Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւոտ ստվերով նկարիչը

Դեկտեմբեր 23,2008 00:00

Խաչիկ Ղարաբեկյանի հիշատակին

Կյանքի 69-րդ տարում վերջերս իր մահկանացուն կնքեց ճանաչված գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատել է Վանաձորի նկարչական դպրոցում, այնուհետեւ՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: Նա նոր տարրեր ներմուծեց բեմադրական նկարչության մեջ եւ զգալի դերակատարում ունեցավ Աբելյանի անվան թատրոնի դերն ու հեղինակությունը բարձրացնելու գործում: Ինչպես ժամանակակիցներն են փաստում, դերասաններն իրենց ազատ ու անկաշկանդ էին զգում նրա ձեւավորած բեմերում: Սակայն վարպետն ինքն սկսում է զգալ, որ բեմի հետ աշխատանքի արդյունքում իր կտավներում մեծանում է դեկորի դերը՝ ի հաշիվ գեղանկարչության: Եվ այդ շեղումից դուրս գալու համար նա գիտակցում է կենդանի բնության հետ շփվելու կարեւորությունը եւ առանձնատուն-արվեստանոց է կառուցում Ահնիձորում՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրում, գրողի տան դիմաց: Լոռվա բնաշխարի հետ սերտ շփումից վերածնվեց գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Ահնիձորի բնաշխարհը նոր խոսք ասաց գեղագետի աշխարհընկալման մեջ: Նա միայն իր ներկապնակին բնորոշ երանգներով գովերգեց Լոռվա բնաշխարհը, իսկ Մաթեւոսյանի Ահնիձորը ներկայացրեց իրեն բնորոշ խոհափիլիսոփայական հանդարտությամբ:

Խաչիկ Ղարաբեկյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել հայրենիքում եւ եվրոպական շատ երկրներում: 2007-ին Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ցուցասրահում ներկայացվեց նրա անհատական ցուցահանդեսը՝ 70 աշխատանքներով: Նույն թվականին կազմակերպվեց նաեւ Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես՝ երեք լոռեցի նկարիչների՝ Հրանտ Թադեւոսյանի, Նիկոլ Աղաբաբյանի եւ Խաչիկ Ղարաբեկյանի ստեղծագործությունների ներկայացմամբ: Ղարաբեկյանի կերտած սրբապատկերներն են զարդարում Վանաձորի եւ Սպիտակ քաղաքի եկեղեցիները:

Վարպետի ստեղծագործությունների վերջին ցուցահանդեսը կայացավ այս տարի, որը կրեց «Ինքնադիմանկար» խորագիրը եւ նկարիչն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Այս ստեղծագործությունների մասին դրամատուրգ, երգիծաբան, լրագրող Սամվել Խալաթյանն այսպես է արտահայտվում. «Պատահական չէ, որ հեղինակը խուսափել է դրանք հին ու ծեծված «Ինքնադիմանկար» բառով անվանել, այլ վերնագրել է «Նոյ», «Առաքելը», «Նկարիչը» «Դավիթ-Բեկ» եւ այլն: Չնայած եթե անգամ դրանք անվերնագիր լինեն եւ դիտենք այդ գործերը որպես արվեստագետի մտքի, ճաշակի եւ տաղանդի արգասիք, մեր դեմ հառնում են անհատապես տարբերվող անկրկնելի կերպարներ՝ իրենց կենսագրությամբ, խոհափիլիսոփայությամբ, հոգեբանությամբ ու կենսափորձով: Ինքնադիմանկարներում Խաչիկ Ղարաբեկյանը երկակի արտիստ է. մեկը՝ դիմանկարից հառնող կերպարի բուն ինքնությամբ, մյուսը՝ նկարիչ-գեղագետի երեւակայության ու ստեղծագործական տաղանդի դրսեւորումով»։ Գեղանկարիչ, Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ղարաբեկյանն այն արվեստագետներից է, որոնք մեր քաղաքում ստեղծեցին գեղանկարչական դպրոց եւ դեմք, ինչը չկար 30 տարի առաջ: Նա բնավորությամբ հանգիստ, մեղմ, ոչ կոնֆլիկտային մարդ էր, անգամ նրա ստվերի մեջ արեւ կար: Նրա աշխատասիրությանը նախանձում էինք շատերս։ Իր այդ հատկանիշներով ու ավյունով նա դեռ երկար ապրելու իրավունք ուներ, դրանից միայն կշահեր հայ գեղանկարչությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել