լեռներն են», եւ Արիսն ասաց՝ «նոր ինձնից իմացար, որ Թումանյանի լեռներն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել