Լրահոս
Օրվա լրահոսը

Աղամյանը «վերարտադրվեց»

Դեկտեմբեր 17,2008 00:00

Երեկ շարունակվեց ՀՀ նկարիչների միության 17-րդ կամ, անդամներից մեկի բնորոշմամբ՝ «սվաղչիների» համագումարը: Հարցերից եւ ելույթներից հետո առաջադրվեցին նախագահի թեկնածուները: Սկզբում նրանց թիվը 4-ն էր՝ Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթանյանը եւ Ռոբերտ Այվազյանը: Սակայն վերջին երկուսը ինքնաբացարկ հայտարարեցին: «Առավոտը» Ա. Աթանյանից հետաքրքրվեց՝ ո՞րն էր պատճառը: «Դահլիճում տիրող մթնոլորտից պարզ դարձավ, որ չեմ անցնի: Կա մի տեսակ վախի մթնոլորտ հենց Կարեն Աղամյանից: Նա կոմսոմոլի նախկին աշխատող է եղել,… մինչեւ վերջ այդպես էլ չեմ հասկանում, թե իրականում ով է: Չեմ ուզում նրա անվան հետ ամեն ինչ կապել, բայց չի բացառվում, որ նա ընտրվի 3-րդ անգամ»,- պատասխանեց զրուցակիցս: Ա. Աթանյանը նախագահի ընտրության ավարտը չի համարում գործողությունների վերջնակետ. «Միության նոր կանոնադրությունը անվավեր ճանաչելու մասին պահանջի առնչությամբ դատարանը վարույթ է ընդունել: Չի բացառվում, որ դատարանն անօրեն ճանաչի այս ամենը: Թե չէ՝ կանոնադրություն խախտող մարդը նորից դառնա նախագա՞հ: Դահլիճում նստած մարդկանց ասում ես, թե Աղամյանը Նկարիչների միության շենքը ապօրինաբար նվիրատվություն է արել, չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը»: Նախագահի թեկնածուներին դահլիճում հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը: Ի տարբերություն Աղամյանի՝ Հ. Շահումյանը դա ներկայացրել էր նաեւ նախընտրական բուկլետի տեսքով: Ընտրվելու դեպքում Հ. Շահումյանը պայմանագրային հիմունքներով մարզերի հետ համագործակցելու է, կապեր է հաստատելու միջազգային կազմակերպությունների, ֆոնդերի հետ, միությանը կից բացելու է մշտական գործող նկարների ցուցադրման եւ վաճառքի պատկերասրահ՝ Նկարիչների միության թողարկած սերտիֆիկատով եւ այլն: Իսկ Կ. Աղամյանը խոստանում է վերացնել «թայֆայությունը», վերադարձնել նախկին միության կարգավիճակը եւ այլն: Միության անդամ Անատոլի Գրիգորյանը Աղամյանին խնդրեց հիշեցնել, թե նախորդ ընտրության ժամանակ խոստացածներից ի՞նչն է ի կատար ածել: «Մեզ հատկացված ժամկետի կեսից ավելին հատկացվել է շինարարությանը: Բայց ես լուծել եմ նկարների արտահանման հարցը.… հարցեր տվեք՝ պատասխանեմ»,- չկարողացավ երկար «ձգել» Կ. Աղամյանը: Այդ ծեսից հետո էլ բարձրաձայն ընթերցվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամների անունները, որից հետո դահլիճին ընտրության հնարավորություն տրվեց: Համագումարի մասնակիցները դժգոհեցին, թե նրանցից շատերին չեն ճանաչում, ուստի թող բեմ բարձրանան: Բայց այդպես էլ դա չեղավ: Հ. Շահումյանը մտավախություններ ունի. «Չեմ ուզում չարախոսել, բայց մեր երկրում ինչ ասես՝ չի կատարվում: Այսօրվա համագումարում տեսա, որ մարդիկ մի տեսակ հավատ ունեն, դա ինձ հույս է ներշնչում: Եթե չընտրվեմ՝ ողբերգություն չի լինի, ուղղակի չեմ կարող օգտակար լինել միությանը ու վստահ էլ չեմ, որ այն մարդիկ, որոնք 10 տարի ոչինչ չեն արել, հիմա ինչ-որ բան կանեն»:

Հ. Գ. Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ երրորդ անգամ Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել