Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքերը կփլվեն դպրոցների վրա

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"Ահազանգում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը օրերս իր մտահոգությունը հայտնեց Երեւանի քաղաքաշինական սխալների ու կառուցապատման վերաբերյալ, ինչ թեմայով ավելի վաղ ելույթ էր ունեցել նաեւ խորհրդարանում: Պատգամավորի խոսքով՝ քաղաքաշինական առումով Երեւանն այնքան խոցելի է, որ նահանջի տեղ այլեւս չկա: «Ես դեռ վեց ամիս առաջ հայեցակարգային նամակով վարչապետին փոխանցել էի, որ պետք է լրջագույն հայացք հղել Երեւանի քաղաքաշինական նկարագրին, սակայն մինչ այժմ պատասխան չեմ ստացել»,- նշեց Լ. Գալստյանը՝ հավելելով, որ երկրաշարժի 20-ամյակի առիթով կայացած միջոցառումներն ու հանդիպումները այդ ամենի մասին եւս մեկ անգամ լրջորեն խորհելու տեղիք են տալիս: «Ողջ հանրապետության շինարարական ծավալների 85-90%-ը իրականացվել է մայրաքաղաքում։ Արդյո՞ք իրավունք ունենք գերծանրաբեռնել Երեւանը, ուր կենտրոնացած է հանրապետության բնակչության 1/3-րդը, ուր բնակելի ֆոնդի 70%- ն առանց այն էլ սեյսմակայուն չէ, իսկ չհամակարգված, լոկալ շինարարությունները հղի են տեխնածին երկրաշարժերով… Թող փորձի սովորական քաղաքացին քաղաքաշինության նախարարություն-Երեւանի քաղաքապետարան-համայնք հանգույցում խնդրին առնչվող հարց բարձրացնել, լավագույն դեպքում խորհուրդ կտան այլ իրավասու, մասնագիտական կազմակերպությունների միջոցով ճշտել քաղաքաշինական նորմերի համապատասխանությունը, շինարարության օրինականությունը։ Ու մինչ քաղաքացին կփորձի իր եւ իր միջավայրի իրավունքները պաշտպանել՝ կամ կառուցապատումը կմոտենա ավարտին, կամ էլ օրինականությունը հաստատող փաստաթղթեր կհայտնվեն»,- նշում է պատգամավորը:

Նա մի շարք հետաքրքիր փաստեր է ներկայացնում. «Օրինակ, Երեւանի քաղաքապետի 2005թ. հուլիսի 15-ի 1555-Ա որոշմամբ, Երեւանի Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում կառուցվող շենքերի բարձրությունը պետք է սահմանափակվեր այն հաշվով, որպեսզի բոլոր դիտակետերից որեւէ շենքի ուրվանկարը չդիտվեր հրապարակը շրջափակող շենքերի ուրվագծերի սահմաններում։ Որոշումը թղթի վրա է մնացել… Կամ արտգործնախարարության թիկունքում իրականացվող շինարարության արդյունքում նախարարությունը խավարի մեջ է հայտնվել: Ու դեռ միջազգային պատվիրակություններ էլ ընդունում ենք այդ շենքում»:

Ինչ վերաբերում է կառույցների սեյսմակայունությանը, մեր զրուցակիցը հայտնում է, որ, ըստ քաղաքաշինության նախարարության տեղեկանքի, 2004-07թթ. 4801 օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 1658-ում շինաշխատանքները իրականացվել են առանց որակի տեխնիկական հսկողության, իսկ օբյեկտների 54%-ում էլ որակի տեխհսկողություն են իրականացրել համապատասխան մասնագիտություն չունեցող անձինք:

Լ. Գալստյանը փաստում է, թե ինչպես տարածքներ գրավելու ճանապարհին չեն խնայվել անգամ դպրոցները. «Սարյան 23 հասցեում, թիվ 29 դպրոցին պատկից կառուցած 9 հարկանի շենքի «ներկայությունից» եռահարկ դպրոցի ողջ ձախ հատվածը՝ 15 լուսամուտներով, զրկվել է լույսից, հայտնվելով պատից ընդամենը 30-50 սմ հեռավորության վրա։ Մ. Իշխանի դպրոցին դարձյալ պատկից (Բուզանդի 107) ցցվել են նորակառույցի ցցասյուները… Սիրտս ցավում է երեխաների համար, Աստված մի արասցե, բայց երկրաշարժի դեպքում Սարյան 23-ի 9 հարկանի շենքը փլվելու է թիվ 29 դպրոցի վրա, Բաղրամյան 53-ի 14 հարկանին՝ 78-րդ դպրոցի վրա, Թումանյան փողոցի շենքը՝ Շահումյան դպրոցի վրա: Մի նոր բարձրահարկ էլ խոյանում է Լեւոն Շանթի անվան դպրոցի վրա:Նույնիսկ հակահրդեհային գոտիներ չեն թողնվել, որպեսզի փրկարարները կարողանան մոտենալ շենքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել