Լրահոս
Օրվա լրահոսը

«Հսկայի» ծնունդը

Դեկտեմբեր 25,2008 00:00

ՀՅԴ ծննդյան 118-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ կուսակցություններ, սակայն չտեսանք ընդդիմադիր որեւէ կուսակցության լիդերի կամ ներկայացուցչի: «Առավոտը» հետաքրքրվեց՝ հրավիրվա՞ծ են արդյոք ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ ՀԱԿ-ը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հրավիրել ենք գրեթե բոլորին, հրավերը մեզ մոտ ավտոմատ է կատարվում»,- ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ կազմակերպական գրասենյակի պատասխանատու Արեգ Սավգուլյանը: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին հարցրինք՝ ինչո՞ւ է եկել ՀՅԴ տոնին: Ի պատասխան՝ հնչեց. «Պետք է դաշնակներն էլ ունենան իրենց օլիգարխը, եկել եմ, որ ունենան իրենց օլիգարխը»: Տեղից «Ավշարի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հայտարարեց. «Իրանք իրենցը ունեն»: Դաշնակցության ծննդին նվիրված միջոցառմանը ներկա էին Վարդան Օսկանյանը, Շավարշ Քոչարյանը, Խոսրով Հարությունյանը եւ մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ծավալուն խոսքում անդրադարձավ այն ամենին, ինչի մասին խոսում են դաշնակցականները նման հավաքների ժամանակ։ Ըստ Ա. Ռուստամյանի՝ ՀՅԴ-ն մասնակցեց նախագահական ընտրություններին որպես այլընտրանք, բայց «ժողովուրդը չփնտրեց Դաշնակցության այլընտրանքը եւ ընտրություն կատարեց նախկինի ու ներկայի միջեւ»։ Ըստ բանախոսի՝ նախկինները կատարեցին սխալներ, որոնց համար վճարեց ժողովուրդը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ չունեցավ, եւ ուզեցինք ճշտել, թե ինչո՞ւ հարազատ կուսակցության տոնին նվիրված միջոցառմանը չի խոսում կուսակցության լիդերը: Ներկայացնում ենք մեր կարճ զրույցը ընկեր Հրանտի հետ:

– Կուսակցության ծննդյան օրն է, ինչո՞ւ ողջույնի խոսք չեք ասում:

– Որովհետեւ այսօր որոշել ենք Արմենը խոսի:

– Ո՞վ է որոշել։

– Գերագույն մարմինը,- ծիծաղում է, հետո ավելի լուրջ ասում:- Ես այս առիթով տարբեր երկրներում խոսել եմ, եւ հարմար գտանք, որ հիմա Արմենը խոսի:

– ՀՅԴ դերակատարությունը կոալիցիայում քանի՞ տոկոս եք գնահատում:

– Դաշնակցության դերակատարությունը կոալիցիայում միանշանակ եւ ամբողջական չի, այսինքն՝ բոլոր հարցերում նույն չափի ազդեցություն չունենք: Սա բնական է, դա չի, որ մեր ժողովրդին անհանգստացնում է, ավելի շատ մտահոգում է՝ կարո՞ղ է մենք ազդվենք այս ամենից, վստահեցնում եմ, որ նման բան չի կարող լինել:

– Դա չի՞ խանգարում կուսակցական ծրագրերը իրականացնել:

– Մինչեւ հիմա օգնել է, բայց չի խանգարել:

– Երբ առաջին անգամ ՀՅԴ-ն մուտք գործեց Հայաստան, կարկառուն դաշնակցական Վարանդ Փափազյանը հայտարարեց. «Հսկան մտավ Հայաստան»: Այդ «հսկան» փոքրացե՞լ է, կամ նրա արածը հսկային վայե՞լ է:

– Տվյալ օրվա բանախոսի խոսելաոճն է եղել դա, ես նման բառեր չեմ սիրում գործածել, բայց որ ՀՅԴ-ն շատ էական դերակատարություն ունի հայկական իրականության մեջ, Հայաստանի մեջ՝ միանշանակ է: Հավանաբար չենք բավարարել սպասելիքը, որ ժողովուրդն ունի մեզանից: Բայց մենք մեզ չենք հակասել, մեզ հարազատ ենք մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել