Լրահոս
Օրվա լրահոսը

Միջկուսակցական համագործակցություն

Դեկտեմբեր 23,2008 00:00

Դեկտեմբերի 19-ին Կիեւում համաձայնագիր ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» միջեւ միջկուսակցական համագործակցության մասին: Համաձայնագրում կարեւոր նշանակություն տալով Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինա Պետության միջեւ բարեկամության, փոխըմբռնման եւ գործակցության ավանդական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ընդունելով բարեկամական եւ փոխշահավետ կապերի զարգացման համար միջկուսակցական համագործակցության կարեւորությունն ու արդիականությունը, ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով, հաստատելով իրենց նվիրվածությունը բազմակուսակցականության՝ իբրեւ ինքնիշխան պետությունների քաղաքական համակարգերի ժողովրդավարական զարգացման հիմքին նվիրվածությունը եւ հաշվի առնելով կողմերի գաղափարախոսական ընդհանրությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինա Պետության միջեւ միջկուսակցական եւ միջխորհրդարանական գործակցության զարգացմանը քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտական եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանն աջակցելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են արտահայտել ակտիվացնել երկկողմ գործակցությունը եւ կանոնավոր կերպով փոխանակել պատվիրակություններ, տեղեկատվություն ընթացիկ գործունեության եւ կուսակցական շինարարության փորձի մասին:

Ինչպես արձանագրված է համաձայնագրում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» ղեկավարները կարեւոր են համարել գործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ համաժողովների շրջանակներում, որտեղ ներկայացված են իրենց ներկայացուցիչները կամ պատվիրակությունները: Ցանկալի է համարվել, ըստ հնարավորության, նախապես քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ միմյանց դիրքորոշումները համաձայնեցնելու եւ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված փոխգործակցության ռազմավարությունը մշակելու նպատակով: Համաձայնագիրը նախատեսում է, որ հանդիպումների եւ խորհրդատվությունների ժամկետները, դրանց մակարդակն ու քննարկման դրվող հարցերը կողմերը կորոշեն նախապես:

Համաձայնագիրը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը, որն անցել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, ներկա են եղել երկու կուսակցությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ուկրաինական խորհրդարանի պատգամավորներ:

Դեկտեմբերի 19-ին Կիեւում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանն ու Վիկտոր Յանուկովիչը քննարկել են նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառած բացասական հետեւանքները հնարավորինս նվազեցնելու խնդիրները: Բանակցությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդները որոշել են երկխոսության հետագա խորացման ուղիները՝ հայ-ուկրաինական կապերի ամրապնդման նպատակով:

Դեկտեմբերի 21-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել