Լրահոս
Օրվա լրահոսը

2008-Ը ԲԱՑԱՌԻԿ ԷՐ

Դեկտեմբեր 23,2008 00:00

\"\"Քաղաքապետը երեկ ամփոփեց անցնող տարին

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008 թվականը բացառիկ է համարում այն առումով, որ վերջին 20 տարիների ընթացքում այս ծավալի քաղաքաշինական ծրագրեր չէին իրականացվել: Իսկ տարվա ամենակարեւոր եւ հիշարժան իրադարձությունը մայրաքաղաքի կյանքում, ըստ պարոն Զախարյանի, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային բազմամակարդակ հանգույցի շինարարությունն է: Ի դեպ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակիցն էլ, իբրեւ քաղաքացի եւ վարորդ, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին այդ ճանապարհի համար եւ ասաց. «Ժողովուրդը դրան ասում է Զախարյանի պողոտա»:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետը մեկ անգամ եւս կարեւորեց մայրաքաղաքի փողոցների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների վերակառուցման եւ բարեկարգման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները՝ Հերացի-Սարալանջ-Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղին, Հերացի-Խորենացի փողոցները միացնող ճանապարհը, Սարալանջի մայրուղու շարունակությունը եւ Ռիգայի փողոցի ամբողջական վերակառուցումը, Աբովյան փողոցից Մյասնիկյան պողոտայի տրանսպորտային հանգույցի կառուցումը, նախորդ տարի սկսված՝ Հերացու փողոցից մինչեւ Խորենացի՝ շրջանային կատեգորիայի մայրուղու կառուցումը, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային բազմամակարդակ հանգույցի շինարարությունը, Տիգրան Մեծի եւ Խանջյան փողոցների խաչմերուկի վերակառուցումը, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկներում ստորգետնյա անցումի կառուցումը:

Շինարարության եւ բարեկարգման ոլորտում իրականացված ծրագրերից քաղաքապետը կարեւորեց նաեւ կամրջային կառուցվածքների վերականգնման ու ամրացման ծրագիրը, որի շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են Մյասնիկյան-Աճառյան փողոցների համար 1 եւ 2 ուղետարների ու Երեւան-Սեւան ավտոմայրուղու էստակադայի ամրացման աշխատանքները: Ամբողջությամբ ավարտվել են մայրաքաղաքի մի շարք փողոցների վերանորոգման, վերակառուցման ու ճաքալցման աշխատանքները, այդ թվում՝ Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների տրամվայի գծերի ապամոնտաժման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Վերականգնվել եւ ամրացվել են քաղաքի երրորդ աստիճանի վնասվածության՝ թվով 10 բազմաբնակարան վթարային շենքեր: Կառուցվել է երկու բազմաբնակարան շենք՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու նպատակով: Ավարտվել է նախորդ տարվա 4-րդ եռամսյակում սկսված բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման ծրագիրը, որի արդյունքում վերանորոգվել է 2464 վերելակ, իսկ 35-ը՝ փոխարինվել է նոերով։ Քաղաքապետը հորդորեց բնակչությանը հոգատարությամբ վերաբերվել վերանորոգված վերելակներին, ընդհանրապես՝ շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներին, քանզի դրանք բնակիչների սեփականությունն են:

Մասնավոր ներդրողների միջոցներով 2008 թվականին մեծածավալ իրացման եւ կառուցապատման աշխատանքներ են իրականացվել Երեւանի Կոնդ ու 33-րդ թաղամասերում, Պուշկինի այգուն հարող տարածքում: Որոշ համայնքներում մշակվել են գոտիավորման նախագծեր: Համաքաղաքային նշանակության ծրագրերի շրջանակներում Երեւանի 45 դպրոցների եւ 13 նախադպրոցական հիմնարկների համար կաթսայատներ ու ջեռուցման համակարգեր են կառուցվել: Վերանորոգվել է 8 դպրոց։ Մայրաքաղաքի 54 դպրոց վերանորոգվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, որոնցից 6-ի համար կառուցվել են անհատական կաթսայատներ: 11 դպրոց հիմնանորոգվել է ՀՍՆՀ-ի ծրագրով ու «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Միաժամանակ, 12-ամյա կրթության անցման կապակցությամբ, շուրջ 333.0 մլն դրամի դպրոցական գույք է տրամադրվել մայրաքաղաքի դպրոցներին:

Ընդհանուր առմամբ, քաղաքային ծախսերը 2008-ին կազմել են 168507, 6 միլիոն դրամ:

Քաղաքապետարանի այս տարվա բացթողումներից Երվանդ Զախարյանը առանձնացնում է աղբահանության խնդիրը: Նա հույս է հայտնում, որ 2009-ին այդ հարցը նույնպես իր հանգուցալուծումը կգտնի, քանի որ Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսված է կառուցել վերամշակող գործարան: Մինչեւ 2010թ. կբարելավվի նաեւ մայրաքաղաքի երթուղային ցանցը, ներկրված 103 ավտոբուսների թիվը կկազմի 150, միկրոավտոբուսների թիվը կնվազեցվի մինչեւ 650՝ ներկայիս 2400-ի փոխարեն, կհամալրվի նաեւ տրոլեյբուսային հավաքակայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել