Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար տհաճ է»

Դեկտեմբեր 23,2008 00:00

Ալբերտ Բազեյանի համար գլխավոր խնդիրն իր ընկերների ազատ արձակումն է

Օրերս «Առավոտի» հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանն ասել էր, որ ինքը մասնակցելու է «7-ի» դատավարությանը՝ «եթե, իհարկե, դահլիճ մտնելու հնարավորություն լինի»: Ուրբաթ օրը մեկնարկած դատավարությանը Ալբերտ Բազեյանը չմասնակցեց. պատճառը տհաճ միջադեպն էր, որը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ: Մի խումբ կանայք հարձակվել էին պարոն Բազեյանի վրա՝ հայհոյախառն եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին, «դավաճան» որակել նրան, ընդհուպ՝ քաշքշել էին: «Իմ ընկերների համար, ինչ որ իմ սիրտը թելադրում է, դրանով սատար կկանգնեմ նրանց: Մնացած հրապարակային բաներին չեմ մասնակցի, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այդ ամենը: Ոչ էլ ցանկություն ունեմ այդ մասին խոսելու»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանը: Նրան վիրավորել են մամուլի որոշ հրապարակումներ եւս, որոնցում իրեն մեղադրում են «ազատամարտիկ ընկերներին դավաճանելու մոլեգին սովորության» համար: «Ի՞նչը նկատի ունեն,- հարցնում է մեր զրուցակիցը:- Ժամանակին գրում էին, իբր «Ոգու փորձությունը» Սերժ Սարգսյանն է ստեղծել. բա ինչո՞ւ «Ոգու փորձությունը» չպաշտպանեց Սերժի թեկնածությունը: Իբր մենք Սերժի հրամանով «Երկրապահն» ենք պառակտում… ես այս ամեն ինչից զզվել ու հոգնել եմ: Ամեն մեկը թող իր խղճով դատի: Իմ կողմնորոշումը եղել է, որ հասարակական կառույցին քաղաքական գործընթացներում չխառնեն. իմ ընկերներն են, յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվել: Այս պահին էլ ինձ համար կարեւորն այն է, որ այդ տղաներն օր առաջ ազատ արձակվեն եւ վերադառնան ընտանիքների մոտ»:

Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանն այս հարցի առիթով միշտ հստակ եւ հաստատուն դիրքորոշում է հայտնել՝ չգովերգելով իշխանությանը եւ չպախարակելով իր ընկերներին: Թե մամուլի ասուլիսներում, թե տարբեր հարցազրույցներում Բազեյանը միշտ նշել է, որ իշխանությունը պետք է գնա համաներման ճանապարհով եւ օր առաջ ազատ արձակի կալանավորվածներին՝ այդպիսով մեղմելով հանրապետությունում առկա լարված մթնոլորտը: Նա նաեւ մշտապես ընդգծել է, որ պետք է հաշվի առնվեն կալանավորված անձանց մատուցած ծառայությունները Հայաստանի Հանրապետության կայացման գործում, արցախյան պատերազմում, ու գոնե փոխվի կալանքի տակ գտնվողների խափանման միջոցը: Մեր տեղեկություններով, նա նաեւ անձնական կապերն օգտագործելով՝ փորձել է ինչ-ինչ հարցեր հոգալ իր կալանավորված ընկերների համար, ինչպես նաեւ քանիցս այցելել է նրանց բանտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել