Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարի հերթական «առեղծվածը»

Դեկտեմբեր 20,2008 00:00

Բազմիցս ենք ընթերցել, թե՝ նոտարական գրասենյակներում օրենքի ինչպիսի խախտումներ են կատարվում: Ակնհայտ երեւում է, որ, այսպես կոչված, «տանիքի» պատճառով՝ նոտարները մնում են անպատժելի:

Հայաստանյան նոտարների ապօրինությունների զոհը է՛լ ավելի հաճախ դառնում են սփյուռքահայերը, որոնք հեռավորության պատճառով պրոբլեմներ են ունենում՝ կապված ժառանգության ձեւակերպման հետ: Օրենքի նման մի կոպիտ խախտում էլ ժառանգության հարցով սեփական մաշկի վրա զգացել է Լոս Անջելեսում բնակվող Գ. Խաչատրյանը:

Երկար տարիներ Լոս Անջելեսում բնակվող Պերճ Պետրոսյանի կինը՝ Լուիզան, 2002թ. մահանում է: Մնալով միայնակ (ունի երեք տղա եւ մեկ «հարս», որոնք բնակվում են Լոս Անջելեսում), Պ. Պետրոսյանը, գտնելով կյանքի ընկերուհի՝ Գ. Խաչատրյանին, օրինական գրանցմամբ ամուսնանում է, որն էլ հետագայում առիթ է դառնում վեճերի: Պատճառը՝ Երեւանի Զարուբյան փողոցում գտնվող (նախկին Ամերիկյան դեսպանատան ետեւում) Պ. Պետրոսյանին պատկանող սեփական բնակարանն էր, որը տարիներ շարունակ դարձել էր կռվախնձոր՝ զավակների եւ հոր ընտանիքի միջեւ:

Տղաները, ունեւոր լինելով հանդերձ, հաճախ վիրավորում էին հորը, պահանջում, որ տունը կտակի իրենց, բայց նա չէր կտակում, քանի որ համոզված էր, որ իրեն չեն պահել մինչ այդ ու չեն էլ պահելու, եւ նա այն պահում էր իր նեղ օրվա համար:

2008թ. մայիսի 20-ին Լոս Անջելեսում, հիվանդանոցում, սրտի ծանր վիրահատությունից՝ մահանում է Պերճ Պետրոսյանը:

2008թ. նոյեմբերի 17-ին «Ժառանգության մասին» օրենքի համաձայն, վեցամսյա ժամկետից 3 օր առաջ, փաստաբան Վարդան Նիկողոսյանը, որին լիազորել էր Գ. Խաչատրյանը, դիմում է Կենտրոնի նոտարական գրասենյակ՝ ժառանգությունը ձեւակերպելու: Այն գրանցվել է 11.17.08թ. թիվ 5986 սեղանամատյանում:

Նոյեմբերի 20-ին, ըստ օրենքի, ժառանգության բացման սահմանված օրվանից եւ նոտարին դիմելուց հետո, Գ. Խաչատրյանը համարյա ամեն օր, մինչեւ դեկտեմբերի 7-ը, հեռախոսային կապ է ունեցել նոտար Նունե Սարգսյանի, նոտարի օգնական Աշոտ Ղազարյանի եւ իր փաստաբան Վարդան Նիկողոսյանի հետ: Հարցմանը պատասխանել են, որ բացի Գ. Խաչատրյանից՝ ուրիշ ժառանգատու իրենց չի դիմել: Այդ պատճառով նոտար Նունե Սարգսյանն իր աշխատանքն ամբողջացնելու համար Գ. Խաչատրյանի փաստաբանի միջոցով պատվիրված նամակ է ուղարկել միայն Պ. Պետրոսյանի փոքր տղային՝ Արթուր Պետրոսյանին, քանի որ միայն նա է գրանցված Զարուբյան 30/38 հասցեում:

2008թ. դեկտեմբերի 8-ին, «Ժառանգության մասին» օրենքը խախտելուց 18 օր անց, նոտարը հայտարարում է հետեւյալը, թե՝ «Պ. Պետրոսյանի տղաներից երկուսը՝ Ա. եւ Ա. Պետրոսյանները ամիսներ առաջ դիմել են ժառանգությունը բացելուն եւ ձեւակերպելուն»: Պարզվում է, որ տղաները դիմել են սեպտեմբեր ամսին եւ այն գրանցվել է թիվ 9418 սեղանամատյանում:

Արման եւ Արթուր Պետրոսյանները Երեւան են գնացել հոր մահից մեկ ամիս հետո՝ տունը «սեփականացնելու»՝ (Արթուրը 15 տարի չէր գնացել Երեւան): Սակայն նրանց դա չի հաջողվել:

Այդ ինչպես, ինչ ամսաթվով է փաստաբան հայտնվել՝ հաստատված լիազորագրով, որ նոտար Ն. Սարգսյանի հետ կարողացել են խախտել օրենքը եւ «խցկել» Ա. Պետրոսյանին ժառանգության մեջ՝ անհասկանալի է:

Նոտարական գրասենյակում հիշյալ նոտարների կողմից կատարվել են հետեւյալ խախտումները.

1. Ժառանգությունն ունի 2 սեղանամատյանի համար, որից մեկը՝ 9418-ը, կեղծ է, խցկված իրենց թաքուն բաց թողնված էջերում:

2. Գ. Խաչատրյանի կողմից վճարված կադաստրի տեղեկանքը, ստացված 23.10.08թ., օգտագործվել է նրանց սեղանամատյանի համարով, ինչպես գրվել է ժառանգության վկայագրում: Այսինքն՝ նոտարը ծաղկաքաղով է զբաղվել:

3. Գ. Խաչատրյանի փաստաբանը նոտար Ն. Սարգսյանի խնդրանքով կնքված-պատվիրված ծանուցագիր է ուղարկել փոստով (20. 11.08)՝ Զարուբյան 30, նշելով. «Արթուր Պետրոսյան, նշված 10-օրյա ժամկետում չներկայանալու դեպքում նոտարական գրասենյակ դիմած ժառանգին կտրվի ժառանգության իրավունքի վկայագիր, իսկ ձեր բաժինը բաց կթողնվի»:

Գ. Խաչատրյանը, եթե իրեն «համոզի», որ Պետրոսյան եղբայրները դիմել էին սեպտեմբերին, էլ ինչու էր նոտարը ծանուցում ուղարկում Արթուր Պետրոսյանին, ապա ինչու եւ ինչին էր սպասում նոտարը: Գուցե այս հարցին պատասխան տան Նունե Սարգսյանը, Աշոտ Ղազարյանն ու Պետրոսյանների կողմից վերջին օրը «հայտնված» Արթուր անունով փաստաբանը:

5. Ի վերջո, ինչո՞ւ են նոտարն ու նոտարի օգնականը 18 օր ուշացումով ձեւակերպել վկայագիր եւ առանց մյուս ժառանգների համաձայնության՝ ժամկետի ուշացումով, Արման Պետրոսյանին «խցկել» ժառանգության մեջ:

Դրան հավելենք, որ.

1. Կիսատ է գրվել Գ. Խաչատրյանի հասցեն՝ առանց շենքի համարի:

2. Պետրոսյանները, լինելով ԱՄՆ քաղաքացիներ, չի նշվել նրանց հասցեն, այլ՝ Զարուբյան 30, մի հասցե, ուր նրանք չեն ապրել մոտ 15 տարի:

Գ. Խաչատրյանը իր փաստաբանից դեկտեմբերի 12-ին էլեկտրոնային փոստով ստանալով վկայագիրը՝ կապ է հաստատել նոտար Ն. Սարգսյանի հետ, հարցնելով, թե ինչո՞ւ է ուշացումով բացել ժառանգությունը, վերջինս էլ պատասխանել է շատ կոպիտ. «Երբ կուզեմ՝ կբացեմ, կուզեմ վեց տարի հետո կբացեմ»:

Հ. Գ. Երբ պատրաստ էր նյութը, տեղեկացա, որ Գ. Խաչատրյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, դիմել է Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսություն՝ գլխավոր հյուպատոս Ա. Լիլոյանին՝ խնդրանքով, որ նա օգնի միջամտելու եւ չեղյալ համարելու Արման Պետրոսյանի անօրինական ձեւակերպված ժառանգությունը: Դիմումի պատճենը ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գործին ընթացք տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել