Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Դեկտեմբեր 18,2008 00:00

\"\"Փորձաքննության ենթարկվեց անգամ ծածկոցը

Այս տարվա հունիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնտեսական մասի հերթապահ էլեկտրիկ Հրաչ Գրիգորյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հայտարարություն է տվել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում են գործել: Նա ոստիկաններին հայտնել էր նաեւ, որ մայիսի 9-ին բուժկենտրոնի տնտեսական մասի աշխատակիցները «փոխհամաձայնեցված», «օղու եւ թունավորված հանքային ջրի, պարանի միջոցով», վրան գցելով մահճակալի ծածկոցը՝ իրենից «վերցրել» են սենյակի բանալին, «թալանել» դրամապանակը՝ 239.000 դրամ պարունակությամբ, կոշիկները, 2 արծաթե մատանին, «ՎՏԲ»-ի եւ «Հայէկոնոմբանկ»-ի պլաստիկ քարտերը՝ անձնագրի հետ միասին: Ըստ այդ հայտարարության, մայիսի 10-ին գործընկերները բերում են թաղային երկու հեղինակությունների, իրեն են հանձնում սենյակի բանալին, բանկային քարտերը, անձնագիրը, 200 դոլար ու 20.000 դրամ: Էլեկտրիկը իր մոտ եղած գումարի չափի հետ կապված տեղեկացրել էր, որ այն իր հանգուցյալ կնոջ գերեզմանաքարի գումարն է: Էրեբունու ոստիկանության քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, վարույթն իրականացնում է քննիչ Է. Արամյանը:

«Իմ հայտարարությամբ, սակայն, ոչ թե պատժի ենթարկեցին՝ ինձ թունավորման միջոցով կողոպտելու համար, այլ իբր ես սուտ մատնություն եմ արել»,- Երեւան քաղաքի դատախազին ուղղված նամակում գրում է բուժկենտրոնի արդեն նախկին աշխատակիցը:

«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կողոպուտ կատարելու գործով» հայտարարություն տվողի՝ Հ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: Հարցաքննվում են բուժհիմնարկի այն աշխատակիցները, որոնք, ենթադրյալ, ծածկոցն էին գցել Հրաչ Գրիգորյանի վրա, ստուգման է ենթարկվում նաեւ ծածկոցը՝ «թմրամիջոցի հետքեր հայտնաբերելու ուղղությամբ», վերծանվում են բժշկական կենտրոնի տնտեսական մասի հեռախոսահամարները: Վերջինի հետ կապված, քննիչը հանգում է այն եզրակացության, որ «հեռախոսահամարի վերծանումները նպատակահարմար չեն եղել, քանի որ այդ գործողությունը կապ չունի քրեական գործի հանգամանքների հետ»:

Իբրեւ վկա հարցաքննված բուժկենտրոնի աշխատակիցները նախաքննության մարմնին հայտնել էին, որ «Հ. Գրիգորյանի կողմից գումարներ կորցնելու» մասին տեղեկություններ չեն ունեցել, ավելին, նրանք խղճահարությամբ են լցվել, երբ իմացել են, որ գումար է կորցրել: Այդ պատճառով Գրիգորյանին որպես աշխատանքային ընկեր գումար են տվել:

Հարուցվում է քրեական գործ՝ սուտ մատնության համար:

Երեկ 225 էջանոց քրեական գործի նյութերը 6 էջանոց մեղադրական եզրակացությամբ ուղարկվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, առաջադրված մեղադրանքը չի ընդունել բարձրագույն կրթությամբ 52-ամյա էլեկտրիկը, նա նախաքննության ժամանակ նաեւ «Առավոտին» ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ոստիկանության բաժնին տված իր հաղորդումը համապատասխանում է իրականությանը: Նա զգուշացվել է եւ տվել ստորագրություն սուտ տեղեկության համար պատասխանատվության ենթարկվելու մասին: Այս պատմության մեջ տարօրինակ է նաեւ մայիսի 9-ին կատարվածի մասին հուլիսի 5-ին հայտարարություն տալը: Հ. Գրիգորյանն ասում է, որ աշխատանքային ընկերները խոստացել էին «ամբողջությամբ վերադարձնել հափշտակած գումարները» եւ իրերը, եւ քանի որ նրանք խոստումը չեն կատարել, ինքը դիմել է ոստիկանություն: Վկաները (9) խոստովանել են, որ խմել են օղի, միասին նշել «Հաղթանակի օրը», իսկ Հրաչը նրանցից մեկին գումար է տվել՝ ծխախոտ գնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել