Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանխել հերթական բախումը Բեթղեհեմում

Դեկտեմբեր 24,2008 00:00

Հույն հոգեւորականները անպատասխան են թողնում իրենց հայ գործընկերների դիմումները բյուրոկրատական պատրվակներով:

Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 28-ին Իսրայելի Բեթղեհեմ քաղաքում սպասվող հերթական քրիստոնեական ծեսի ժամանակ, որը կոչվում է մաքրման տոն, սպասվում է հույն եւ հայ հոգեւորականների հերթական սկանդալը: Բախումը լինելու է տաճարի պատերը եւ հատակը մաքրելու շուրջ: Բեթղեհեմի տաճարում ամեն մի անկյուն կամ պատ արդեն «սեփականաշնորհված» է այս կամ այն եկեղեցու կողմից, այստեղ իրենց տեղերն ունեն նաեւ հայերը եւ հույները: Դեկտեմբերի 28-ին հոգեւոր հայրերը մաքրելու են իրենց բաժին տարածքը, եւ եթե նրանց հաջողվի ավելի մեծ տարածք մաքրել, ապա այդ մաքրած տարածքը եւս կդառնա տվյալ եկեղեցու սեփականությունը:

Նախորդ՝ նոյեմբերի 9-ի միջադեպից հետո ոչ մեր եկեղեցին եւ ոչ էլ իշխանությունները համապատասխան քայլեր, ըստ ամենայնի, չեն կատարել հերթական բախումը կանխելու նպատակով: Տարածաշրջանում ապրող հայ հոգեւորականները եւ աշխարհիկ մարդիկ իրենց այդ մտահոգությունն են փոխանցել նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանին, որը մեր թերթին տված հարցազրույցում դեռ նոյեմբեր ամսին էր զգուշացրել, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել այս կարգի բախումների դեմն առնելու նպատակով: «Առավոտի» հետ զրույցում պարոն Գրիգորյանը երեկ ասաց, որ իր տեղեկություններով, սպասվող ընդհարումը կանխելու նպատակով Իսրայելի իշխանությունների կողմից փորձ է արվել հանդես գալ միջնորդի դերում, հրավիրել երկու կողմերին, բանակցությունների պայմաններ ստեղծել: Հունական կողմը առաջարկել է պահանջներ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: Արդյունքում՝ իրավիճակը մնացել է նույնը:

Ցանկացանք հասկանալ, թե մեր իշխանությունները ինչպե՞ս կարող են հարթել իրավիճակը, ինչպե՞ս կարող են ազդել ստեղծված դրության վրա: Ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Դժվարանում եմ ասել, թե այս կարգի հարցերում դիվանագիտական կանոնները ինչպես են գործում, տեղյակ չեմ, ենթադրում եմ, որ հարցը պետք է քննարկվի ԱԳՆ-ում, համապատասխան մարմիններում, բայց որ միջամտել անպայման պետք է՝ անկասկած»: Մեր դիտարկմանը՝ գուցե ճիշտ կլինի, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խոսի Հունաստանի իր գործընկերոջ հետ, Արտակ Գրիգորյանը պատասխանեց, որ արդեն իսկ երկու անգամ գրություն է գնացել Հունաստանի պատրիարքարան, եւ երկու անգամ էլ այդ գրությունները ետ են եկել այն պատճառաբանությամբ, որ «տիտղոսները սխալ են գրված»: Մեր զրուցակիցը նկատեց, որ «հունական կողմը միշտ խուսափում է հարցը քննարկել: Այս պահին քանի որ թույլ օղակը մեր եկեղեցին է, հույներն իրենց բավական ուժեղ են զգում»: Խնդրի լուծումը պարոն Գրիգորյանը տեսնում է որեւէ չեզոք կողմի միջամտությամբ, մեր երկրի ԱԳՆ-ի առավել ակտիվ միջամտությամբ կամ անգամ ստվերային ինչ-ինչ կապերի օգտագործման շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031