Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարություն ենք քարոզում»

Դեկտեմբեր 18,2008 00:00

\"\"Հարցազրույց «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանի հետ

«Պատկոմ», «Պատկոր», «Հոկտեմբերիկ», «Պիոներ» եւ, վերջապես, «Աղբյուր»: Այս անվանումներով մանկապատանեկան ամսագիրը, որ «ծնվել» է 85 տարի առաջ, տպագրվում է մինչ օրս:

– Ովքե՞ր էին «Աղբյուրի» հիմնադիրները:

– Հիմնադիրների շարքում, իհարկե, եղել են ճանաչված մարդիկ, բայց ամենաանվանին Եղիշե Չարենցն էր: «Աղբյուրի» խմբագրության աշխատանքները գլխավորել է Անահիտ Սահինյանը, հետո՝ Պերճ Զեյթունցյանը, ու շուրջ 20 տարի է՝ խմբագիրը ես եմ:

– Հոբելյանական տարվա շրջանակներում միջոցառումներ նախատեսո՞ւմ եք:

– Մենք անպայման հոբելյանը կտոնենք ամսագրի եւ, երեւի թե, Գրողների միության շրջանակներում: Միության նախագահը խոստացել է, որ կօգնի՝ հոբելյանը պատշաճ ձեւով նշելու համար:

– 85 տարվա ընթացքում «Աղբյուրի» տպագրման ձեւաչափը գրեթե չի փոխվել, իսկ բովանդակությո՞ւնը:

– Ժամանակին եղել են դեպքեր, որ, ասենք, ապրիլի 22-ի համար Լենին պապիկի նկարն ենք դրել…… Այն ժամանակվա խմբագիրները պարզապես փորձում էին հարաբերությունները չփչացնել ղեկավարության հետ: Եղել ենք եւ մնում ենք երեխաների գեղագիտական դաստիարակներից մեկը, փորձում ճաշակով գրականություն մատուցել, բարոյականության սկզբունքներ սերմանել: «Աղբյուրը» միշտ եղել է բարության գաղափարակիրը…

– Իսկ ի՞նչ քննադատություններ եք լսում:

– Մեզ հաճախ ասում են, որ ժամանակակից չենք: Այդ թեմայով մի բանավեճ էլ մեր կոլեկտիվում եղավ: Մենք չենք ներկայացնում այսօրվա աստղերին, քանի որ, կարծում ենք՝ ժամանակն է որոշում աստղերին:

– Ամեն օր նոր ամսագիր է «լույս աշխարհ» գալիս: Ունե՞ք մրցակիցներ:

– Զանազան մանկապատանեկան թերթեր, ամսագրեր են տպագրվում, երբեմն մարդկանց թվում է, թե սա նյութական առումով օգտաբեր գործ է:

Իրականում ամսագրի օգուտը մենք տեսնում ենք տարիներ հետո, երբ մեզ մոտ իրենց գործերը տպագրած երեխաները դառնում են լավ արվեստագետներ ու լրագրողներ… Չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մեկը «Աղբյուրին» մրցակից է համարում: Մենք եթե մրցում էլ ենք, ապա միայն նյութերով: «Աղբյուրում» երբեք չեք հանդիպի ինտերնետից վերցրած պատահական նյութերի, մենք ստեղծում ենք հեղինակային նյութեր:

– Այսօր ովքե՞ր են գրում «Աղբյուրում»:

– Մեզ մոտ տպագրվում են թե՛ երեխաների, թե՛ գրողների ստեղծագործություններ, էջեր ենք հատկացնում նաեւ թարգմանչական գրականությանը:

– Ինչպիսի՞ն է ձեր եւ ընթերցողի կապը…

– Հիմնականում դրական արձագանքներ ենք ստանում: Երբեմն զարմանում ենք, որ արտերկրից զանգեր են լինում, թե, ասենք, այս համարի նյութերը հաջողված են: Մի խոսքով, տպագրում ենք այն, ինչը մնայուն է, արժեք կարող է դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031