Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԵԼ ԵՆ, ՈՐ ՊԱՏԺԵՆ

Դեկտեմբեր 18,2008 00:00

«Բջնի» գործարանը փակելով՝ նպատակ կար պատժել դրա սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին՝ իր քաղաքական հայացքների համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ. «Բջնիի» փակումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի, ոչ թե տնտեսական: Եթե տնտեսական լիներ, վաղուց այդ հարցը բարձրացված կլիներ, քանի որ «Բջնին» առաջին տարին չէ, որ գործում է: Քաղաքական ենթատեքստն էլ պարզ է՝ «Սիլ գրուպ»-Խաչատուր Սուքիասյան-ընդդիմություն-Լեւոն Տեր-Պետրոսյան»: Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ եթե անգամ «Բջնիում» խնդիր կար եւ գործարանը պետությանը պարտք էր, ապա կարելի էր կամ կառավարումը վերցնել, կամ ուղղակի ֆինանսական հոսքերին տիրապետել եւ այդ առաջացած գումարները տանել բյուջե: Թե ինչպե՞ս է «Բջնիի» փակվելն ազդել երկրի տնտեսության վրա, Վ. Խաչատրյանն ասաց. «Գործարանում աշխատել է մոտ 500 մարդ, 70-80 միլիոն դրամ հարկեր է վճարել, ենթակառուցվածքներ են աշխատել մարզերում, որն այժմ չկա: Արդեն 2-րդ ամիսն է, որ մարդիկ մնացել են առանց աշխատանքի»:

Հանդիպմանը ներկա ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով էլ՝ կարելի էր գործարանի նկատմամբ սկսել սնանկացման գործընթաց, որի նպատակը ձեռնարկությունը վերացնելը չէ, այլ առողջացնելը: Ա. Մինասյանի կարծիքով, «Բջնիի» փակումն, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստ ունի. «Հնարավոր է տնտեսական հիմքը կա, բայց ես չեմ բացառում, որ այն ուղղակիորեն կապվում է նաեւ քաղաքական գործունեության հետ: 1991-ից սկսած, դա մեր երկրում առկա ամենավատ երեւույթներից է, երբ քաղաքական հարթության մեջ որեւէ խնդիր բերում է նաեւ տնտեսական վերաբաշխումների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել