Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻՑ ԱՎԵԼԻ՝ ԻՆՏՐԻԳՆԵՐ

Դեկտեմբեր 17,2008 00:00

\"\"Երեկ ֆուտբոլի «Արարատ» թիմի արդեն նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել:

«Այս ասուլիսին գիտեմ, որ սպասում էին թե մասնագետները, թե մարզասերները եւ թե ֆուտբոլով հետաքրքրվողները,- ասաց նա:- Բայց ես նպատակահարմար գտա այս ընթացքում լռել, սառը գլխով վերլուծել ամեն բան եւ միայն դրանից հետո արտահայտվել: Ցանկանում եմ, որ դուք էլ իմ ամեն մի խոսքը ճիշտ ներկայացնեք:

«Արարատի» ֆուտբոլիստները եւ մարզիչները ծանր եւ հագեցած մրցաշրջան անցկացրին՝ Հայաստանի առաջնությանը երկար սպասված ինտրիգ մատուցելով: Նվաճեցինք գավաթը եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ճանապարհ հարթեցինք, առաջնությունը «Փյունիկի» հետ եզրափակեցինք, առաջին տեղը բաժանելով, որի համար նշանակվեց «Ոսկե խաղ»: Դրա համար շնորհակալություն եմ հայտնում տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր կռեցին այս հաջողությունը: Բայց «Արարատի» տերերն այստեղ ունեն փտած գլուխներով իրենց խորհրդատուները, որոնց լսելով, «Ոսկե խաղից» հետո Հայաստան գալով, ոչ թե առաջին հերթին այցելում են տղաներին ու թիմի մարզիչներին, այլ գնում են հանդիպելու Արկադի Անդրեասյան կոչեցյալի հետ: Նրանց չի հետաքրքրում, թե այս ամենը ամիսներ շարունակ աշխատավարձ եւ խոստացված պարգեւատրումները չստանալու պայմաններում ինչպե՞ս է ձեռք բերվել, ես եւ մյուս մարզիչները ամեն մարզումից ու խաղից առաջ ինչպե՞ս ենք ձեւ անելով կարողացել հիասթափված ֆուտբոլիստներին խնդրելով, բարկանալով, հայհոյելով, անգամ խաբելով համոզել կատարել իրենց պարտականությունները: Ավելին, նրանք անգամ տղաներին մի շնորհակալություն չհայտնեցին: Այնպիսի մթնոլորտ էր՝ ասես թիմը ոչ թե չեմպիոնությունը զիջել է միայն «Ոսկե խաղում» եւ արժանացել արծաթե մեդալի, նվաճել երկրի գավաթը, այլ բարձրագույն խմբից դուրս է մնացել: Պաշտոնապես հայտարարում եմ եւ խնդրում իմ անունից գրել: Առաջնության ավարտին հրավիրված մամուլի ասուլիսին ես չեմ մասնակցել, որովհետեւ նպատակը ոչ թե հայկական ֆուտբոլն էր, առկա հոգսերը, այլ ֆեդերացիային եւ դրա ղեկավարին վատաբանելը»: Վարուժան Սուքիասյանը ասուլիսի ավարտից հետո խնդրեց անպայման մարզասերներին փոխանցել նախ «Արարատ» ակումբի տերերի իր առջեւ դրած խնդիրները, որոնք ինքը, բնականաբար, չի կատարել. «Մեդալ մեզ պետք չի: Ֆեդերացիայի հետ կոնֆլիկտներ են հարկավոր: Եվ երկրորդ, ֆեդերացիայի նախագահը իրեն, որպես նաեւ երիտասարդական հավաքականի մարզչի, առնվազն երեք անգամ անձամբ ասել է, որ երբ «Արարատի» ղեկավարները Հայաստան գան, ինքը նրանց կհրավիրի: «Զրուցենք ու սառույցը հալեցնենք»: Բայց «Արարատի» տերերը հրաժարվել են ընդառաջ քայլ անել:

Վարուժան Սուքիասյանը նաեւ ասաց. «Արարատում» Սեմյոնով ազգանունով ինչ-որ մենեջեր կա, որը հայտնի ասուլիսում հայտարարել է, թե ֆեդերացիայի նախագահը «Ոսկե խաղից» հետո իրեն, իբր, ապտակել է: Նույն օրը անձամբ զանգել եմ իրեն ու հարցրել, որ այդպիսի լուրեր են պտտվում: Դրանք ճի՞շտ են: Նա պատասխանել է, թե նման բան չկա, չի եղել: Բայց հաջորդ օրը լրատվամիջոցներին հակառակը հայտարարեց: Այդ ինչպե՞ս եւ ովքե՞ր մի գիշերվա մեջ նրան համոզեցին: Ես երբեք նման ինտրիգների չեմ մասնակցել»,- եզրափակեց «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչը:

Տեղի սղության պատճառով ասուլիսի մի զգալի մասը ներկայացնել հնարավոր չէ: Բայց հնարավորության դեպքում դրանք կհրապարակենք առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել