Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել եմ ազատ մեռնել»

Դեկտեմբեր 23,2008 00:00

Պնդում է դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը, թեեւ հնարավոր է համարում, որ հացադուլը դադարեցնի դեկտեմբերի 31-ին, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները:

Դեկտեմբերի 19-ին «Առավոտի» խմբագրություն զանգահարած «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ու դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանից հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր չէ ընդառաջելով Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի դեռ դեկտեմբերի 15-ին հղած հորդորին՝ դադարեցնել հացադուլը: «Ո՛չ, ցավոք, չեմ դադարեցնելու: Եվ նամակով, որն իրենց եմ ուղարկել փոստով՝ բացատրել եմ պատճառները»,- ասաց պրն Հացպանյանը:

Հիշեցրինք, թե հացադուլ էր հայտարարել որոշակի պահանջներ առաջադրելով, մասնավորապես՝ հեռախոսային եւ հարազատների հետ տեսակցության արգելքը վերացնելու վերաբերյալ, եւ այդ արգելքը վերացվել է: «Այո, այդ արգելքը վերացվել է դեկտեմբերի 17-ից: Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան որոշում է կայացրել, որ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արդեն արգելանք չկա,- ասաց պրն Հացպանյանը:- Բայց իմ այդ պահանջներն առաջադրել էի նոյեմբերի 28-ին, երբ եռօրյա հացադուլ հայտարարեցի՝ այդ արգելքների դեմ բողոքելով: Իսկ դեկտեմբերի 1-ից արդեն հայտարարեցի անժամկետ հացադուլ՝ 4 էջանոց պահանջներով, որոնք ուղարկել եմ թերթերից մեկին, ու մինչեւ հիմա չի հրապարակել: Դեկտեմբերի 1-ից սկսած իմ հացադուլը մի պահանջ ունի, եւ այն մինչեւ վերջ հետապնդելու եմ՝ բոլոր քաղբանտարկյալները Նոր տարին պիտի անցկացնեն իրենց տներում: Կարգախոսը սա է: Դեկտեմբերի 31-ին կդադարեցնեմ հացադուլը, եթե այս պահանջս կատարվի: Եթե ոչ՝ դեկտեմբերի 31-ին վերջնական որոշումս կառնեմ՝ հացադուլը եւ ջրադուլը մահադուլի վերածելու: Գնալու եմ մինչեւ վերջ՝ մինչեւ իմ սրտի վերջին բաբախը: Ես ընդհանրապես այս ամբողջ պայքարը համարում եմ ազատության համար: Եվ Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայում ասվում է, որ մարդը ծնվում է ազատ, ապրում է ազատ, մեռնում է ազատ: Ես երկու իրավունքներից արդեն օգտվել եմ՝ ազատ եմ ծնվել ու ապրել: Հիմա էլ ազատ մեռնելու իրավունքը ես եմ որոշում եւ ես որոշե՛լ եմ: Երբ Հայաստան եկա՝ ոչ ոքի չհարցրի՝ Հայաստան գնա՞մ, թե՞ չգնամ: Երբ գնացի Ղարաբաղ՝ էլի ոչ ոքի չհարցրի: Այսինքն՝ միշտ արել եմ այն, ինչ գիտակցությունս կամ խիղճս է ինձ թելադրել»:

Սարգիս Հացպանյանը, հիշեցնենք, Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեկտեմբերի 19-ի մեր այդ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց. «Այսօր ինձ է այցելել Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոթը: Այցելել է, որ տեսնի վիճակս, քանի որ 19-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ եմ: Փարիզում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցածը ես քննարկել եմ պրն հյուպատոսի հետ: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը շատ բացահայտ ասաց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ նրանք պետք է ազատ արձակվեն: Աշխարհի ամենահին քրիստոնյա պետությունը հանդիսացող Հայաստանի համար ամո՛թ է պարզապես 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալներ եւ մարդկանց հանիրավի զրկել ազատությունից: Եվ գրավոր ԱԱԾ-ին հայտնելու եմ, որ դեկտեմբերի 25-ից ջրադուլ եմ սկսելու, եթե քաղբանտարկյալներն ազատ չարձակվեցին»: Նա նկատի ուներ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին դեկտեմբերի 22-ին հղած իր դիմումը, որի մի օրինակը ստացանք երեկ:

8 ձեռագիր էջանոց այս դիմումում Սարգիս Հացպանյանն ԱԱԾ ղեկավարին հորդորում է ուսումնասիրել իր նամակը եւ պատասխանը գրավոր հայտնել մինչեւ դեկտեմբերի 25-ը. «Մինչ նշված թվականն ինձ նման ազատազրկված բոլոր քաղբանտարկյալների ազատությունը չապահովելու դեպքում՝ հենց 26 դեկտեմբեր 2008 թ.՝ ուրբաթ օրը լույս տեսնելիք թերթերից էլ կարող եք տեղեկանալ իմ «անժամկետ հացադուլիս» ջրադուլը ավելացնելու որոշումը կայացնելու բոլոր պատճառների՝ ձեզ ու ձեր քննչական բաժնի ունեցած տխրահռչակ բաժնեմասի մանրամասներին, որը ձեզ պատիվ չի բերի, այլ կարժանանաք ժողովրդի արդար ցասմանը»:

Դիմումի մեջ նա մասնավորապես բողոքել է, որ «մի հայտնի տեղից եկած հեռախոսազանգի ուժով» իր խափանման միջոցն ընտրվել է կալանքը. «Ես եթե ազատ լինեի, ի՞նչ պիտի անեի, որ ձեր «չկատարած» որեւէ աշխատանքին խոչընդոտեի, խանգարեի, այս կամ այն անեի, ձեզնից թաքցնեի, եւ այլն… Ով-ով, բայց գոնե դուք պետք է ինձնից էլ լավ իմանաք այն անհերքելի իրականությունը, որ ծեծե՛ս էլ, սպանե՛ս էլ՝ Սարգիս Հացպանյանն իր երկրից ոչ մի տեղ չի փախչի: Փախուստի դիմող լինեի՝ օդանավով Հայաստան չէի գա ու այստեղից ինձ դեռ 2008 թ. մարտի 10-ին իր տված «հրամանով» արտաքսել կարգադրած Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական հայց չէի ներկայացնի»:

Սարգիս Հացպանյանը նաեւ նշել է, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 3-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթում իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին հայտարարությամբ նույնպես կարող էր իր պես մեղադրվել սուտ մատնության համար, սակայն ԱԱԾ-ն նրա դեմ որեւէ գործ չհարուցեց: Հիշատակում է նաեւ մեկ այլ օրինակ. «Մեր հայրենի ԱԱԾ-ն ոչ մի գործ չի հարուցել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի դեմ, երբ նա 2007 թ. մայիսի 12-ին «Սերժիկի եղբայր Սաշիկի կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձ պատրաստված լինելու» առթիվ հայտարարություն է արել, առանց նույնիսկ նշած լինելու իր տեղեկատվության աղբյուրը: Բա անհարմա՞ր չի…»:

Վերջում նշենք, որ դեկտեմբերի 19-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում Սարգիս Հացպանյանը նույնքան մարտական ու բավական առույգ ձայնով էր խոսում, ինչպես միշտ: Հարցին, թե իրեն ինչպե՞ս է զգում՝ պատասխանեց. «Ֆիզիկապես եմ թուլացել: Ոգիս չի թուլացել: Նիհարել եմ ու պիտի նիհարեմ: Ջուր եմ խմում եւ շաքարաջուր էլ եմ ընդունում: Հացադուլի այս օրերի ընթացքում օրգանիզմս կարգավորեցի եւ պատրաստ եմ դեռ 10-15 օր շարունակել այն, եթե ջրադուլ չսկսեցի: Եթե սկսեցի՝ հավանաբար դեկտեմբերի 29-30-ը վերջին ժամկետը կլինի, եւ հնարավոր չի լինի, որ նույնիսկ խոսեմ: Արդեն մի քանի օր է՝ օրվա մեջ 12 ժամից ավելին անկողնային վիճակում եմ անցկացնում եւ ոտքի վրա գրեթե չեմ լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել