Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻՆԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԳԱՊԱՀ ԵՆ»

Դեկտեմբեր 19,2008 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հետ

– Պարոն դեսպան, ԱԺ նախագահի եւ հայ համայնքի հանդիպման ժամանակ ակնհայտ էր, որ շատ քիչ մարդ էր հավաքվել, արդյո՞ք այդքան փոքրաթիվ է հայ համայնքը Չինաստանում:

– Հայ համայնք, որպես այդպիսին, ինչպես մենք ենք պատկերացնում, Չինաստանում չկա: Պեկինում շուրջ երեսուն-քառասուն հայ է ապրում, որոնց մեծ մասն ավարտել է տարբեր համալսարաններ, ասպիրանտուրա կամ դոկտորանտուրա, մի մասը դեռ շարունակում է սովորել, մյուս մասը աշխատում է: Հայաստանն ունի ուսանողական փոխանակումների միջկառավարական պայմանագիր Չինաստանի հետ, ըստ որի՝ ամեն տարի Չինաստանի համալսարաններում սովորում են հայերը, Հայաստանում էլ՝ չինացիները: Մասնագիտությունները ընտրում ենք մենք:

– Երբ ԱԺ նախագահին խնդրեցի թվարկել երկու հիմնական հատկանիշները, որոնցով, ըստ նրա, տարբերվում են հայերն ու չինացիները, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ տարբերվում ենք արտաքինով եւ քանակով: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ ենք տարբերվում մենք չինացիներից:

– Դժվար հարց է, որովհետեւ ժողովուրդներին բնութագրելն ընդհանրապես դժվար է: Չինացիներն ավելի կարգապահ են, պետությունը եւ պետականությունը ավելի հարգող ժողովուրդ են: Օրենքները ավելի շատ են պաշտում, քան հայերս: Ցավոք, մեզ մոտ այդ մշակույթը դեռ չկա՝ հարգել պետությունը՝ բոլոր խորհրդանիշներով եւ օրենքներով: Երեւի դա նաեւ պատմությունից է գալիս, որովհետեւ չինացիները դարերով պետություն են ունեցել, բավական հզոր պետական կառույցներ:

– Որպես դիվանագետ՝ Ձեր աշխատանքի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

– Դրսից մարդ ավելի սուր է զգում բոլոր անախորժ իրադարձությունները կամ ներքաղաքական ոչ սահուն ընթացքը: Ես ամեն օր կարդում եմ հայաստանյան մամուլը՝ եւ իշխանական, եւ ընդդիմադիր, այսինքն՝ ամեն օր լավ տեղեկացված եմ լինում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մենք դրսում շատ սուր ենք ընկալում մեր երկրում կատարվող բոլոր իրադարձությունները, բնականաբար, որպես պետության ներկայացուցիչ, մենք շատ կուզենք, որ ամեն ինչ լինի ավելի հանգիստ եւ կայուն, մենք իմանանք ինչ ենք անում եւ անենք, ինչ որ պետք է անենք մեր պետության, մեր երկրի համար, որովհետեւ մենք ներկայացնում ենք պետությունը, ոչ թե ընդդիմությանը կամ դիմությանը:

– Մեր փոքրաթիվ լինելը եւ ՀՀ-ի մի անկյուն քշված լինելը չի՞ խանգարում այս հզոր պետության մեջ դեսպան աշխատելուն:

– Բոլորովին, մեր հանդեպ շատ հարգալից վերաբերմունք կա: Վերջապես՝ գոյություն ունի ՄԱԿ-ը, որտեղ ամեն մի պետություն ունի մեկ ձայն: Ինչպես մենք, այնպես էլ չինացիները ՄԱԿ-ում ունեն մեկ ձայն: Այնպես որ, մենք հավասար ենք:

– Որքանո՞վ է Ձեր դեսպան դառնալը կապված Ձեր եղբոր վարչապետ լինելու հետ:

– Տիգրան Սարգսյանը եղել է ֆինանսիստ-տնտեսագետ, ես զբաղվել եմ արտաքին հարաբերություններով դեռեւս 90-ական ներից, երբ ՊՆ-ում էի, արտաքին հարաբերությունների վարչությունում աշխատել եմ դեռեւս Վազգեն Սարգսյանի օրոք, եւ նա է ինձ նշանակել Չինաստանում Հայաստանի առաջին ռազմական կցորդ: Այդ ժամանակ Տիգրան Սարգսյանը դեռ չկար այդ բարձր պաշտոնին: Դրանից հետո նա նշանակվեց ԿԲ նախագահ: Երբ ՊՆ նախարար դարձավ Սերժ Սարգսյանը, որոշում կայացրեց ինձ ուղարկել ԱՄՆ: Նախագահն ինձ անձամբ ճանաչել է վաղուց եւ, կարծում եմ, գնահատելով աշխատանքս՝ ինձ նշանակել է դեսպան:

– Որպես ավագ եղբայր՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը:

– Իմ գնահատականը կարող է շատ սուբյեկտիվ լինել: Կարծում եմ՝ նա նոր մտածելակերպի վարչապետ է: Նա տարբերվում է նախկին վարչապետներից, նույնիսկ այլ երկրների ներկայիս գործող վարչապետներից: Ուզում է նորություններ մտցնել, նոր ձեւով կազմակերպել կառավարության աշխատանքը, կատարել վերափոխումներ, որոնք, ըստ էության, կարելի է հեղափոխական անվանել, թեպետ արվում են շատ էվոլյուցիոն ձեւով: Ամեն դեպքում արդյունքներով են գնահատում այս կամ այն պետական գործչի աշխատանքը: Կարծում եմ՝ լավ է սկսել, բայց միայն վարչապետը չի կարող անել այն, ինչ ծրագրում է: Պետք է ունենա եւ ունի նախագահի աջակցությունը, խորհրդարանի աջակցությունը, բայց, միեւնույն է՝ մենք պետք է փոխվենք: Եթե մարդիկ լավ չաշխատեն, վարչապետն ինչ ուզում է անի՝ չի կարող ունենալ այնպիսի արդյունքներ, որոնք մենք ակնկալում ենք:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան:

– Շատ լավ, իսկապես կարեւոր այց է, եւ կարեւոր է, որ մեր երկու երկրները ավելի արդյունավետ կապեր ունենան: Կարող է թվալ, թե ուղղակի պաշտոնական այց է, ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց եւ դրանով ավարտվեց: Բայց նման այցերի ժամանակ մարդիկ հնարավորություն են ունենում շփվել, ավելի լավ ճանաչել միմյանց: Եվ եթե խորհրդարանի ղեկավարը հանդիպում է Չինաստանի խորհրդարանի ղեկավարին, զուտ մարդկային առումով նույնպես ստացվում են լավ կապեր, շփումներ: Դա օգնում է չինացիներին լավ հասկանալ Հայաստանը եւ օգնում է մեզ՝ լավ պատկերացնել Չինաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել